Մեկնաբանություն

11.06.2014 23:26


Հայաստանին բանականությամբ չես հասկանա

Հայաստանին բանականությամբ չես հասկանա

Սերժ Սարգսյանն Ավստրայում է, Տիգրան Սարգսյանի գտնվելու վայրը հայտնի չէ եւ այս պայմաններում խորհրդարանը քննարկում է 2013-ի պետբյուջեի կատարողականը:

Պարզ է՝ իշխանությունը հայտարարում է, որ պլանը կատարել ու գերակատարել ենք, ոչիշխանական ուժերն էլ թվեր ու փաստեր են նշում, մեկ առ մեկ թվարկում նախկին կառավարության թույլ տված սխալները, ձախողումները եւ ի վերջո՝ հանցանքները:

Ո՞ւմ են ասում՝ հայտնի չէ:

Եթե սոցիալ-տնտեսական խայտառակ վիճակի պատասխանատուները Սերժ եւ Տիգրան Սարգսյաններն են, ինչո՞ւ բյուջեի կատարողականի քննարկումներին նրանք ներկա չեն:

Հասկացանք, մեկը երկրում չէ, մյուսն էլ «հրաժարական» է տվել, բայց բոլոր հարցադրումների կոնկրետ հասցեատերերը նրանք են:

Ուրեմն՝ ո՞րն է այս ամբողջ քննարկումների իմաստն ու նպատակը, եթե դահլիճում ներկա չեն Սերժ եւ Տիգրան Սարգսյանները: Իսկ նրանց փոխարեն հարցերին կցկտուր ու կեսբերան, իբր անտեղյակ ու «ցրողական» պատասխաններ են տալիս «նոր» կառավարության անդամները, որոնք, ըստ էության, անցյալ տարվա բյուջեի կատարողականի համար պատասխանատու էլ չեն:

Սերժ Սարգսյանը ժամանակ է գտնում հանդիպելու եւ ժամերով զրուցելու ՀՀԿ ջահելների հետ, իսկ խորհրդարան մտնել չի բարեհաճում:

Հետո ի՞նչ, որ Տիգրան Սարգսյանն այլեւս վարչապետ չէ: Բայց ինքն է, չէ՞ 120 տոկոսով գերակատարել բյուջեն: Ուրեմն՝ թող գա ու պատասխանի հարցերին, թե ինչպե՞ս է պատահել, որ «գերակատարման» պարագայում աղքատության տոկոսը ոչ միայն չի նվազել, այլեւ՝ աճել է, արտագաղթը ոչ միայն չի դադարել, այլեւ՝ նոր ալիք է սկսվել, տնտեսությունը հայտնի չէ՝ շնչո՞ւմ է, թե արդեն խռխռացնում է, ինչպե՞ս է պատահել, որ «Նաիրիտը» սննկացրել է, էլի բազմաթիվ հարցերի թող գար եւ պատասխաներ: Ոչ միայն Տիգրան Սարգսյանը, այլեւ Սերժ Սարգսյանը:

Բայց անհեթեթությունը նոր է սկսվում. պարզվում է, խնայվել է կես միլիարդ դոլար:

Հիանալի՛ է: Այդ դեպքում իշխանությունն ինչո՞ւ է որոշել նորից բարձրացնել էլէներգիայի վարձավճարը կամ ինչու՞ է որոշել վարկ վերցնել: Խնայված կես միլիարդ դոլարից անհրաժեշտ գումարը հատկացրեք ընկերություններին, որոնց գործունեությունն ապահովելու նպատակով է իբր բարձրացվում էլէներգիայի վարձավճարը:

Երկիրն այս վիճակին հասցրած եւ դրա համար իրական ու անմիջական պատասխանատվություն կրող երկու անձը չեն գալիս խորհրդարան, բայց խորհրդարանական ամբիոնից մարդիկ անպատասխան հարցերի շարք են ներկայացնում՝ նորից ու կրկին բացահայտելով կատարված ու հայտնի հանցանքները:

Երեւի կուտակված հարցերին համառորեն չպատասխանելու եւ հանրության հանդեպ ակնհայտ արհամարհանք դրսեւորելու համար էլ որոշվեց Սերժ Սարգսյանի աշխատավարձը եռակի չափով բարձրացնել՝ 436.460 դրամից հասցնելով 1.320.000 դրամի:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը