Մեկնաբանություն

04.06.2014 14:17


Ղարաբաղը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ

Ղարաբաղը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ

Սերժ Սարգսյանը բոլորին չափում է իր արշինով։

Նա պաշտպանության նախարար եղած ժամանակ հայտարարեց, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։ Այդ հետո պետք է լայն զանգվածների համար բացահայտվեր, որ նման արտահայտությունը Սերժի համար ոչ թե լեզվի սայթաքում էր, այլ հստակ «մեսիջ»՝ ուղղված Արևմուտքին։

Նա շուտվանից էր պատրաստվում նախագահ դառնալուն (հնարավոր բոլոր մրցակիցները կա՛մ տարիների ընթացքում չեզոքացվել էին, կա՛մ մահացել) և իր պատկերացումներով՝ դրսի (Արևմուտքի) աջակցությունը ստանալու համար նա պետք է պատրաստակամություն հայտներ գնալ զիջումների Ղարաբաղի հարցով։

Արևմուտքն, իհարկե, Սերժին չէր կարող բերել իշխանության, բայց փոխարենը կարող էր աչք փակել ընտրակեղծիքների վրա, ավելին՝ աջակցեր դրանց ու սպանությունների գնով իշխանության եկածին համարել առաջադեմ և լեգիտիմ։ Դե, իսկ ռուսները ձևականությունների հետևից չեն ընկնում ու որպես կանոն՝ աշխատում են գործող իշխանության հետ (այդ հիմա է, որ Կրեմլում չեն վստահում Սերժ Սարգսյանին ու պարբերաբար «փչացնում» են նրան)։

«Աղդամը մեր հայրենիքը չէ» ծրագրի բուն իրագործումը սկսվեց «Ֆուտբոլային» դիվանագիտությամբ և անփառունակ ավարտ ունեցավ։

Կազանում մեզ փրկեց միայն Ալիևի ագահությունն ու Էրդողանի ախմախությունը, այլապես Սերժ Սարգսյանը պատրաստ էր մադրիդյան նորացված սկզբունքներով կյանքի կոչել «Աղդամը մեր հայրենիքը չէ» ծրագիրը. չէ՞ որ նա «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում հայտարարել էր, որ հայ–թուրքական սահմանի բացումը գին ունի, և ինքը պատրաստ էր վճարել այդ գինը, ինչպես նաև հայտարարել էր, որ դեմ չէ Ղարաբաղի հարցում Թուրքիայի օժանդակությանը, և ինքը դեմ չէ նախկին ԼՂԻՄ տարածքում ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորության դիմաց զիջել անվտանգության գոտին՝ ազատագրված տարածքները։

Կրկնեմ՝ բախտներս բերեց, որ Սերժն իր «նախաձեռնողականությամբ» մինչև վերջ չգնաց։

Ցավալի է արձանագրելը, բայց պետք է հատուկ ընդգծել, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության երաշխավորներ դարձան Թուրքիան ու Ադրբեջանն՝ իրենց ագրեսիվ կեցվածքով։ Սերժը դեմ չէր լինի բավարարել Ալիևի պահանջները, եթե, իհարկե, վստահ լիներ, որ դա կնպաստի իր՝ աթոռին մնալուն, բայց քանի որ վստահ էր, որ եթե բավարարի Կազանում հնչեցրած 10 նոր պահանջները, ապա իշխանությունից կզրկվի, ուստի հետ քաշվեց՝ սկսելով «հայրենասիրություն» խաղալ։

Հետագա իրադարձությունները, սակայն, ցույց տվեցին, որ Սերժը հետևություններ չի արել ու շատ հետևողական է քիրվայության հարցում։ «Ֆուտբոլից» հետո նա սկսեց «եվրաասոցացվել», իսկ դա «Ֆուտբոլային» դիվանագիտության փոխակերպված ձևն էր։ Արդյունքները տեսանելի են բոլորիս։ Դրանք յուրօրինակ ձևով ամփոփեց Նորսուլթան Նազարբաևը՝ բացահայտելով այն գործընթացները, որոնք ԵՏՄ–ի շրջանակներում են։ Այն է՝ Սերժ Սարգսյանն արդեն անցել է «Ղարաբաղը մեր հայրենիքը չէ» նեոքիրվայական ծրագրին։

Նա այդ մասին, ի դեպ, հայտարարեց Նազարբաևից կերած ապտակից հետո՝ ՀՀԿ ջահելության հետ հանդիպման շրջանակներում։

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը, գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ այսօր կազմում»,– անկեղծացել է Սարգսյանը։

Այն, որ ԼՂՀ–ն հանրաքվեով անկախ պետություն է դարձել, փաստ է։ Այո՛, մեր օրենսդրությամբ՝ ԼՂՀ–ն ՀՀ մարզի կարգավիճակ չունի, բայց որ Ղարաբաղը մեր պատկերացումներով էլ Հայաստանի մաս չի կազմում, դա արդեն բացահայտում է Սերժի մտածողությունը, ինչպես ասում են, ըստ Ֆրեյդի (88–ի շարժման հիմնական կարգախոսն, ի դեպ, «Միացում»–ն էր)։

Դե ինչ, Սերժն իրենն ասել է։ Իսկ ո՞վ է ասել, որ նա ՀՀ նախագահն է։ Նա երկու անգամ նախագահ է դարձել ընտրակեղծիքներով։ Ու հիմա էլ ուզում է Սահմանադրությունը փոխել ու վերարտադրվել։ Հետևաբար, սահմանադրական փոփոխությունները պետք է առիթ դարձնել ու վերածել իշխանափոխության գործընթացի։

Իշխանափոխությունը ՀՀ քաղաքացիներիս արժանապատվությանը և ՀՀ–ի անվտանգությանն է առնչվում։ Այդ հարցում չի կարելի փոխզիջումների գնալ։ Այստեղ «և, և»–ը չի աշխատում։ Ներքին կյանքում ճիշտը «կամ, կամ»–ն է՝ սերժական «կամ»–ի բացառմամբ։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ 2008թ. նախագահական ընտրությունների քարոզչափուլում Սերժ Սարգսյանի թիմակիցները ոչ ֆորմալ տարբերակով ակտիվորեն տարածում էին, թե նա ղարաբաղցի չէ, այլ գորիսեցի է՝ տեղացի։

Դա շատ կեղտոտ տեխնոլոգիա էր ու ջուր էր լցնում հայաստանցի–ղարաբաղցի բաժանումը քարոզողների ջրաղացին։ Դա նաև բացահայտում էր Սերժի ու նրա թիմի «անհայրենիք» տեսակը։

Հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ «Սերժը ղարաբաղցի չէ»–ն հստակ մտածողություն է, և երբ Սերժն այն ժամանակ հայտարարում էր, որ իր մրցակիցն ուզում է իշխանության գալ, որպեսզի երեք տարում ծախի Ղարաբաղը, ցույց էր տալիս հենց ի՛ր մտածողությունը՝ կրկին ըստ Ֆրեյդի։

Այս խորագրի վերջին նյութերը