Մեկնաբանություն

06.06.2014 12:05


Սարգսյանը «Գյուլիստանի պայմանագրով» հանձնվել է Կրեմլին

Սարգսյանը «Գյուլիստանի պայմանագրով» հանձնվել է Կրեմլին

Որքան էլ իշխանական շրջանակները փորձեն Աստանայում տեղի ունեցածի վերաբերյալ շրջանառության մեջ դնել այն թեզը, թե, իբր, որևէ մտահոգիչ բան չկա Սերժ Սարգսյանի լռության մեջ, քանզի նախագահների մակարդակով հանդիպումը «KBH» չէ, որ անմիջապես պատասխանես, որքան էլ «ընդդիմադիր» գործիչները և «անկախ» լրատվամիջոցները Սարգսյանի ձախողումների համար մեղադրեն ոչիշխանական քառյակի մաս կազմող ուժերին, միևնույն է, քարոզչական արտադրանքը թիթեռնիկի կյանք է ունենում, և դրանով Սարգսյանի վարած քաղաքականության հետևանքները չեն վերանում։

Փաստն այն է, որ իր «արևմտամետ» քաղաքականության արդյունքում Սերժ Սարգսյանը կամովին հանձնվել է Կրեմլին։ Իսկ նման դեպքերում դժվար է հույս դնել այլ պետության վրա, թեկուզև՝ ռազմավարական դաշնակցի կարգավիճակ ունեցող։ Մանավանդ որ նախորդ տարվա սեպտեմբերի 3–ից հետո Հայաստանը ռազմավարական դաշնակցի կարգավիճակից իջել հասել է մարտավարական ենթակայի կարգավիճակի։ Եթե նախկինում սրտնեղում էինք, թե ֆորպոստ ենք, ապա հիմա դեռ շատ ջանքեր պետք է գործադրել, որ կրկին ֆորպոստ դառնաս ու հետագայում մտածես ֆորպոստից իրավահավասար դաշնակից դառնալու ուղղությամբ։

Սերժի «արևմտամետ» քաղաքականության արդյունքն այն է, որ մենք հիմա Ղրղզստանի կարգավիճակն էլ չունենք ԵԱՏՄ–ում, քանզի Ղրղզստանին այդ կառույց մտնելու համար սիրաշահում են, իսկ ահա Սերժն ինքն է զարմացնում իր շտապողականությամբ այնպես, ինչպես նախկինում զարմացնում էր եվրաչինովնիկներին իր եվրագերազանցիկությամբ։

Պարզից էլ պարզ է, որ Նազարբաևի հնչեցրածը Ադրբեջանին սիրաշահելու նպատակ էր հետապնդում և համաձայնեցված էր ՌԴ–ի ու Բելառուսի նախագահների հետ։ Բայց այդ ամենը բխում է այդ պետությունների շահերից, իսկ ահա Հայաստանի շահը ներկայացնող չկա։

Հայաստանի շահը Սարգսյանը չէր ներկայացնում, երբ ԵՄ–ի հետ բանակցում էր ասոցացման շուրջ։ Հիմա էլ նույն պատկերն է, քանզի Սարգսյանին միայն սեփական շահն է հետաքրքրում, և այդ շահի շրջանակներում նա փորձում է Գյուլիստանի պայմանագրի տառին ու ոգուն համապատասխան՝ հանձնվել Կրեմլին։ Դե, իսկ հանձնվողի հետ, ինչպես հայտնի է, վարվում են ոչ այնքան բարեկիրթ ձևով։

Հիմա մենք ինչո՞ւ ենք Պուտինից կամ Նազարբաևից դժգոհում, որ նրանք իրենց գլխավորած երկրների շահերով են առաջնորդվում։ Առնվազն «դհոլություն» է Սարգսյանի «նախաձեռնողականության» համար մեղադրել Պուտինին, Նազարբաևին, ՀՀ ԱԺ ոչիշխանական ուժերին ու մյուսներին։

Եվրասիական տնտեսական միավորման շրջանակներում աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական խնդիրներ են լուծվում։ Սկսվել է նոր դիմակայություն Արևմուտքի ու Ռուսաստանի միջև։ Հայաստանը չպետք է մտներ այդ հզորների արանքն ու առանց սեփական շահի գիտակցության՝ դառնար հակամարտության կողմ։

