Մեկնաբանություն

25.05.2014 23:43


Սերժ Սարգսյանն ընդդեմ ՀՀ սահմանադրության

Սերժ Սարգսյանն ընդդեմ ՀՀ սահմանադրության

ՀՀԿ համագումարում Սերժ Սարգսյանի ելույթի հանրային արձագանքները զրոյական են: Եթե, ինչպես պնդում է նույն ինքը՝ Սերժ Սարգսյանը, ազգաբնակչության 80 տոկոսը դեմ է իշխանության վարած քաղաքականությանը, ապա բնական է, որ մարդկանց բացարձակապես չպետք է հետաքրքրեր իշխող ուժի առաջնորդի ելույթը:

Մարդիկ վեց տարի տեսել ու հասկացել են, որ ճառեր ասելուց բացի, Սերժ Սարգսյանն ու նրա գլխավորած քաղաքական ուժը ոչինչ չեն արել: Ավելի ճիշտ արել են, և այդ անելու արդյունքները բոլորիս աչքի առաջ է ՝ սկսած արտագաղթից մինչև տնտեսական անկում, ներդրումների կրճատումից մինչև աղքատության աճ։

Ուրեմն՝ հերթական ճառից սպասելիքներ չկան եւ մարդիկ խոստովանում էին, որ ցանկություն էլ չեն ունեցել լսել այդ ելույթը:

Ըստ էության, ՀՀԿ առաջնորդի կեսժամանոց ելույթն անբովանդակ էր, հագեցած ինքնագովությամբ՝ ՀՀԿ-ի «հզորությունը», «ականջալուր» դարձնելուն միտված եւ տեսական մտքերով ու կարգախոսներով համեմված մի երկարաշունչ, ձանձրալի շարադրանք էր: Ինչի համար հեչ պարտադիր չէր օգտվել թանկարժեք տեխնիկայից՝ «Տելեսուֆլյորից»։ Միակ բանը, ինչով 2007-ից՝ վարչապետ եղած ժամանակներից, փորձում է «զարմացնել» բոլորիս:

Մինչդեռ երկրի ու ժողովրդի համար արժանի եւ հիշատակելի գործեր պետք է արվեն, ոչ թե թանկարժեք սարքով «լուսաճառագայթային» ճառեր արտասանվեն, որոնք երբեք գործ չեն դառնում: Կամ դառնալիս էլ՝ միայն վնաս են տալիս։

«Մենք՝ Հանրապետականները», «Մենք՝ հանրապետականները» ասելով երկիրը չի զարգանում։ Հակառակը, ինչպես ցույց տվեցին նախորդ տարիները՝ երկիրն արագ սլանում է «Առա՛ջ, դեպի նախնադար»:

Կամ՝ շարունակ կրկնել ու շեշտել, թե ՀՀԿ-ն է երկրի ամենամեծ եւ հոծ կառույցը՝ դրանով հարյուր հազարավոր աղքատների չես կշտացնի եւ ոչ էլ հնարավոր կլինի կանխել աննախադեպ չափերի հասնող արտագաղթը, ինչի մասին ՀՀԿ առաջնորդը ոչինչ չասաց:

Բայց պարզվում է էս երկրում, այնուամենայնիվ, ինչ-որ բան զարգանում ու աճում է:

Այո՛, դա էլի Հանրապետականն է: Ըստ, նրա առաջնորդի, Հանրապետականը կայուն աճում է եւ կառույցներն էլ զարգանում են:

Հետո՞, դա ի՞նչ է տալիս ժողովրդին ու երկրին: Ոչի՛նչ:

Պարզ է, որ Սերժ Սարգսյանն այլեւս ասելիք չունի: Բնականաբար, նաեւ՝ անելիք, ինչը երբեք էլ չի ունեցել: Ապացույցը՝ երկրի վիճակը:

Իսկ երբ մարդ ասելի ու անելիք չի ունենում, ձեռքը գցում է Սահմանադրությանը: Ավելի ճիշտ՝ սկսում է սահմանադրական փոփոխությունների գործընթաց իրականացնել:

Եվ իր այս հերթական «նախաձեռնությունն» էլ բացատրում է կառավարման համակարգի արդյունավետ գործունեության, կայուն ժողովրդավարական համակարգի ապահովման ու իրավական պետության կերտման հանգամանքով:

Այսինքն՝ վեց տարի այս իշխանությունը ոտնահարել է գործող Սահմանադրությունն ու օրենքները, կառավարել է շատ վատ, բոլոր ոլորտներում ձախողումներ է արձանագրել ու հիմա այդ ամենի համար Սերժ Սարգսյանը «մեղադրում» է Սահմանադրությանը՝ ասելով, որ ախր, եթե փոփոխենք Սահմանադրությունը, ամեն ինչ տեղը կընկնի, կսկսենք ավելի արդյունավետ կառավարել ու պետությունն էլ կդառնա իրավական:

Այն դեպքում, երբ գործող Սահմանադրությունն ամենեւին չի խոչընդոտում իրագործել այն ամենը, ինչի մասին խոստացել են իշխող ուժն ու նրա ղեկավարը, բայց չեն կատարել:

Այստեղ են ասել՝ «Լավ, էդքան պարապ եք մնացե՞լ, որ որոշել եք զբաղվել Սահմանադրությամբ»:

Էս երկում էլ բան ու գործ չկա, մնում էին այդ փոփոխությունե՞րը:

Այնինչ, երբ փորձում ես հասկանալ, թե ինչ կա Սերժ Սարգսյանի մտքում, ինչու է այդքան շահագրգռված այս հարցում՝ պարզ է դառնում, որ նրա միակ բան ու գործն, այո՛, հիմա հե՛նց սահմանադրական փոփոխություններն են: Ինչով ձգտելու է հավերժացնել իր իշխանությունը:

Դե, եթե ժողովուրդը կշարունակի հանդուրժել ու թույլ կտա Սարգսյանին իրականացնել իր այս մտադրությունն ու ցանկությունը, ուրեմն՝ արժանի է սրանց:

Բայց հազիվ թե ժողովուրդն ու քաղաքական ուժերն այն աստիճան անխոհեմ գտնվեն, որ համաձայնեն ևս տաս տարի կամավոր գերության մեջ մնալ «Վերջի բոլշեւիկի» ձեռքին:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը