Մեկնաբանություն

07.06.2014 15:33


Սերժ Սարգսյանի պատկերացումները. Բաղրամյան 26–ը՝ փող հավաքելու «կանտոռա»

Սերժ Սարգսյանի պատկերացումները. Բաղրամյան 26–ը՝ փող հավաքելու «կանտոռա»

Սերժ Սարգսյանը Աստանայում լռելուց հետո համաձայնեց Ալիևի պահանջների հետ՝ հայտարարելով, որ մեր պատկերացումների մեջ և օրենսդրությամբ Ղարաբաղը Հայաստանի մաս չի կազմում։

Օրենսդրության մասով Սարգսյանը ճիշտ է ասում, քանզի ԼՂՀ–ն հանրաքվեով անկախացել է, ունի սեփական Սահմանադրությունը, իշխանական մարմինները և այլն։

Այլ հարց է պատկերացումների պահը։

88–ի շարժման հիմնական կարգախոսը «Միացումն» էր։ Միացումն էր, որ բերեց հաղթանակի։ Միացումն է պատճառը, որ ունենք այսօրվա «ստատուս քվոն»։ Այսինքն, հայ ժողովրդի պատկերացումներով՝ Ղարաբաղն ու Հայաստանը մեկ մարմին են, իսկ մնացածը մարտավարություն է։

Պատերազմի սկզբում Սերժ Սարգսյանը Ղարաբաղում էր, հետո՝ ամենաթեժ պահին, հայտնվեց Մոսկվայում և զբաղված էր բանակի մատակարարման պատասխանատու գործով (կապիտալի նախնական կուտակման փուլը նա հաջող անցավ)։ Այնուհետև Վազգեն Սարգսյանը նրան վերադարձրեց Հայաստան, ու Ս. Սարգսյանի մոտ սկսվեց կապիտալի կուտակման նոր փուլ։

Միգուցե այդ գնալ–գալու ընթացքո՞ւմ են Սերժի պատկերացումները Հայաստանի ու Ղարաբաղի միասնականության մասին փոխվել։ Ո՞վ գիտե։ Ամեն ինչ հնարավոր է։ Հատկապես որ ՌԴ հատուկ ծառայություններից նա մեդալ ստացավ այդ երկրին մատուցած ծառայությունների համար։ Միգուցե այդ ծառայությունները պատկերացումների կամ դրանց փոփոխության մասո՞վ են եղել։

Եկեք, սակայն, գուշակությունների և ենթադրությունների հետևից չընկնենք, և հիմք ընդունենք հրապարակային խոսքը։

Սերժ Սարգսյանն իր պատկերացումները Ղարաբաղի մասով ներկայացրել է մի շարք «մեսիջներով»։

Նախ՝ նրա քարոզիչները «ցիգանսկի պոչտայով» պարբերաբար տարածում են, թե բա Սերժը գորիսեցի է՝ տեղացի։ Ուզում են ասել, որ ղարաբաղցի չէ։ Դժվար է ասել, թե ինչու է Ստեփանակերտում ծնված և իր գիտակցական կյանքի մեծ մասն այնտեղ անցկացրած Սերժը քարոզչական դաշտում հրաժարվում Ղարաբաղից, բայց մեկ բան ակնհայտ է՝ եթե Հայաստանում փորձում ես հայաստանցի ներկայանալ, իսկ Ղարաբաղում՝ ղարաբաղցի, ապա դրանով նախ ջուր ես լցնում հայաստանցի–ղարաբաղցի հակահայկական «ջրաղացին», և բացի այդ՝ դառնում ես «անհայրենիք»։

Ինչ մնում է Ղարաբաղի խնդրին, ապա Սերժը մի առիթով նշել է, որ Աղդամը մեր հայրենիքը չէ։

Տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտության բուռն շրջանում էլ հայտարարել է, որ կողմ է Ղարաբաղի խնդրի կարգավորման գործում Թուրքիայի նախագահ Գյուլի օժանդակությանը՝ մինչև այդ հայտարարելով, որ պատրաստ է Ղարաբաղին շրջապատող անվտանգության գոտին (նկատի ունի ազատագրված շրջանները) զիջել, եթե Ադրբեջանը համաձայնի ղարաբաղցիների ինքնորոշման իրավունքի իրացման հնարավորությանը։

Դե, իսկ Աստանայում Նազարբաևից կերած ապտակից հետո Սերժ Սարգսյանը «հուժկու» պատասխան տվեց՝ համաձայնելով Նազարբաևի ընթերցած նամակի պահանջների հետ։

«Իսկ ո՞վ է ասել, որ մենք Ղարաբաղով ենք մտնելու Մաքսային միություն: Այդպիսի բան չի եղել և չի էլ կարող լինել, որովհետև Ղարաբաղը գոնե մեր օրենսդրությամբ, գոնե մեր պատկերացումներով՝ Հայաստանի մաս չէ այսօր կազմում»,– նշեց Ս. Սարգսյանը՝ ընդառաջ գնալով ԵՏՄ հիմնադիրների ու նրանց ընկեր Ալիևի պահանջներին։

Ի մի բերելով «Վերջի բոլշևիկի» հնչեցրած մտքերն ու Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին նրա տված գնահատականները՝ կարող ենք կարծիք կազմել Սերժի պատկերացումների մասին։ Ըստ այդմ՝ Ղարաբաղը Սերժ Սարգսյանի հայրենիքը չէ, Ղարաբաղի հարցում նա պատրաստ է գնալ միակողմանի զիջումների, միայն թե Եվրասիական տնտեսական միությունն օգնի իրեն մնալ աթոռին։

Իսկ թե ինչ է պետք անել այս պատկերացումների կյանքի կոչմանը խոչընդոտելու համար, հասկանալի է անգամ մսուրի երեխային։

Մեկ բան անվիճելի է՝ Սերժ Սարգսյանի պատկերացումները խոր հակադրության մեջ են ՀՀ–ի ու ԼՂՀ–ի շահերի հետ։ Նրան ու նրա նեղ թիմին, հետևաբար, պետք է կիլոմետրերով հեռու պահել պետական կառավարման համակարգից, այլապես Բաղրամյան 26–ը վերջնականապես կվերածվի գործարարներից կանխիկ փող հավաքելու «կանտոռայի»՝ բնականաբար «հակաօլիգարխիկ» պայքարի շրջանակներում։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը