Մեկնաբանություն

31.05.2014 14:22


Ա՛յ ով իմ ռազմավարական դաշնակից

Ա՛յ ով իմ ռազմավարական դաշնակից

Հայաստանի «արևմտամետ» քաղաքականության արդյունքները տպավորիչ են։ ՌԴ ռազմաբազաները Հայաստանում տեղակայելու ժամկետը երկարաձգվեց կես դարով, ՌԴ–ն հարձակողական բնույթի զենք վաճառեց Ադրբեջանին, Հայաստան–Արևմուտք հարաբերություններն աննախադեպ վատացան, Թուրքիան ԱՄՆ–ի հետ համատեղ պահանջում է Հայաստանի կապիտուլյացիան, Սերժ Սարգսյանին Աստանայում անհարմար դրության մեջ են դնում և նվաստացնում են Հայաստանին։

Այս ամենին Սարգսյանը հասավ ընդամենը վեց տարում։ Եթե ավելացնենք նաև տնտեսական դաշտում արձանագրված ավերածություններն ու դեմոգրաֆիական աղետը, ապա պատկերն ամբողջական կդառնա։

Մի խոսքով, Հայաստանի շահերը ոտնահարված են։ Պատճառն այն է, որ մենք ֆունկցիոնալ առումով իշխանություն չունենք։ Իհարկե, նախագահի աթոռին մարդ կա նստած։ Վարչապետ էլ ունենք, ԱԺ նախագահ էլ ունենք։ Կարծես նախարարների ու պատգամավորների պակաս նույնպես չի զգացվում, բայց չկա իշխանություն, որը կպաշտպանի մեր պետության ու ՀՀ քաղաքացու շահերը։

ՌԴ–ն ու մյուս պետություններն էլ տեսնում են, որ Հայաստանում անիշխանություն է, ինչ ուզում անում են։

Այն, որ Նազարբաևը խոսում է Ադրբեջանի շահերից, զարմանալու բան չկա։ Ղազախստանը թուրքալեզու պետությունների հավաքում շամպայնի բաժակով խմել է այն բանի կենացը, որ հաջորդ հավաքը տեղի ունենա Շուշիում։ Նազարբաևին պատասխանող չկար, թե չէ էդ ասիական սուլթանն իրենից բան չի ներկայացնում և Աստանայում իրեն շատ անտակտ պահեց՝ հյուրընկալող կողմին ոչ վայել կեցվածքով։

Նազարբաևն, ի դեպ, ցույց տվեց, որ մեր տարածաշրջանի մասով անգրագետ է և չգիտի, որ ԼՂՀ–ն վաղուց անկախ պետություն է և հետևաբար՝ անիմաստ է ԵՏՄ նիստում Ղարաբաղի մասով Ալիևի նամակն ընթարցելը։

Բելառուսի դիրքորոշումն էլ է պարզ. Լուկաշենկոն չի ուզում փչացնել իր հարաբերություններն Ադրբեջանի հետ և այդ իսկ պատճառով կրկին ակնարկում է մեր թշնամու շահերի պաշտպանության մասին։ Համ էլ՝ Լուկաշենկոն Ալիևի կնոջ հետ, ըստ տարածված տեղեկությունների, չափից դուրս բարիդրացիական հարաբերություններ ունի, ինչն իր ազդեցությունն է թողնում միջպետական հարաբերություններում։

Ինչ վերաբերում է մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանին, ապա այս առումով խնդիրը շատ նուրբ է։ Մի կողմից հասկանալի է, որ Կրեմլը դժգոհ է Սերժ Սարգսյանի անկայուն ու անկանխատեսելի արտաքին քաղաքականությունից և այդ իսկ պատճառով էլ Կովկասում սեփական շահերը պաշտպանելու համար ռազմավարական հարաբերություններ է հաստատում Ադրբեջանի հետ ու ընդամենն ուժեղացնում է իր ռազմաբազան Հայաստանում։

Հասկանալի է նաև այն, որ ՌԴ–ում չեն վստահում Սերժ Սարգսյանին ու չեն տարանջատում նրան հայ հանրությունից՝ առաջնորդվելով «Եթե նա է ձեր նախագահը, ապա մենք ձեզ չենք հարգում» տարբերակով։

Նկատենք, սակայն, որ ՌԴ–ն ինչպիսի օբյեկտիվ փաստարկներ էլ ունենա Հայաստանի հանդեպ կոշտ և ոչդաշնակցային դիրքորոշում որդեգրելու համար՝ ռազմավարական տեսանկյունից սխալվում է, բայց դա իր խնդիրն է։ Մեր խնդիրը պետք է լինի ներքին այնպիսի փոփոխությունների գնալը, որ կարողանանք մեր շահն ինքներս պաշտպանել։ Այդ դեպքում միայն դաշնակիցներ կունենանք։

