Մեկնաբանություն

25.05.2014 14:05


«Կուսակցությունը ոհմակ է»

«Կուսակցությունը ոհմակ է»

Երբ Սերժ Սարգսյանը դեռ նոր–նոր էր նվաճում ՀՀԿ–ն, հայտարարեց, թե կուսակցությունը ոհմակ չէ։ Այդ հայտարարության պատճառը Աջափնյակի թաղապետի ընտրությունների հետ կապված պատմությունն էր։

Բանն այն է, որ ՀՀԿ հնաբնակները թաղապետի դերում տեսնում էին Գալուստ Սահակյանի որդի Արմանին, իսկ ահա Սերժ Սարգսյանը թաղապետի անձի հետ կապված պայմանավորվածություն ուներ այն ժամանակվա գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի հետ։

Պաշտպանության նախարարի պաշտոնում գտնվող և քրեաօլիգարխիայի կուրատորությամբ զբաղվող Սերժը թքած ուներ, թե ինչ են ուզում ՀՀԿ հնաբնակները։ Նրա համար ավելի կարևոր էր բազմաթիվ ինֆորմացիաների տիրապետող Ա. Հովսեփյանի հետ իր պայմանավորվածությունների պահպանումը։ Արդյունքում՝ Արման Սահակյանը հանեց իր թեկնածությունը, քանզի, կրկնենք, Սերժը կարծում էր, որ կուսակցությունը ոհմակ չէ։

Սերժն այդպիսով ուզում էր ասել, որ պարտադիր չէ, որ բոլոր պաշտոնյաները ՀՀԿ–ից լինեն և ՀՀԿ–ն կարող է պաշտպանել նաև ոչ կուսակցականի, եթե իհարկե դա ձեռնտու էր անձամբ իրեն (մնացած դեպքերում խրախուսվում էր «Կուսակցությունը ոհմակ է» տարբերակը)։

Հիմա եկել են այլ ժամանակներ։ Գալուստը դարձել է ԱԺ նախագահ, նրա որդիները տարբեր պաշտոնների են, իսկ Սերժ Սարգսյանն էլ արդեն կարծում է, որ կուսակցությունը ոհմակ է և դա գործում է կյանքի բոլոր դեպքերի համար, այլապես ՀՀԿ խոսնակ Շարմազանովի շուրթերով չէր հայտարարի, որ իշխանության ճանապարհն անցնում է Մելիք–Ադամյան փողոցով, և որ առաջիկա տասը տարիների ընթացքում էլ ՀՀԿ–ն առաջնորդող դերում է լինելու։

Սերժ Սարգսյանը գնում է միակուսակցական, ավելի ճիշտ՝ միահեծան իշխանության, որի պայմաններում կուսակցությունների (այդ թվում՝ ՀՀԿ–ի) դերը զրոյացվելու է։ Խնդիր է դրված բարձրացնել լիսկայատիպ զանգվածի «ոհմակային» դերը, որպեսզի Սերժն էլ հնարավորություն ստանա դառնալ «ոհմակի» հավերժ ղեկավարը։ Այդ նպատակն իրագործելու համար էլ առաջ է քաշվել սահմանադրական փոփոխությունների գաղափարը։

ՀՀԿ համագումարում «Վերջի բոլշևիկը» «կտեր» էր տալիս, թե իբր մեր քաղաքական համակարգը գնում է դասական երկկուսակցականացման ճանապարհով, բայց դե միայն երեխաներն ու երկարականջները կարող են ուտել այդ «կուտը»։

Հայաստանը երկկուսակցական դառնալու համար դեռ ճանապարհ պետք է անցնի, որի առաջին քայլն ընտրական օրենսգրքով ԱԺ ընտրությունները 100 տոկոս համամասնական դարձնելն ու քաղաքական մենաշնորհը վերացնելն է։ Մնացածը դատարկ խոսակցություններ են։

Ու որպեսզի իշխանական համակարգը չհամալրվի ոհմակային սկզբունքով, անհրաժեշտ է թույլ չտալ այն սահմանադրական փոփոխությունը, որը նախաձեռնել է Սերժ Սարգսյանը։ Դա Հայաստանի ոչնչացման փասթաթուղթը կարող է դառնալ, եթե կյանքի կոչվի։

Հետևաբար՝ հանրաքվեի առիթը պետք է օգտագործել իշխանափոխություն իրականացնելու համար։ Իշխանությունը ոհմակ չէ, որ «կոդլով» լցվեն ու հոշոտեն Հայաստանի մարմինը։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Այն, որ Սերժ Սարգսյանն այժմ առաջնորդվում է «Կուսակցությունը ոհմակ է» տարբերակով ապացուցվեց նաև Գորիսում տեղի ունենալիք քաղաքապետի «ընտրություններով»։

Նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առաջարկած թեկնածուի դեմ առաջադրվել էր նաև գործող մարզպետի ընկերը, և սպասվում էր թեժ պայքար։ Սակայն Գորիսի ընտրողներին թողեցին անայլընտրանք թեկնածուի՝ Լիսկայի «մարդու» հույսին՝ ստիպելով մյուսին հանել թեկնածությունը։

Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանն այդ ամենից հետո հայտարարեց, որ ինքը կուսակցական որոշմամբ կառաջնորդվի և կսատարի իր ընկերոջ հակառակորդին։ Այսինքն՝ նա հաստատեց, որ ՀՀԿ–ում հիմա մոդայիկ է դարձել «Կուսակցությունը ոհմակ է» բանաձևը։

Այս խորագրի վերջին նյութերը