ՌԴ–ն, բնականաբար, կցանկանար Եվրասիական միության սահմաններն է՛լ ավելի ընդլայնել՝ այնտեղ ընդգրկելով նաև Ադրբեջանին, որպեսզի Արևմուտքի հետ հարաբերություններում ավելի հզորի դիրքերից հանդես գար։ Այդ իսկ նպատակով էլ ՌԴ–ն Նազարբաևի միջոցով Ադրբեջանի հետ ինտեգրման թեմայով բանակցում է Ալիևի հետ։ Սերժ Սարգսյանի (տվյալ դեպքում՝ նաև Հայաստանի) հրապարակավ նվաստացումը յուրօրինակ ռևերանս էր Ալիևին։ Բայց դրա մեղավորը նամակն ընթերցած Նազարբաևը չէ, այլ Սերժ Սարգսյանը, ում բացառապես հետաքրքրում է ՌԴ–ից ակնկալվող մեկ միլիարդ դոլարանոց վարկը, որպեսզի այստեղ կարողանա ֆինանսական ծակերը փակել, սահմանադրական փոփոխություններն անցկացնել ու վերարտադրվել։

Կրեմլում էլ ֆիքսել են, թե ի դեմս Սարգսյանի՝ ում հետ գործ ունեն, և անում են համապատասխան քայլեր։

Կրեմլում նաև ֆիքսել են, որ Սերժ Սարգսյանն առաջնորդվում է Գյուլիստանի պայմանագրով, ու դրա համար էլ Ղարաբաղի հարցով ուղիղ բանակցությունների մեջ են մտել Ադրբեջանի հետ՝ սիրաշահելու համար վերջինիս։ Դրա ցանկությունը հայտնել է Սերժը Զորի Գայկովիչի նամակի միջոցով ու տնաբույծ «արևմտամետների» (Դավիթ Շահնազարյան, Արամ Սարգսյան, Աղասի Ենոքյան և այլն) աջակցությամբ։

Մոսկվան, իր իսկ շահերից ելնելով, մտադիր չէ Ղարաբաղի հարցում միակողմանի ադրբեջանամետ դիրքորոշում ցուցաբերել, բայց դա ցավով պետք է արձանագրել, քանզի ստացվում է, որ Հայաստանի ու Ղարաբաղի անվտանգության երաշխավորն են դառնում այլ պետությունների ղեկավարների հաշվարկները և ախմախությունները (խոսքս Ալիևի ախմախության մասին է)։

Սարգսյանը ոտքով–գլխով հանձնվել է Կրեմլին, բայց այնտեղ չեն ուզում ունենալ այնպիսի գործընկեր, որն անընդհատ փող է ուզում, և որն ունի «քցողի» համբավ։

Ի դեպ, պետք է արձանագրել, որ Սերժն իր «գյուլիստանյան» վարքագծով լրջորեն հարվածում է հայ–ռուսական հարաբերություններին և նպաստում ռուս–ադրբեջանական հարաբերությունների մերձեցմանը։ Այդ մասին թուրք–ադրբեջանական տանդեմը երազում էր տարիներ շարունակ ու պատրաստ էր շատ բան տալ դրան հասնելու համար։ ՀՀԿ ղեկավարն, ահա, սկուտեղի վրա է մատուցում թուրքերին ու ադրբեջանցիներին այն, ինչի մասին նրանք երազում էին։ Ի՞նչ է սա, եթե ոչ քաղաքական անմեղսունակություն (պետական դավաճանության վարկածին չեմ ուզում հավատալ)։

Լուծումը մեկն է՝ Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, քանզի դա արդեն անվտանգության հարց է։

Հայաստանի շահերից է բխում կոմպլեմենտար ու հավասարակշռված քաղաքականություն վարելը։ «Վերջի բոլշևիկը» հրաժարվել է կոմպլեմենտարիզմից։ Արդյունքում Հայաստանն ու Ղարաբաղը դարձել են մանրադրամ միջազգային ասպարեզում։ Սա պետք է հետ պտտեցնել, այլապես աստանաները շատ կկրկնվեն, ու վերջում կգա Մոսկվայի պայմանագիրը հիշելու ժամանակը։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը