Մեկնաբանություն

29.05.2014 10:17


Ապրելու և չապրելու տարբերակները

Ապրելու և չապրելու տարբերակները

Հանրապետական կուսակցության 15-րդ համագումարին Սերժ Սարգսյանի խոսքն ուներ երկու հասցեատեր՝ 1.կուսակիցները և 2.ընդդիմությունը կամ «չարակամները»:

Յուրայիններին նա փորձում էր համոզել, որ չլքեն «իր նավը», քանի որ հաջողությունը կժպտա միայն նրանց, ովքեր կմնան ՀՀԿ-ում: Եւ իբրև յուր խոսքերի հաստատում՝ հիշեցնում է վերջին տարիներին ընտրություններում ՀՀԿ-ի տարած «համոզիչ հաղթանակները»:

Իր ելույթում Ազատիչը արագորեն գովազդում է այն ամենը, ինչն այս կամ այն կերպ գտնվում է իր վերահսկողության ներքո՝ այսպիսով ներկայացնելով իր կազմած քաղաքական-հասարակական օրակարգի նախագիծը:

Նա առերևույթ «հաթաթա» է տալիս բոլոր նրանց, ովքեր այսօրվանից զբաղված են նախընտրական եռուզեռով, սակայն իրականում այս կերպ փորձում է հանգստացնել հանրապետականներին՝ անուղղակի ասելով, թե՝ հանգիստ եղեք, «լավագույն տոկոս խփող ուժը մենք ենք, բայց հիմա պետք է մինչև ընտրություն ջուր ծեծել՝ վերոհիշյալ թեմաներով»:

«Մինչև հաջորդ համապետական ընտրություններ դեռ պետք է ապրել»,- ասում է Ազատիչը:

Հարց է ծագում՝ հատկապես ո՞ւմ ապրելը նկատի ունի ՀՀԿ ղեկավարը:

Եթե խոսքը Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մասին է, ապա առնվազն զարմանալի է Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, քանի որ իր ղեկավարությամբ իշխող ռեժիմի գործողությունները կարծես հատուկ միտված են ճիշտ հակառակին: Իշխանությունը օր ու գիշեր նոր հարկահանման մեխանիզմներ է հնարում, որպեսզի կարողանա շորթել ժողովրդի վերջին կոպեկները, սակայն, ինչպես տեսանք, դա բոլորովին չի խանգարում ՀՀԿ ղեկավարին՝ բարձր ամբիոններից խոսել պետությունից, ազգային անվտանգությունից, հասարակության բարօրությունից և այլն:

«Վերջին բոլշևիկն» իր ելույթում այդպես էլ չանդրադարձավ այն հարցերին, որոնք իրոք հուզում են հայաստանցիներին, և որոնց չլուծման պատճառով արտագաղթը հասնում է սարսափելի չափերի: Հետաքրքիր է, թե ինչ նկատի ունի Ազատիչը՝ ասելով ազգային անվտանգության պահպանում, եթե նրան չի հուզում Հայաստանի Հանրապետության փաստացի հայաթափումը:

Իհարկե, դժվար է որևէ դրական քայլ սպասել տասը մարդու արյան գնով և երկու համապետական ընտրություն կեղծած մարդուց, սակայն, ինչպես ասում են՝ «ամեն ինչ ունի իր սահմանը», և Ազատիչը շարունակում է անցնել բոլոր սահմանները:

Ժամանակին ասում էին՝ «Հայլուրի Հայաստանն եմ ուզում», հիմա կարելի է ասել՝ «Ազատիչի ներկայացրած Հայաստանն եմ ուզում»:

Սերժ Սարգսյանի տեքստից վերադառնալով իրականություն՝ հարկավոր է նշել, որ մի հարցում Սերժ Սարգսյանը, այնուամենայնիվ, իրավացի է՝ մինչև մյուս համապետական ընտրություններ հայաստանցին դեռ պետք է ապրի: Պարզապես՝ մի կարևոր փաստ կա. Հայաստանի և Սերժ Սարգսյանի շահերը միմյանց հակասում են, հետևաբար՝ հայաստանցու՝ Հայաստանում ապրելու հիմնական երաշխիքը Սերժ Սարգսյանի ռեժիմի չապրելն է:

Այլ տարբերակ գոյություն չունի:

Տաթևիկ Պողպատյան

Այս խորագրի վերջին նյութերը