Մեկնաբանություն

10.06.2014 17:02


«Վերջի բոլշևիկի» վերջին խաղադրույքը

«Վերջի բոլշևիկի» վերջին խաղադրույքը

2008թ. նախագահական «ընտրություններից» հետո Սերժ Սարգսյանը որոշեց ներքին լեգիտիմության բացը լրացնել արտաքին քաղաքական ոլորտում խաղադրույք կատարելով։ Արդյունքում՝ աճուրդի հանվեց Հայոց ցեղասպանության հարցը։ Ցեղասպանության թեմայով հայ–թուրքական տխրահռչակ արձանագրություններում առկա պատմաբանների ենթահանձնաժողովի կետն ասվածի վառ ապացույցն է։

«Ցեղասպանության ուրացում՝ աթոռի պահպանության դիմաց»

Սարգսյանը կարծում էր, թե կկարողանա համատեղել անհամատեղելին՝ ձեռքի հետ էլ մեկտեղելով հաճելին և օգտակարը։ Նա ծրագրել էր Հայոց ցեղասպանության հարցը թուրքերին զիջելով՝ բացել հայ–թուրքական սահմանը, ներկայանալ որպես տարածաշրջանի «խաղաղության աղավնի», ստանալ Արևմուտքի աջակցությունն ու պահպանել աթոռը։

Սարգսյանը հույս ուներ, որ Ղարաբաղի մասով թուրքերը չեն ճնշի, եթե ինքը զիջի ցեղասպանությունը։ Դա էր պատճառը, որ նա դեմ չէր հակամարտության կարգավորման գործում Թուրքիայի օժանդակությանը։

«Միայն հիմարը կհրաժարվի օժանդակությունից»,– հայտարարեց Սարգսյանն ու անցավ գործի։

Ինչպես և սպասվում էր, ու ինչպես և զգուշացվել էր, ամեն ինչ գնաց հակառակ ուղղությամբ։ Թուրքիան սահմանը չբացեց ու սկսեց ակտիվորեն միջամտել Ղարաբաղի խնդրին։

Կազանում Սարգսյանը համաձայնել էր թուրք–ադրբեջանական զույգի մինչ այդ հնչեցրած պահանջներին, սակայն Ալիևը 10 նոր պահանջ առաջ քաշեց, որով էլ ակամայից փրկեց Սարգսյանին։ Բանակցային գործընթացը մտավ փակուղի, որից հետո շատացան կրակոցները սահմանում։

«Եվրաասոցացում և Ղարաբաղի հանձնում՝ աթոռի պահպանության դիմաց»

Սարգսյանը փոխարենը հետևություններ անելու՝ գնաց արտաքին քաղաքական կոպտագույն սխալի և արկածախնդրության։ Նա հրաժարվեց հավասարակշռված և կոմպլեմենտար արտաքին քաղաքական հայեցակարգից, ինչը նշանակում էր արդեն հանուն սեփական աթոռի խաղադրույք կատարել Ղարաբաղով։

ՀՀԿ ղեկավարն ու նրա «արևմտամետ» կողմնակիցները շրջանառության մեջ դրեցին «Ղարաբաղի հանձնում՝ եվրաասոցացման դիմաց» ծրագիրը (այդ ծրագրի PR–ի գործը դրված էր 5–րդ շարասյան՝ արամսարգսյանների, դավիթշահնազարյանների, իգորմուրադյանների, «անկախ» լրատվամիջոցների («Lragir.am», «1in.am» և այլն), ինչպես նաև ներկայումս արտաքին քաղաքական «բոմժի» վերածված Շավարշ Քոչարյանի և «Օֆշորի Տիկոյի» վրա)։

Մոտ չորս տարի ՀՀ իշխանությունները բանակցություններ էին վարում Բրյուսելի հետ՝ հասցնելով դառնալ եվրագերազանցիկ և հասցնելով զարմացնել ֆյուլեներին ու էշտոններին (այդ հետո պիտի գար ռուսներին «եվրասիականությամբ» զարմացնելու ժամանակը)։

Թե ինչի էր հանգեցնելու եվրաասոցացման գործընթացը, դժվար չէ կռահել։ Ուկրաինան բոլորիս աչքի առաջ է։ Տարբերությունն այն էր լինելու, որ մենք շատ ավելի վատ վիճակում էինք հայտնվելու թուրք–ադրբեջանական զույգի դեմ պայքարում, քանզի ՌԴ–ն ամեն ինչ կաներ, որպեսզի Հայաստանը չհայտնվեր ՆԱՏՕ–ի տիրույթում (դրա համար էր Ադրբեջանին զենք վաճառում), իսկ ՆԱՏՕ–ն էլ իր հերթին ոչինչ չէր անի ՀՀ–ի անվտանգության ու տարածքային ամբողջականության ապահովման համար (իսկ ինչո՞ւ պետք է աներ. ՆԱՏՕ–ն այդպիսի պարտավորություն ունի՞)։ Վառ օրինակը կրկին Ուկրաինան է և Ղրիմի պատմությունը, իսկ դրանից առաջ մենք տեսել էինք, թե ինչպես է Վրաստանը տարածքներ կորցնում, և ինչպես է ՆԱՏՕ–ն պաշտպանում Վրաստանի տարածքային ամբողջականությունը։

Առանձին խոսակցության թեմա է ՀՀ և ԼՂՀ զինված ուժերի վիճակը, որը դուրս է սույն հոդվածի շրջանակներից։ Մեկ բան ակնհայտ է՝ մեր անվտանգության գլխավոր երշխավորը մեր բանակն է, բայց դա չպետք է լինի միայն կենացային մակարդակով, այլ պետք է նորմալ պետություն և զարգացող տնտեսություն ունենալ, որպեսզի բանակն էլ ցանկալի վիճակում լինի։

«Հայաստանն ու Ղարաբաղը՝ աթոռի պահպանության դիմաց»

ԵՄ–ի հետ ասոցացման թամաշայից հետո «Վերջի բոլշևիկը» թույլ տվեց մյուս կոպիտ սխալը։ Նախորդ տարվա սեպտեմբերի 3–ին նա հայտարարեց Մաքսային միություն մտնելու որոշման մասին, ինչը նշանակում էր, որ արդեն խաղադրույք է կատարվում Հայաստանով։

Աստանան ցույց տվեց, որ «ծովահեն»–կոմերսանտ Զորի Գայկովիչի հնչեցրած «գյուլիստանյան» բանաձևի շրջանակներում Սերժը պատրաստ է գուբերնատորի կարգավիճակով հանձնվել Կրեմլի ողորմածությանը, միայն թե մնա աթոռին։ Ռուսներն էլ տեսնելով, որ ՀՀ նախագահը սեփական նախաձեռնությամբ մտել է Կրմելի «պադվալ», սկսել են Հայաստանով ու Ղարաբաղով առևտուր անել Ադրբեջանի հետ «Ղարաբաղ՝ Ադրբեջանի՝ Եվրասիական տնտեսական միություն մտնելու դիմաց» ծրագրով։

Ուշագրավն այն է, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն չի դիմադրում այդ ծրագրի կյանքի կոչմանը, այլև համաձայնում է Ադրբեջանի բոլոր պահանջներին ու ծպտուն չի հանում Պուտինի առաջ։ Ծաղկաձորում ՀՀԿ երիտասարդների մոտ տեղի ունեցած այն անկեղծացումը, թե Ղարաբաղը մեր պատկերացումներում Հայաստանի հետ միասին չէ, պարզապես նվեր էր Պուտինին, ով, օգտվելով Սերժի հանձնողականությունից, ինտենսիվ բանակցություններ էր սկսել Ալիևի հետ։

Այժմ ստեղծվել է մի վիճակ, երբ Հայաստանը ոչ միայն ռազմավարական, այլև սովորական դաշնակիցներ չունի։ ԵՄ–ի հետ ասոցացման փուլում Սերժը գրգռեց ՌԴ–ին, իսկ Մաքսային միություն մտնելու որոշմամբ Հայաստանը կորցրեց Արևմուտքի վստահությունը։ Մինչդեռ Հայաստանի շահերից էր բխում կոմպլեմենտար արտաքին քաղաքականությունը, ինչը նշանակում է, որ մենք չպետք է գնայինք եվրաասոցացման, և չպետք է մտնեինք ՄՄ ու ԵՏՄ։

Այս ամենը հաշվի առնելով՝ պետք է նկատել, որ առնվազն անմեղսունակություն է Հայաստանի շուրջ տեղի ունեցող վտանգավոր զարգացումների համար մեղադրել Կրեմլին, Արևմուտքին, և ռուս–թուրքական կամ ռուս–ադրբեջանական դավադրություն տեսնել այս ամենի հետևում։ Ամեն մի երկիր իր շահն ունի և առաջնորդվում է այդ շահերով։

Հայաստանի ողբերգությունն այն է, որ Սերժ Սարգսյանը, ով պետության ղեկավարի պաշտոնին է հայտնվել, չունի պետական մտածողություն և առաջնորդվում է բացառապես անձնական շահերով, որոնք խոր հակասության մեջ են Հայաստանի շահերի հետ։

. . .

Սերժն այժմ լուծում է հետևյալ խնդիրը՝ առանց մտածելու՝ համաձայնել բոլոր այն պահանջներին, որոնք դրվում են ԵՏՄ հիմնադիր պետությունների ղեկավարների կողմից՝ փոխարենն ակնկալելով Պուտինի աջակցությունն ու մեկ միլիարդ դոլար վարկ։ Նա փաստացի համաձայնեց բաժանարար գծեր անցկացնել Հայաստանի ու Ղարաբաղի միջև։

Այս պայմաններում բնական է, որ Հայաստանը, Սերժի նախաձեռնությամբ, Կրեմլի գրպանում է հայտնվել, իսկ գրպանում հայտնվածի հետ վարվում են այնպես, ինչպես ուզում են։ Ռուսները հենց այդպես էլ անում են։ Նրանք Ադրբեջանին բացահայտորեն առևտուր են առաջարկում՝ հայտարարելով, որ այդ պետությունն իրենց ռազմավարական դաշնակիցն է, և Մոսկվան ուրախ կլինի Ադրբեջանին ԵՏՄ–ի անդամ տեսնելու համար։

Իսկ ի՞նչ է այս ամենին հակադարձում Սերժ Սարգսյանը։ Ոչի՛նչ։ Քանզի, կրկնենք, նա արդեն խաղադրույք է կատարել Հայաստանով ու ընդամենը սպասում է, թե զառը որ թվի վրա կկանգնի, կամ ինչ խաղաթուղթ կբացվի անձամբ իր համար։

Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտի ներկայացուցիչները պետք է գնան ոչ ստանդարտ համախմբման և ոչ ստանդարտ քաղաքական լուծումների։ Պետք է թույլ չտալ, որ Սերժը 5–րդ շարասյան աջակցությամբ պետրոսգետադարձություն անի։

ԱԺ ոչիշխանական քառյակը շատ ճիշտ որոշում կայացրեց՝ պահանջելով չստորագրել որևէ միջազգային համաձայնագիր, որով Հայաստանի և ԼՂՀ միջև կնախատեսվի հաստատված հարաբերությունների, ներառյալ միասնական տնտեսական ռեժիմի փոփոխություն: Սա «Վերջի բոլշևիկին» ուղղված պահանջ էր ու նաև «մեսիջ» միջազգային հանրությանը, մասնավորապես՝ Մոսկվային։ Վերջինիս ցույց տրվեց, որ հանկարծ չոգևորվեն Սերժի հանձնողականությամբ, քանզի Սերժը Հայաստանը չէ, և քաղաքական դաշտն այլ տեսակետ ունի Նազարբաևի հնչեցրած պահանջների և ընդհանրապես Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու նպատակահարմարության հարցում։

Քառյակն իր այդ պահանջով նախ պատասխանեց Նազարբաևի շուրթերով հնչեցրած Ալիևի պահանջներին (Սերժն իր համաձայնությունն է տվել դրանց, և պետք է ցույց տալ, որ դա Հայաստանի տեսակետը չէ), ինչպես նաև սահմանեց այն նշաձողը, որից ցածր Հայաստանը որևէ միջազգային համաձայնագրի չպետք է միանա։

Սերժ Սարգսյանի հետ ամեն ինչ պարզ է։ Նա ավարտված գործիչ է, և նրա հետ վաղուց անիմաստ է որևէ հույս կապելը։ Նրան պետք է տալ անձնական անվտանգության գործուն երաշխիքներ և ճանապարհել Մելիք–Ադամյան փողոց (եթե, իհարկե, այնտեղ համաձայնեն ընդունել պաշտոնաթող Սարգսյանին)։

Ստեղծված իրավիճակում, առավել քան երբևէ, մեծ է ոչիշխանական ուժերի և ազդեցիկ անհատների դերակատարումն ու պատասխանատվությունը։ Հայաստանը փոփոխությունների գնալու և դրական զարգացումներ ապահովելու այլ քաղաքական ռեսուրս չունի։ Լավ է դա, թե վատ, այլ խոսակցության թեմա է։

Նշածս սուբյեկտների խնդիրը պետք է լինի Հայաստանն ու Ղարաբաղը հանել միջազգային հարաբերություններում խաղադրույքի կարգավիճակից, այլապես, «Վերջի բոլշևիկի» հետ միասին, բոլորս կդառնանք հետագա բացասական զարգացումների պատասխանատուն։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը