Մեկնաբանություն

10.06.2014 09:35


Սահմանադրական փոփոխությունների վիժեցման անհրաժեշտությունը

Սահմանադրական փոփոխությունների վիժեցման անհրաժեշտությունը

Միանշանակ է` սահմանադրական «բարեփոխումների» նախաձեռնությունը Սերժ Սարգսյանի համար իշխանությունում հավերժ մնալու փորձ է:

Իրականում որևիցե քաղաքական բարեփոխում կամ նախաձեռնություն իր դրական ավարտին չհասցրած գործիչը չի կարող հանկարծ մտածել հանրության պահանջներին համապատասխան Սահմանադրություն ստեղծելու մասին:

Հաճախ կարծիք է հնչում, որ Հայաստանում Սահմանադրություն չկա, այն չի գործում: Այս կարծիքը շատ առումներով համապատասխանում է իրականությանը, սակայն մի կետ հստակ գործել է և դեռ չի խախտվել: Դա հանդիսանում է Սահմանադրության 50-րդ հոդվածի հետևյալ կետը՝ «նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Հանրապետության Նախագահի պաշտոնում»:

Սարգսյանը հասկանում է, որ չի կարող խախտել այդ կետը և 2018թ ստիպված պետք է հեռանա նախագահի պաշտոնից (դեռ մի կողմ թողնենք արտահերթ ընտրությունների պահը): Այդ կետը խոչընդոտ է դարձել Սարգսյանի համար, և չկարաղոնալով խախտել այդ կետը՝ նա նպատակ է դրել փոխել ամբողջ Սահմանադրությունը, վերաձևավորել կառավարման համակարգը միայն մեկ նպատակի համար, որպեսզի վերարտադրի իր իշխանությունը:

Սերժ Սարգսյանը ամբողջ պետական համակարգը լծել է իր նպատակի իրականացման համար: Տարբեր մակարդակներում կեղծ քննարկումներ է կազմակերպվում, և հիմնական կեղծ պնդումներն այն են, թե ներկայիս Սահմանադրությունը չի ապահովում մարդու իրավունքների լայն շրջանակ, իշխանական թևերի միջև բալանս չկա, դրա համար էլ նպատակ է դրվել ունենալ նոր Սահմանադրություն: Իրականում գործող Սահմանադրությունը ահագին պահանջներ ունի, որոնք խախտվում են հենց ներկայիս իշխանության կողմից:

Օրինակ՝ Սարգսյանը նոր Սահմանադրություն ընդունելու փոխարեն կարող էր չկեղծել ընտրությունները, ապօրինի նպատակների համար չօգտագործել ոստիկանությունը, քաղաքական ընդդիմադիրներին անօրինական ձևով բանտերում չպահել և այլն:

Իր կառավարման ընթացքում Սարգսյանը բազմիցս խախտել է Սահմանադրության կետերը, երբևիցե չի փորձել ենթարկվել ներկայիս Սահմանադրությանը: Եվ այսօր էլ նա փորձում է փոխել Սահմանադրությունը, որպեսզի շարունակի չենթարկվել այդ փաստաթղթին:

Կասկած չկա, որ սահմանադրական փոփոխությունները հաջողելուց հետո կառավարման համակարգի փոփոխությունների գործընթացը չի կանգնելու: Ցանկացած պահի Սարգսյանը ձևափոխելու է Սահմանադրությունը, որպեսզի այն հարմարեցնի իր պահանջներին: Նման զարգացումների դեպքում կառավարման համակարգը կնմանվի Հյուսիսային Կորեային, իսկ Սերժ Սարգսյանը կնմանվի Կիմ Չեն Ընին: Վերջում էլ Սարգսյանը իշխանությունը ժառանգաբար կփոխանցի իր ընտանիքի անդամներին: Ի դեպ, այդ նպատակի համար արդեն համապատասխան քայլեր կատարվել են:

Սահմանադրական փոփոխությունների սարգսյանական տարբերակը տանում է Հայաստանի կործանմանը: Նոր Սահմանադրությունը պետք է Սարգսյանի հավերժ կառավարման համար նախապայմաններ ստեղծի, իսկ այդ ճանապարհը կնշանակի Հայաստանի կառավարման համակարգի վերջնական դեգրադացում:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացը, ավելի ճիշտ՝ դրա թույլ չտալն ազգային անվտանգության հարց է այսօր: Այդ մարտահրավերին դիմակայելու համար անհրաժեշտ է մոբիլիզացնել ամբողջ ուժերը:

Սարգսյանը իր կառավարման ընթացքում ձախողել է գրեթե բոլոր նախաձեռնությունները: Անհրաժեշտ է այնպես անել, որ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնությունը ևս տապալվի, որն էլ կդառնա միջոց Սարգսյանին վերջնական իշխանությունից հեռացնելու համար՝ չսպասելով մինչև 2018 թվականը:

Արմեն Գրիգորյան

Այս խորագրի վերջին նյութերը