Ամենևին խնդիր չդնելով բացատրել ՌԴ շահը ռուսներին, արժե ամեն դեպքում մի քանի նկատառում ներկայացնել ՀՀ–ՌԴ հարաբերությունների վերաբերյալ։

Մեզանում, ինչպես վերևում նշեցի, իշխանություն չկա, և հետևաբար այլ հարթակները, այդ թվում՝ լրատվական տիրույթը, պետք է օգտագործել ՀՀ շահերը ձևակերպելու և դրանք պաշտպանելու համար։

Սերժն իր նեղ շահերից ու ինչ–ինչ պատճառներից ելնելով՝ Հայաստանում խրախուսում է հակառուսական տրամադրություններ՝ հենվելով Արևմուտքի ու Թուրքիայի շահերը Հայաստանում ներկայացնող 5–րդ շարասյան վրա։ ՌԴ–ն էլ իր հերթին է նպաստում Հայաստանում հակառուսական տրամադրությունների տարածմանը, քանզի պարբերաբար զենք է վաճառում Հայաստանի հետ պատերազմի պատրաստվող Ադրբեջանին։

Ու եթե ՌԴ չինովնիկներն ու դիվանագետները հայտարարում են, թե դա բիզնես է, ապա ինչու՞ են ծանր տանում այն, որ մենք էլ ուզում ենք բիզնես անել Իրանի հետ ու իրանական գազի տարանցիկ գոտի դառնալ։ Կգա ժամանակը, և մենք էլ մեր բիզնեսը կանենք ու թող Մոսկվայում չմտածեն, թե կուլ ենք տալու գազի վասալային պայմանագիրը, որն իր ձեռքով հրամցրել է Սերժ Սարգսյանը։

Բացի այդ, եթե ԵՏՄ գագաթնաժողովի ժամանակ Նազարբաևն առաջ է քաշում այն հարցը, որ Հայաստանի համար հատուկ կետ պետք է մտցնել, որպեսզի Ադրբեջանը չնեղանա, ապա դա նույնպես վիճելի է։ Ի՞նչ է, ԵՏՄ մտնելու նպատակ չունեցող Ադրբեջանի շահերն ավելի՞ գերադասելի են, քան Հայաստանի՞նը։ Հետո ինչ, որ Սերժին ինչ թուղթ դեմ եք տալիս, ստորագրում է ու դեռ մի բան էլ ինքն է «նախաձեռնողականություն» ցուցաբերում այդ հարցում։ ՀՀԿ ղեկավարը հո՞ հավերժ չի մնալու Բաղրամյան 26–ում։ Գալու է նաև թղթերը վերանայելու ժամանակը։

Դեռ մի կողմ թողնենք այն հարցը, որ ԵՏՄ և ՄՄ մտնելը սխալ է, և Հայաստանը չպետք է հրաժարվի հավասարակշռված և կոմպլեմենտար քաղաքականությունից, ինչը նշանակում է, որ մենք չպետք է ԵՄ–ի հետ ասոցացման գնանք և չպետք է մաս ակզմենք ԵՏՄ–ին։ Բայց եթե այս պահին ԵՏՄ մտնելու հարցը մտել է օրակարգ, ապա ճիշտն այն կլինի, որ բոլոր անդամ պետությունները հավասար կարգավիճակ ունենան (ինչպես որ հայտարարվում է)։ Ասել է թե՝ անընդունելի է Հայաստանի համար ՄԱԿ–ի կողմից ճանաչված սահմանների պահը ֆիքսելը։ Եթե նման բան է արվում, ապա դա կա՛մ պետք է տարածվի բոլորի՝ ՌԴ–ի ու ԵՏՄ մյուս պետությունների և պոտենցիալ անդամների համար, կա՛մ չպետք է միայն Հայաստանի համար նման բացառություն արվի, ինչ է թե Սերժ Սարգսյանը չի կարողանում ՀՀ շահերը ներկայացնել։ Չէ՞ որ հայտարարվում է, թե ԵՏՄ զուտ տնտեսական կառույց է։ Բա որ տնտեսական է, ապա ինչու՞ են «էս գլխից» քաղաքական հարցեր մեջտեղ բերվում։ Սահմանների ու չլուծված հակամարտության հարցերը բացառապես քաղաքական են։ Եվ ուրեմն, անթույլատրել է երկակի ստանդարտների կիրառումը։

Եթե հիմա խոսվում է այն մասին, որ ԵՏՄ կազմ կարող են մտնել ՄԱԿ–ի կողմից չճանաչված մյուս պետությունները և տարածքները՝ Աբխազիան, Հարավային Օսիան, Մերձդնեստրը, Ղրիմը և անգամ Դոնբասն ու Լուգասնկը, ապա ԵՏՄ պարտավոր է իր կանոնադրության մեջ ֆիքսել, որ նախկին ԽՍՀՄ տարածքի մաս կազմած և ՄԱԿ–ի կողմից ԽՍՀՄ փլուզումից հետո չճանաչված պետությունները, ցանկություն հայտնելու դեպքում, ավտոմատ պետք է որպես պետական միավորում ներառվեն ԵՏՄ կազմի մեջ։

Հիմա խոսում են այն մասին, որ Հայաստանի ու Ղարաբաղի արանքում կարող է մաքսակետ հայտնվել ու ԵՏՄ–ից էլ մարդ է գալու, որպեսզի հսկի ապրանքների շարժի գործընթացը Հայաստանից դեպի Ղարաբաղ ու հակառակ ուղղությամբ։ Դե որ այդպես է, ուրեմն հայաստանյան ներկայացուցիչն էլ պետք է հսկի ՌԴ–ի ու Ղրիմի միջև ապրանքաշրջանառությունը կամ ՌԴ–ի ու Աբխազիայի միջև շրջանառությունը։ Ասելս այն է, որ եթե Հայաստանում ունենայինք ողնաշար ունեցող և մեր շահերը պատկերացնող ու պաշտպանող իշխանություն, ապա նախ չէինք հայտնվի անհասկանալի ակումբներում, իսկ հայտնվելուց էլ՝ բոլորին ցույց կտայինք, որ չի կարելի է Հայաստանի հաշվին այլոց հետ «բազառներ» անել։

Սարգսյանը չի կարողանում Հայաստանի շահը պաշտպանել, բայց դա չի նշանակում, որ մեզանում այս վիճակը երկար պահպանվելու է։ Ռազմավարական դաշնակցությունը անձերով չպետք է պայմանավորել։ Հետո ի՞նչ որ ՌԴ–ում ու ԵՏՄ–ում թույլ մարդ են բռնել ու «քոթակի տղեկի» տեղ դրել։ Գալու է նաև Հայաստանի շահերը պաշտպանող իշխանություն ձևավորելու օրը և թող ռուսներն ու մյուսները չմտածեն, թե հիմիկվա պես է լինելու։

Այո՛, ՌԴ–ի ու Հայաստանի շահերը համընկնում են Ղարաբաղում ստատուս քվոն պահելու և մի շարք այլ ռազմավարական հարցերում, այո՛, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք, բայց դա չի նշանակում, որ մենք մեր ուրույն շահերը չունենք։ Համ էլ՝ որքան մենք ունենք ՌԴ–ի կարիքը, նույնքան էլ ՌԴ–ն խնդիր ունի Հայաստանի հետ դաշնակցելով Կովկասից դուրս չմղվել։

Այնպես որ Կրեմլում թող իմանան, որ այսպես չի մնալու։ Հայաստանում Գյուլիստանի պայմանագրին իրենց հավատարմությունը մի քանի մարդ է հայտնել, ոչ ավելին։

Կարեն Հակոբջանյան

Հ.Գ.։ Թեև Սերժ Սարգսյանը մեր պետական շահերը պաշտպանելու հարցում ապացուցել է, որ անկարող է, բայց հիմա լավ առիթ է ստեղծվել ու նա գոնե այդ առիթը պետք է օգտագործի ու Ղարաբաղը դարձնի բանակցային կողմ։ Չէ՞ որ Ալիևն է դիմել ԵՏՄ–ին, թե տարանջատեք Հայաստանը Ղարաբաղից։ Շատ լավ, դե ուրեմն թող Ադրբեջանն ուղիղ բանակցություններ սկսի Ղարաբաղի հետ։ Հայաստանն էլ ինչպես Թուրքիան Ադրբեջանի մասով, կհետևի, որ Ղարաբաղի շահերը չոտնահարվեն։

Հ.Գ.–2։ Աստանայում տեղի ունեցածը ցույց տվեց, որ Սերժ Սարգսյանը, քնած թե արթուն, չի պաշտպանում Ղարաբաղի շահը։ Սա ևս մեկ փաստարկ է, որպեսզի պաշտոնական Ստեփանակերտը դիմի միջնորդներին՝ հայտարարելով, որ ցանկանում է բանակցային կողմ դառնալ, քանզի իր շահերն ուզում է անմիջականորեն ներկայացնել, այլ ոչ թե միջնորդավորված ձևով ու անհասկանալի ֆորմատով։

Համ էլ՝ մենք հարցրե՞լ ենք Ղարաբաղից։ Ստեփանակերտն ուզու՞մ է ՄՄ մտնել։

Այս խորագրի վերջին նյութերը