Կարծիք

16.05.2014 20:42


Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյան

«Երեքից հինգ հազար երեխա կարող է գտնվել փողոցում և փորձում ենք այս օրինագծով լուծում տալ»:

Այդ մասին իր ելույթում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահե Էնֆիաջյանը` «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ:

«Երեքից հինգ հազար երեխայի խնդիրը շատ լուրջ խնդիր է: Սա միայն կրթական խնդիր չէ, սա խորը հասարակական սոցիալական խնդիր է և կտրել փողոցից և կտրել անորոշությունից ապագայի հանդեպ, սա լուրջ խնդիր է, բայց արդյոք այս օրինագիծը լուծու՞մ է այս խնդիրը: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև, միևնույնն է, այդ երեխան չի գնալու դպրոց: Որպեսզի մենք կարողանանք այս խորքային խնդրի լուծումը գտնել, պետք է անել առավելագույնը, որ լուծումը լինի իրականության հետ համահունչ»,- ասաց Վահե Հովհաննիսյանը:

Խոսելով նաև այն մասին` քննարկումների ժամանակ օգտագործեցին գյուղերի խնդիրը. պատգամավորը հավատացնում է, որ Երևանի կենտրոնում վիճակը որևէ կերպ ավելի լավ չէ, քան գյուղերում` կլինի հեռավոր կամ ոչ այնքան:

«Խոսվեց սերնդային ազատության մասին, ես էլի եմ ասում` 21 -րդ դարում այս ազատությունների պայմաններում, իմպերատիվ որոշումներով մենք խնդիրը չենք լուծելու: Եթե երեխան ուզում է 15-16 տարեկանում աշխատել, եթե իրականությունը դա է ստիպում, նա չունի ցանկություն սովորելու, չունի հակումներ, ունի սոցիալապես անապահով ընտանիք և ունի աշխատելու ցանկություն, որ կարողանա իր ընատնիքը պահել երկու կոպեկ ինքը վաստակի, սա միայն ողջունելի է, այստեղ վատ բան չկա: Բայց մենք օրենքով ստիպում ենք 12 տարի գնալ սովորելու, հիմա 16 տարեկան երեխան իրավունք ունի աշխատելու, կարող էր աշխատել, փողոցից կտրվեր, չդառնար քրեական էլեմենտ, այլ դառնար նորմալ հասարակ, ընտիր քաղաքացի երկրի համար և իր ընտանիքին օգներ, այս օրենքով դա չենք թույլ տալու: Դասերին ժամին չի կարելի. դու մտնում ես հակասության մեջ, եթե դու ժամը իննին գնում ես աշխատանքի, ուրեմն դպրոց չես գնում. օրենքը խախտվեց, ոչ մի գործատու չի ընդունելու գործի, դասերից հետո գալիս է արդեն օրենքի այլ հակասության մեջ է մտնում` գիշերային ժամերի չի կարելի, երեկոյան ժամերին, կարծում եմ, աշխատանքն այնքան էլ շատ չի, նա պիտի դաս սովորի կամ չգիտեմ` ինչ անի»,- ասաց պատգամավորը:

Նրա խոսքով` այս օրենքով փակում են երեխայի աշխատելու իր` իսկապես փողոցից կտրվելու և սոցիալապես առողջ ճիշտ զարգանալու այս տարբերակը:

Վահե Հովհաննիսյանը կարծում է, որ եթե այս օրինագիծը այս տեսքով ընդունեն` առաջին տեսանելի արդյունքը լինելու է ավագ դպրոցի առանց այն էլ վատ վիճակի ավելի վատացումը:

«Ես ընդունում եմ, որ կրթական համակարգում շատ լուրջ հարց է, և հանուն արդարության պետք է ասել, որ սա գործող նախարարի, կամ նրա ղեկավար ժամանակահատվածի պրոբլեմ չէ: Սա 20-24 տարվա խնդիր է և այստեղ խոսք գնաց նաև սովետական մոդելի մասին, իմ մոտ տպավորություն է, որ այս օրինագծով մենք Սովետական Միության փլուզումից հետո վերականգնում ենք այդ մոդելի վատ էլեմենտը: Լավերը չկան, վատը փորձում ենք օրենքի ուժով վերականգնել: Իմ առաջարկությունը հետևյալն է` խնդիրը կարևոր է` ունի լրացուցիչ քննարկման պահանջ: Եթե կա հնարավորություն օրենքը հետ տանել, նորից մի հատ մտածել, քննարկել, եթե չկա, ուղղակի կմտնենք հակասության մեջ: Հնարավոր չի քվեարկել կողմ, որովհետև սա լուծում չի, բայց դեմ քվեարկելով` պրոբլեմը չի լուծվում»,- եզրափակեց Վահե Հովհաննիսյանը:

Աղբյուրը՝ http://zham.am/am/news/27489.html

Այս խորագրի վերջին նյութերը