Մեկնաբանություն

13.06.2014 10:56


Պուտինը կրկնակի շոկ է ապրել

Պուտինը կրկնակի շոկ է ապրել

Սերժ Սարգսյանը Պուտինին հաճելիորեն, ես կասեի՝ շոկային տարբերակով զարմացնելու բացառիկ տաղանդով է օժտված։ Նրան դա հաջողվել է անել առնվազն 2 (երկու) անգամ:

1–ին շոկ

Առաջին անգամ ՀՀԿ ղեկավարը Պուտինին զարմացրեց Հայաստանի «արևմտամետ» քաղաքականության եզրափակիչ փուլում։

Ինչպես հայտնի է, մոտ չորս տարի տևած բանակցություններից հետո Սերժը հայտարարեց, որ ուզում է մտնել Մաքսային միություն։ Դա տեղի ունեցավ այն բանից հետո, երբ նրան Խորվաթիայում շատ հանրամատչելի ձևով բացատրեցին, թե ինչ է սպասվում ՀՀ–ԵՄ ասոցացումից հետո (ի դեպ, ասում են, որ Խորվաթիայում լրիվ այլ պատճառով է Սարգսյանը համաձայնություն տվել ՄՄ մտնելուն, բայց դրանք չհաստատված տեղեկություններ են, այնպես որ, պետք է հիմք ընդունել հարցի քաղաքական կողմին վերաբերող հանգամանքները)։

Ինչ մնում է Պուտինի զարմանքին, ապա դա պայմանավորված էր այն բանով, որ ռուսները ցանկանում էին ստանալ նվազագույնը (Հայաստանի հրաժարումը եվրաասոցացումից), ու դրա համար պահանջում էին առավելագույնը (Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը) և առանց դիմադրության ստացան առավելագույնը, ինչին անկեղծորեն չէին սպասում և հաճելիորեն զարմացան՝ դրական շոկ ապրելով։

Կրեմլի նպատակը «Պահանջի՛ր առավելագույնը, որպեսզի ստանաս ուզածդ նվազագույնը» մարտավարության կիրառմամբ Հայաստանին չեզոք գոտում պահելն էր, բայց Սերժն իր «արևմտամետ» աջակիցների հետ միասին այնպես սլացավ դեպի Կրեմլ, որ չզարմանալ հնարավոր չէր։

Ոչ պակաս զարմանքի առիթ դարձավ ՄՄ մտնելու Սարգսյանի շտապողականությունը. եվրագերազանցիկությանը փոխարինելու է եկել եվրասիականությունը։

2–րդ շոկ

Երկրորդ անգամ Պուտինին զարմացնելու համար Սերժ Սարգսյանը հասավ Աստանա, ապա վերադարձավ Ծաղկաձոր ու սիրտը բացեց։

Զարմանքի պատճառն այն է, որ Նազարբաևի շուրթերով Ալիևի հնչեցրած պահանջները ՀՀԿ ղեկավարն իր երիտթևի ներկայությամբ բավարարեց՝ հայտարարելով, որ Ղարաբաղը մեր պատկերացումներով Հայաստանի մաս չէ, և որ Հայաստանը Ղարաբաղի հետ չի մտնելու ԵՏՄ։

Պուտինը, ամենայն հավանականությամբ, չէր սպասում, որ Սերժ Սարգսյանն այդպես հեշտությամբ կհանձնվի, ու Կրեմլի համար կապահովի այդպիսի կոմֆորտային միջավայր Ալիևի հետ բանակցություններում։

Մոսկվայում, փաստորեն, ավելի լուրջ էին մտահոգված հայ հանրության ռեակցիայով ու դրա համար էին Նազարբաևի միջոցով բարձրաձայնում Ալիևի պահանջները։ Որքան մեծ էր Պուտինի զարմանքը, երբ նա տեսավ, որ Սերժ Սարգսյանը «նախաձեռնողական» է դառնում Հայաստանի համար այնպիսի կենսական հարցում, ինչպիսին Ղարաբաղն է։

Հարցն այն չէ, որ մենք «էրվում» ենք Եվրասիական տնտեսական միություն մտնելու հեռանկարով ու վատ ենք զգում, որ այնտեղ Ղարաբաղը հետներս չի լինելու։ Հարցն այն է, որ Մոսկվան ցանկանում է ԵՏՄ բերել Ադրբեջանին։ Ալիևն էլ մեծ առևտուր է սկսել Կրեմլի հետ՝ բնականաբար, գին նշանակելով Ղարաբաղի հարցի ադրբեջանանպաստ լուծումը։ Արդյունքում՝ Մոսկվան հայտնվել է սեփական շահերի բախման կիզակետում։

Բանն այն է, որ ռուսներին մի կողմից ձեռնտու է Ղարաբաղում հաստատված ստատուս քվոն, որը բխում է նաև ՀՀ շահերից, բայց մյուս կողմից էլ Պուտինն ամեն ինչ անում է Ադրբեջանին ԵՏՄ բերելու համար, ինչը ենթադրում է ստատուս քվոյի փոփոխություն՝ հօգուտ մեր հարևանների։ Ահա այստեղ է, որ Սերժ Սարգսյանը պետք է կռիվ տա մեր շահերի համար, բայց նա, սկսած «Ֆուտբոլային» դիվանագիտությունից, արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է ղումարբազի հոգեբանությամբ և զիջելու պատրաստակամությամբ։ Արդյունքները տեսանելի են բոլորին։

Սերժ Սարգսյանի անողնաշար քաղաքականության արդյունքում հայկական շահերն անտեսվում են աշխարհի բոլոր խոշոր կենտրոններում, իսկ փոխարենը և՛ Արևմուտքը, և՛ Ռուսաստանը հիմա ձեռքից ձեռք են խլում ԵՄ–ի հետ ասոցացման գործընթացի մեջ չմտած և ԵՏՄ անդամ դառնալ չցանկացող Ադրբեջանին։

Վերսկսված «սառը» պատերազմի պայմաններում երկու կողմն էլ հիմա սիրաշահում է Ալիևին մեր թշնամի երկրին դաշնակից դարձնելու համար, քանզի աշխարհում հիմա կռիվը գնում է քարտեզի ամեն մի միլիմետրի համար։

Սերժ Սարգսյանն իր անհեռատես ու հակահայկական քաղաքականության արդյունքում Հայաստանը տարավ խոշորների բախման տիրույթ, և հիմա մենք տեսնում ենք այդ ամենի բացասական հետևանքները։ Պատահական չէ ամերիկացիների այն ագրեսիվությունը, որով նրանք պահանջում են Հայաստանի կապիտուլյացիան, որի ճանապարհային քարտեզի առաջին կետն ազատագրված տարածքներից ղարաբաղյան զինուժի դուրսբերումն է։ Ուորլիքը, ՀՀ–ում ԱՄՆ դեսպանն ու Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը միաբերան պնդում են հողերի վերադարձի մասին, և դա արվում է Ադրբեջանին արևմտյան տնտեսաքաղաքական տարածք բերելու համար։

Ռուսաստանն էլ, փորձելով հետ չմնալ Արևմուտքից, Նազարբաևի շուրթերով է «մեսիջներ» ուղարկում Ալիևին, քանզի ուզում է բալանսը պահել Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Բայց հիմա Կրեմլում տեսնում են, որ Սերժ Սարգսյանը զրոյական դիմադրություն է ցույց տալիս ու պատրաստ է սպասարկել Մոսկվայի շահերը Ադրբեջանի հետ հարաբերություններում ցանկացած գնով։

Սերժ Սարգսյանը Մոսկվայի հետ իր շփումները կառուցում է «գյուլիստանյան» տարբերակով։ Նա միայն սեփական աթոռի ու փողի հարց է ուզում լուծել։ Ուրիշ ոչինչ։ Ոչ մի պետական շահ։ Դրա հետևանքով վատանում են հայ–ռուսական հարաբերությունները, Ադրբեջանը լկտիանում է ու ավելի ագրեսիվանում (Նախիջևանից հնչած կրակոցներն Աստանայում Սերժի պահվածքի արձագանքն էին)։

Այդ պայմաններում բնական է, որ Սերժի շնորհիվ Հայաստանն ու Ղարաբաղը գրպանում ունեցող Կրեմլը փորձում է ամերիկացիներից առաջ ընկնել ու Ադրբեջանին ավելի գայթակղիչ առաջարկներն անել Ղարաբաղի մասով։

Ղարաբաղի հարցով մրցավազք է սկսվել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև, թե ով ավելի լավ առաջարկներ կանի Ադրբեջանին իր ազդեցության գոտի մտցնելու և, հետևաբար, էներգակիրների ոլորտում առավելության հասնելու համար։

Արևմուտքին «քցած» և ՌԴ–ին ոտքով ու գլխով հանձնված Սերժ Սարգսյանի «նախաձեռնողականության» արդյունքում Հայաստանն այլևս մանրադրամի է վերածվել մեծ խաղի մեջ։ Հայաստանի դիրքերն այնքան են թուլացել, որ Մոսկվայում ուժեղացել է ադրբեջանական լոբբին։ Ու հիմա, երբ ռուսները հայտատարում են, որ Ադրբեջանին ՌԴ–ն համարում է իր ռազմավարական դաշնակիցը, դրանք ամենևին էլ հերթապահ բառեր չեն։

Հայաստանը վերջին վեց տարիների ընթացքում այնքան է զիջել իր դիրքերը, Սերժ Սարգսյանն այնքան է պետական շահերը ստորադասել իր անձնական շահերին, որ մեզ այլևս որևէ պետություն լուրջ չի վերաբերվում, և ցանկանում է իր շահերին համահունչ ձևով օգտագործել մեզ աշխարհաքաղաքական ու աշխարհատնտեսական խաղերում։ Մանավանդ որ Սերժ Սարգսյանը կողմ է այդ ամենին, միայն թե իր աթոռին մնա։

Այնպես որ, Սերժ Սարգսյանին հրաժարականի ուղարկելը և ներքին ու արտաքին քաղաքականության կտրուկ փոփոխություն իրականացնելն ազգային անվտանգության ապահովման հարցի է վերածվում։ Չի կարելի թույլ տալ, որ Սերժ Սարգսյանը պարբերաբար զարմացնի Պուտինին։ Եվ ոչ միայն Պուտինին։

Սերժի «նախաձեռնողականությունից» հաճելիորեն զարմացած են նաև Թուրքիայում և Ադրբեջանում։ Մեր երկու հարևանները ամեն ինչ անում էին ու հսկայական ռեսուրսներ էին ծախսում, որպեսզի հայ–ռուսական հարաբերությունները փչանան, սակայն չէին կարողանում։ Սերժն իր «նախաձեռնողականությամբ» Թուրքիային ու Ադրբեջանին հասցրեց իրենց նպատակին անվճար տարբերակով։ Ահա թե ինչի կարող է հանգեցնել քաղաքական անմեղսունակությունը և պետական կառավարումը որպես անձնական բիզնես դիտարկելը։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը