Մեկնաբանություն

30.05.2014 16:00


«Ֆուտբոլային» դիվանագիտություն»–3

«Ֆուտբոլային» դիվանագիտություն»–3

Աստանայում տեղի ունեցածը խայտառակություն էր։

Քաշքշում էին Սերժ Սարգսյանի «թշերը», բայց նվաստացման էր ենթարկվում Հայաստանը։

Փաստորեն, ԵՏՄ–ին անդամակցելու ցանկություն չունեցող և ԵՄ–ի հետ ասոցացման խաղեր չտվող Ադրբեջանի շահերի հետ Արևմուտքում և Մաքսային միության տարածքում հաշվի են նստում, իսկ Հայաստանի շահերի հետ՝ ոչ։ Եվ այս ամենը Սերժ Սարգսյանի «նախաձեռնողական» քաղաքականության արդյունքում։

Իսկ ուրիշ ի՞նչ էիք սպասում։ Լիսկաների ու քաղաքական հաճախորդների միջոցով ներքին քաղաքականություն վարողից ուրիշ ի՞նչ ակնկալիքներ կային։

Ի դեպ, երեկվանից իրենց տարերքի մեջ են հայտնվել «հայրենասերները» և «բմբլահան» են անում ... Նազարբաևին. այդպես ավելի անշառ է ու եկամտաբեր։

Նազարբաևին, սակայն, մեղադրել պետք չէ։ Սերժին «կակռազ» ձեռնտու կլինի, որ իր տապալման ու անմեղսունակ քաղաքականության համար քննադատվի բացահայտ պրոադրբեջանական դիրքորոշում որդեգրած Ղազախստանի նախագահը։ Պետք է հստակ արձանագրել, որ ամեն ինչի մեղավորը Սերժն է, և ուրեմն, պետք է պատասխան տա դրա համար։

Սերժ Սարգսյանը ոտնահարում է Հայաստանի ու Ղարաբաղի շահերը, և դա արդեն դարձել է տխուր ավանդույթ։

Երեկ մենք ականատես եղանք «Ֆուտբոլային դիվանագիտություն–3»–ի ֆիասկոյին։

Ամեն ինչ սկսվեց 2008–ին, երբ կեղծիքների ու մարդկային զոհերի գնով նախագահի աթոռին հայտնվեց Սերժ Սարգսյանը։ Սկսվեց «նախաձեռնողական» քաղաքականությունն ու գնա՜ց...

Սկզբում Գյուլն ու Էրդողանը քաշքշեցին Սարգսյանի «թշերից»՝ Հայոց ցեղասպանության հարցում պնդելով պատմաբանների հանձնաժողովի կետի վրա և Ղարաբաղի հարցում դառնալով ակտիվ դերակատար։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը, սակայն, դաս չեղավ ղումարբազային տարբերակով ու բացառապես անձնական շահերով առաջնորդվող Սերժ Սարգսյանի համար։ Նա սկսեց ԵՄ–ի հետ ասոցացման խաղեր տալ, որի արդյունքում լավացան ռուս–ադրբեջանական հարաբերությունները, որոնք դրսևորվեցին հարձակողական զենքերի մատակարարման տեսքով։

«Ֆուտբոլային դիվանագիտություն–2»–ն ավարտվեց Արևմուտքի հետ հարաբերությունների վատացմամբ և Մաքսային միություն մտնելու գիշերային որոշմամբ։

Աստանայում արդեն «Ֆուտբոլային դիվանագիտություն–3»–ի շրջանակներում մենք ականատես դարձանք նվաստացման ամփոփիչ ակտին։ Ֆորմալ դաշնակից համարվող Ղազախստանի նախագահն առաջնային համարեց Եվրասիական տնտեսական միություն մտնելու նպատակ չունեցող Ադրբեջանի շահերի պաշտպանությունը և հրապարակավ անհարմար դրության մեջ դրեց Սերժ Սարգսյանին։ Վերջինս բերանը ջուր առած նստել էր։

Դե պարզ է, որ ջուր կառնի։ Աստանայում ՀՀԿ–ի համագումարը չէր, որ գլուխը աջ ու ձախ տարուբերելով՝ ժամանակակից «սուֆլյորից» ընթերցեր սեփական վերարտադրության «մուտիլովկայական» ծրագիրը։ Աստանայում Հայաստանի ու Ղարաբաղի շահերը պետք է պաշտպանվեին, իսկ նման հարցերում Սերժն անկարող է ու համ էլ գլուխ չի հանում, քանզի մեջն անձնական «քյար» չի տեսնում։

Ուրիշ բան, եթե նրան թողնեին Աստանայում կամ ընդհանրապես ԵՏՄ ամբողջ տարածքում կարմիր կետագծեր քաշել ու «պարկովշիկության» միջոցով ասֆալտից փող քամել։ Այ այդ ժամանակ կտեսնեիք, թե ոնց է Սերժը «բլբուլ» կտրում ու իր շահերը Նազարբաևից էլ, մյուսներից էլ պաշտպանում։

Եթե Աստանայում քննարկվեր Հայաստանում սահմանադրական փոփոխությունների հարցը, ապա Սարգսյանը կվերածվեր մեծն հռետորի և ատամներով կպաշտպաներ Գագիկ Հարությունյանի հանձնաժողովի ներկայացրած առաջարկները։ Սահմանադրական փոփոխությունների գնալն ու Բրեժնևի պես իշխանությունից ոտքերով դեպի առաջ տարբերակով հեռանալը մտնում են Սերժի ծրագրերի մեջ, բայց Հայաստանն ու Ղարաբաղը չեն մտնում, կամ, ավելի ճիշտ, մտնում են այնքանով, որքանով հնարավորություն կա այս տարածքներում փող հավաքել։ Այդ հարցում «Վերջի բոլշևիկը» մեծ էնտուզիազմ է ցուցաբերում։

Աստանայում նա պետք է պաշտպաներ Հայաստանի տնտեսական ու քաղաքական շահերը, նաև՝ Ղարաբաղի անվտանգությունը, բայց ծպտուն չհանեց, երբ ակնհայտ ոչ կոռեկտ վարքագիծ ցուցաբերեց Նազարբաևը։ Սերժին նման «մանր» հարցերը չեն հետաքրքրում և բացի այդ՝ նա անկարող է պետական–դիվանագիտական հարցերում. ձայն հաներ, որ ի՞նչ աներ։

ՀՀԿ ղեկավարն ուզում է արագ մուտք գործել ԵՏՄ, արագ ՌԴ–ից վարկ ստանալ, այդ վարկը մյուս վարկերի պես մսխել ու հետո հորով–մորով անել սահմանադրական փոփոխությունները, քանզի Սահմանադրությունն է անանցանելի պատնեշի պես կանգնել նրա վերարտադրության ճանապարհին։

Սերժ Սարգսյանին պետական շահը չի հուզում։ Նա իր աթոռի պահպանման համար թուրքերի հետ մտավ առևտրի մեջ, տոկոս «խփելը» լեգիտիմացնելու համար առևտրի մեջ մտավ Արևմուտքի հետ ու հիմա ուզում է վերարտադրվելու համար մտնել Կրեմլի «հետույքը», բայց այնտեղ կարծես չեն շտապում ընդունել նրան։ Ու բոլոր այս գործարքների ժամանակ Սերժը խաղասեղանին է դրել Հայաստանի ու Ղարաբաղի շահը։

Առանձնահատուկ ուշադրության է արժանի այն, որ ՀՀ քաղաքացիներս «ֆուտբոլային դիվանագիտության» բոլոր սերիաների ժամանակ էլ տեղյակ չենք եղել, թե ինչն ինչոց է։

Ո՛չ հայ–թուրքական արձանագրությունները, ո՛չ ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը, ո՛չ ԵՏՄ–ին ինտեգրվելու պայմանագիրը չեն քննարկվել քաղաքական ու փորձագիտական շրջանակների հետ, և Հայաստանի շահը հաշվի չի առնվել։

Սարգսյանը՝ գրիչը ձեռքն առած ու աչքերը փակ, ստորագրում է՝ ինչ դեմ են տալիս, կամ նույնիսկ չեն տալիս, միայն թե իրեն օգնեն Հայաստանի հաշվին աթոռին մնալ։

Ուշագրավ մեկ հանգամանք. Ղրղզստանի նախագահն էլ է ուզում անդամագրվել ԵՏՄ–ին, բայց չի շտապում, քանզի փորձում է մանրամասն բանակցել ու իր երկրի շահերը պաշտպանել՝ հընթացս միլիարդից ավելի դոլար ստանալու հարց լուծելով ՌԴ–ի հետ։ Դե, իսկ Բելառուսի ու Ղազախստանի մասին խոսք չկա. Լուկաշենկոն ու Նազարբաևը, օգտվելով Ուկրաինա–Ռուսաստան հակամարտությունից և այն վիճակից, որում հայտնվել է Պուտինը, ում օդ ու ջրի պես անհրաժեշտ է ԵՏՄ կայացումը, փորձում են առավելագույնս պոկել Կրեմլից այն, ինչ հնարավոր է՝ պաշտպանելով իրենց ազգային շահերը։

Իսկ ինչո՞վ է զբաղված Սերժ Սարգսյանը։ Ի՞նչ շահ է նա ներկայացնում։ Ի՞նչ է ստանում Հայաստանը ԵՏՄ մտնելուց հետո։ Ղարաբաղն ավելի անվտա՞նգ է դառնում, թե՞ Սերժը պատրաստ է Գյուլիստանի ու Թուրքմենչայի պայմանագրերի շրջանակներում Հայաստանն էլ, Ղարաբաղն էլ հանձնել, միայն թե ինքը մնա աթոռին ու շարունակի կարմիր կետագծերով պատել ամբողջ Հայաստանը և տեսախցիկներ ու արագաչափեր տեղադրել անգամ մարդկանց զուգարաններում։

Ամփոփելով՝ նշեմ, որ Աստանայում որևէ արտառոց բան տեղի չի ունեցել, քանզի բոլորիս է հայտնի, որ Սերժը ոչ թե երկրի շահերն է պաշտպանում, այլ իր անձնական շահերը (չեմ ուզում հավատալ պետական դավաճանության վարկածին)։

Իրեն հարգող յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու պարտքն ու գործը, հետևաբար, պետք է լինի Սերժ Սարգսյանին ու նրա թայֆային պետական կառավարման համակարգից կիլոմետրերով հեռու թողնելը։ Հարմար առիթներից մեկը սահմանադրական հանրաքվեն է։ Այն պետք է Սերժի անվստահության հանրաքվեի վերածել։

Տիգրան Սարգսյանից հետո եկել է Սերժ Սարգսյանի հերթը՝ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգությունը պաշտպանելու հերթը։

Սևակ Մինասյան

Այս խորագրի վերջին նյութերը