Մեկնաբանություն

19.05.2014 11:48


Էդվարդ Նալբանդյանի թշերի փաստաբանը

Էդվարդ Նալբանդյանի թշերի փաստաբանը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցից առաջ ամերիկացի դիվանագետ Ուորլիքը և ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնը ինտենսիվորեն սկսեցին խոսել հողերը հանձնելու անհրաժեշտության մասին։

Լկտիությունը և դիվանագիտական անտակտությունը հասավ այնտեղ, որ ԱՄՆ դեսպանատունը սոցիալական ցանցերում լրացուցիչ պարզաբանում տվեց, թե բա՝ եթե հողերը չհանձնեք, ապա դա կարող է հանգեցնել պատերազմի կամ «ստատուս քվոյի» անցանկալի ձգձգման։

Պաշտոնական Երևանը ձայն–ծպտուն չհանեց։ Ավելին, Էդվարդ Նալբանդյանը, փորձելով պարտաճանաչ ու խաղաղության աղավնի երևալ, «մուննաթ» եկավ Իլհամ Ալիևի վրա, թե բա՝ մենք ուզում ենք՝ «ստատուս քվոն» փոխվի, բայց Բաքուն չի համաձայնվում։

Նալբանդյանի խոսքերով, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իր «նախաձեռնողական» քաղաքականությամբ ուզում է ամեն կերպ փոխել «ստատուս քվոն», այն է՝ հանձնել հողերը դատարկ խոսքերի ու «փուչիկ» երաշխիքների դիմաց, բայց ահա այդ չարաճճի Ալիևը ապակառուցողական դիրքորոշում է ցուցաբերում՝ այդպիսով հանդես գալով «ստատուս քվոյի» պահպանման օգտին։

Փաստորեն, մենք պետք է Ալիևին շնորհակալություն հայտնենք վատագույն սցենարից խուսափելու համար, քանզի այն տարբերակը, որի միջոցով առաջարկվում է փոխել «ստատուս քվոն», հայկական կողմի կապիտուլյացիան է։ Եվ ընդհանրապես, ինչո՞ւ պետք է փոխենք «ստատուս քվոն», եթե Ադրբեջանը որևէ զիջման չի գնում, և դեռ մի բան էլ Սյունիքի ու Երևանի վրա է աչք դրել։

Այն, որ Սերժ Սարգսյանի ու Էդվարդ Նալբանդյանի վարած արտաքին քաղաքականությունը ֆուտբոլի գնդակի է վերածել Հայաստանն ու Ղարաբաղը, ինչպես նաև հակամարտության հարցում կոշտացրել ինչպես Բաքվի, այնպես էլ միջնորդների դիրքորոշումը, ընդունում են անգամ «քոքված» ՀՀԿ–ականները և պաթոլոգիկ իշխանամետների մեծ մասը։

«Քոքված» ՀՀԿ–ականներն ու պաթոլոգիկ իշխանամետներն առանձին զրույցներում չեն թաքցնում իրենց դժգոհությունը «նախաձեռնողականությունից», բայց Էդվարդ Նալբանդյանը կարող է հանգիստ լինել իր թշերի համար, քանզի դրանք փաստաբան ունեն, այն էլ՝ ընդդիմադիր մակնիշի։ Ճիշտ է, այդ փաստաբանը վաղուց բացահայտված ու վաղուց բարոյապես մաշված վիճակում է, բայց դե, ինչպես ասում են, չեղած տեղը կարտոֆիլն էլ միրգ է։

«Թունդ ընդդիմադիր» և «խիստ արևմտամետ» Արամ Սարգսյանին, պարզվում է, դուր են եկել Էդվարդ Նալբանդյանի հնչեցրած տեսակետները Ղարաբաղի հարցով։ «Գեբելսյան» քարոզչամեքենայի առաջամարտիկ «1in.am»–ի հետ զրույցում «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամը դրանք գնահատել է ճիշտ և հավասարակշռված։

Իրեն Վազգեն Սարգսյանի գաղափարների հետևորդ ներկայացնող Արամը, փաստորեն, վարկաբեկում է նույն Վազգենին, քանզի մեկ այլ առիթով էլ տեսակետ էր հայտնել, թե հանուն ԵՄ–ի հետ ինտեգրացիայի՝ պետք է պատրաստ լինել Ղարաբաղի մասով զիջումների, քանզի դա այն գինն է, որը պետք է վճարել Արևմուտքի հետ կապերը լավացնելու համար։ Ավելի վարկաբեկիչ բան հնարավոր չէր իրականացնել Վազգեն Սարգսյանի դավանած գաղափարների ու նրա հիշատակի հանդեպ։ Ու քանի որ նմանատիպ մտքերը քարոզվում են Բաղրամյան 26–ի քարոզչագործիքների տարածքում, ուստի կարող ենք ասել, որ Արամի տեսակետները շրջանառության մեջ են դրվում «պետպատվերի» շրջանակներում։ Ասել է թե՝ Նալբանդյանը կարող է հանգիստ լինել, քանի որ նրա քաշքշվող թշերը փաստաբան ունեն։

Եթե ոչ փաստաբան, ապա Հայաստանում իրենց գաղափարների քարոզիչ ունեն նաև ամերիկացիները, թուրքերն ու ադրբեջանցիները։ Արամսարգսյանները, դավիթշահնազարյանները և մյուս «արևմտամետները» 5–րդ շարասյան ֆունկցիան կատարում են մեծ էնտուզիազմով։ Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» քաղաքականություն շրջանակներում այլ բան չէր էլ սպասվում։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը