Մեկնաբանություն

15.05.2014 14:32


Մի՛ խանգարիր. սա՛ պետք է լինի կառավարության կարգախոսը

Մի՛ խանգարիր. սա՛ պետք է լինի կառավարության կարգախոսը

Հայաստանում գործարար միջավայրի կայացման ու զարգացման հույժ կարևորության մասին անընդհատ խոսում են։

Խոսում են, ամպագոռգոռ հայտարարություններ անում, իսկ վիճակը գնալով վատանում է։

Եղել են առանձին ժամանակահատվածներ, երբ հանրապետության բիզնես միջավայրն իրականում զարգացման ուղու վրա էր, նույնիսկ տնտեսական աճի ցուցանիշով առաջիններից էր տարածաշրջանում և անգամ աշխարհում։ Բայց այսօրվա իրականությունը թաղել է անցյալի ձեռքբերումները։

Փոխարենը՝ հնից եկած խնդիրները լուծելն ու նախկինում արձանագրված դրականը խորացնելը, վերջին տարիներին գնացին ճիշտ հակառակ ուղղությամբ՝ լավը ոչնչացրին, վատը՝ խորացրին։

Փոքր ու միջին բիզնես Հայաստանում, ըստ էության, արդեն գոյություն չունի։ Պետությունն իր միջամտությամբ այն սպանեց։ Այժմ նույն վճռականությամբ աշխատում է խոշորի հետ։

Պետական միջամտություն կոչվածը վերածվել է բիզնեսի «քիլլերության»։ Հիմա հայտարարվում է, որ սահմանվում են խաղի հավասար կանոններ. պետությունն անելու է հնարավորինը՝ աջակցելու գործարար միջավայրի առաջխաղացմանը։ Ասելը՝ ասվում է, իսկ բիզնեսի գլխին շարունակում է կախված մնալ «խոշորին պետք է գլխից բռնել» սպառնալիքը։

Հայաստանի բյուջեն լուրջ խնդիրներ ունի. փող չկա։ Դա գիտեն բոլորը։ Լուծումը մեկն է՝ ներդրումների հոսք ապահովելու համար պետք է չմիջամտել գործարարությանը և ստեղծել նորմալ պայմաններ։

Հնարավոր չէ քիթդ անընդհատ մտցնելով ուրիշի դրամապանակի մեջ՝ ակնկալել դրական որևէ բան։ Ուզում եք օգնե՞լ բիզնեսին, հեռո՛ւ մնացեք նրանից։ Թե չէ, ստացվում է՝ ճաքած լապտերը ձեռքներիդ, պոկ չգալով, փորձում եք բացատրել, թե ինչ է լույսը։

Հայտարարվում է, որ պետությունը ցանկանում է օգնել գործարարությանը, իսկ բիզնեսի ջրերը կանգնում են։

Գործարար միջավայրի զարգացման ելքը մեկն է։ Եվ այն ամենից լավ գիտեն իրենք՝ գործարարները։ Պետք է նրանց չխանգարել։ Կապիտալը չի սիրում, երբ խանգարում են։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը