Մեկնաբանություն

13.06.2014 10:13


Պատճառ և հետևանք

Պատճառ և հետևանք

Ամեն անգամ, երբ ռուս պաշտոնյաները ինչ-որ հայտարարություններ են անում (ընդ որում, «ավագ եղբոր» դիրքերից վիրավորելով մեր ազգային արժանապատվությունը), անմիջապես հայոց լեզվի ու հայրենիքի համար «ողջակիզվող» համացանցային ակտիվիստներն ու քաղաքական «թունդ ընդդիմադիրները» սկսում են վիրտուալ ձեւաչափվ բռունցքներ ճոճել, հայհոյել, անիծել ու սպառնալ տարբեր տրամաչափի ռուս չինովնիկներին: Սա դարձել է «հայրենասիրության» տարատեսակ։

Լավ են անում, բայց մտածում ես՝ վերջապես ե՞րբ են սրանք պատճառը տարբերելու հետեւանքից:

Մեր նկատմամբ վերակացուի կեցվածք ընդունած ու պահանջներ ներկայացնող ռուս բարձրաստիճանները մինչեւ 2013-ի սեպտեմբերի 3-ը մեզ հետ այդ տոնով չէին խոսում: Կամ, համենայնդեպս, այդ աստիճանի անհարգալից չէին։

Ամեն ինչ սկսվեց սեպտեմբերի 3-ից հետո, երբ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ Հայաստանի տեղը միայն Մաքսային միությունն է: Այսինքն, միանձնյա որոշմամբ մեր երկիրը տարավ դեպի ՄՄ:

Մոտ չորս տարի ԵՄ–ի հետ բանակցելուց հետո ՄՄ մտնելը բնական է, որ այս վիճակին էր հասցնելու։

Ակնհայտ էր, որ ՄՄ մտնելու մասին Սարգսյանի հայտարարությունից հետո ռուս պաշտոնյաները սկսելու էին Հայաստանի մասին եւ Հայաստանի հետ խոսել այնպես, ինչպես հարմար է իրենց, այսինքն՝ բացառապես ՌԴ շահերից բխող հայտարարություններ անել:

«Դուք եք, չէ՞, խնդրել, որ մտնեք Մաքսայինի կազմ, ուրեմն խելոք լսե՛ք ու կատարե՛ք այն ամենը, ինչ մենք ենք ասում»,–հենց այս «քյասար» տոնով էլ սկսեցին պահանջներ ներկայացնել: Բայց նման կերպ արտահայտվելու իրավունքը Սերժ Սարգսյանն է տվել։ Մանավանդ որ ՄՄ մտնելու մասին Սերժ Սարգսյանի խնդրանքին անմիջապես հաջորդեց պաղատանքը՝ Զորի Բալայանի նամակի ձեւով:

Սեպտեմբերի 3-ից մեկ ամիս անց ՌԴ նախագահի խորհրդականը Հայաստանը համեմատեց Կալինինգրադի մարզի հետ: Ու դարձյալ «հայրենասիրական» ալիք բարձրացավ։ Ու կրկին «թունդ ընդդիմադիրները» «հայրենասիրական» ալիք բարձրացրեին՝ կրկին խառնելով պատճառի ու հետևանքի տեղերը։

Հետո նույն կերպ ՌԴ դեսպան Վոլինկինի «պորտը տեղը դրեցին», ով հայտարարեց, թե պետք է փակել ՀՀ-ում գործող այն Հ/կ-ները, որոնք հակառուսական քարոզ են իրականացնում։ Բնականաբար, դարձյալ «մոռանալով», որ այս ամենի գլխավոր պատասխանատուն Սերժ Սարգսյանն է, քանի որ նա է որոշել Հայաստանը մտցնել ՄՄ, և նա՛ է անարժանապատիվ հարաբերություններ հաստատել ՌԴ–ի ու մնացյալի հետ: Ավելին, որոշում կայացնելուց հետո էլ զարմացրել է ռուսական կողմին իր շտապողականությամբ: Այսինքն, այս «ճաշը եփել» է ինքը:

Դե, հիմա էլ Կրեմլի գլխավոր քարոզիչն է եկել ու ասում է, թե ՀՀ-ում ռուսերենի վիճակն իրենց չի գոհացնում, պետք է թափով տարածել ռուսերենը Հայաստանում՝ բացահայտ հայտարարելով, որ ռուսաց լեզվի նկատմամբ հայերիս դրսեւորած վերաբերմունքի աստիճանով է պայմանավորված լինելու ՀՀ-ի անվտանգությունը:

Եվ դարձյալ, ինչպես ՌԴ դեսպանի դեպքում, ոմանք պահանջում են, որ Կիսելյովն էլ հայտարարվի «պերսոնա նոն գրադա»: Այլ կերպ ասած՝ պահանջում են Կիսելյովի հրաժարականը, բայց ծպտուն չեն հանում Սերժ Սարգսյանի մասով։

Համացանցային ակտիվիստներն էլ «հերոսաբար» թքում-մրում են Դմիտրիին՝ է՛լ «դասական ապուշ», է՛լ «հայվան», է՛լ «քաղաքական թութակ», է՛լ «տապոռ քարոզիչ», է՛լ գնա գրողի ծոցը....

Այս ու այն կողմից խիստ «հայրենասիրաբար» գոռում-գոչում են:

Է՛հ, էդքան «հայրենասեր» ու «հերոս» էիք՝ ժամանակին Սերժ Սարգսյանին հարց տայիք՝ տանում ես մեզ ՄՄ, որ ի՞նչ անես…որ գնաս նստես Եվրասիական տնտեսական միության նիստի դահլիճում ու Նազարբաեւին չկարողանաս պատասխանե՞լ (այն էլ՝ Ղարաբաղին վերաբերող թեմյով):

Հետագայում էլ նույնը շարւնակվելու է, եւ հերթական ռուս պաշտոնյան մեր շահերը զանց առնող հերթական հայտարարությունն է անելու:

Հետաքրքիր է՝ այսօր աղմկողներն ու զայրացողները վերջապես կհասկանա՞ն, թե իրականում ո՛ւմ է պետք «պերսոնա նոն գրադա» հայտարարել: Թե՞ կիսելյովների դեմ կռիվ տալն անշառ ու եկամտաբեր գործ է։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը