Մեկնաբանություն

14.06.2014 14:00


Արմեն Գրիգորյան. Երևանը գերադասել է չպատասխանել

Արմեն Գրիգորյան. Երևանը գերադասել է չպատասխանել

Մայիսի 11-ին ԱԺ-ի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը և մի շարք այլ հանրապետական պատգամավորներ հանդիպել են «Ռուսաստանն այսօր» միջազգային տեղեկատվական գործակալության գործադիր տնօրեն, լրագրող Դմիտրի Կիսելյովի հետ: Վերջինս հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը պետք է «Լեզվի մասին» օրենքում փոփոխություն կատարի, ավելացնի ռուսական դպրոցների քանակը, ապահովի ռուսերենի տարածումը։ Ըստ Կիսելյովի՝ այս քայլերը բխում են Հայաստանի անվտանգության շահերից: Կիսելյովը նաև ասել է, որ շփվել է տաքսու վարորդի հետ, որը նույնիսկ ռուսերեն հաշվել չգիտեր ու իր դժգոհությունն է հայտնել այդ «պատահարի» համար:

Հայաստանում Ռուսաստանի նախկին դեսպան Վյաչեսլավ Կովալենկոն, որը նույնպես ներկա էր հանդիպմանը, հայտարարել է, որ Հայաստանում ռուսերենը պետք է դառնա երկրորդ պետական լեզու: Ռուսների նման ցինիկ վերաբերմունքին ՀՀԿ-ական պատգամավորներից որևէ մեկը տեղում չի արձագանքել:

Ռուսաստանի տարբեր աստիճանի պաշտոնյանների նման վարքագիծը պայմանավորված է երկու հանգամանքով: Առաջին հանգամանքը կապված է Ռուսաստանի կառավարման համակարգի հետ: Ռուսաստանում երբեք չի գործել հանրային պատասխանատվության ինստիտուտը: Հանրային պատասխանատվության ինստիտուտ ունենալու համար անհրաժեշտ են ազատ և մրցակցային ընտրություններ: Պատմության ամբողջ ընթացքում Ռուսաստանում եղել են միապետական, ամբողջատիրական և ավտորիտար ռեժիմներ: Այդ իսկ պատճառով հանրային պատասխանատվության ինստիտուտը չի ձևավորվել, և իշխանությունը նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ պատասխանատվություն չի ունեցել: Դա է պատճառը, որ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները նույն վերաբերմունքն են դրսևորում նաև Ռուսաստանից դուրս:

Կիսելյովը նմանատիպ վերաբերմունք ունի նաև Ռուսաստանի քաղաքացիների նկատմամբ: Իր հաղորդումների ընթացքում նա շատերին է որակել «հինգերորդ շարասյան» ներկայացուցիչներ, գործակալներ և այլն: Ռուսաստանում քաղաքական ազատություններն ավելի ու ավելի են սահմանափակվում: Պետական դուման 2012թ. նույնիսկ հկ-ների գործնեությունը սահմանափակող օրենք ընդունեց: Ի դեպ, Ռուսաստանի ներկայիս դեսպան Իվան Վոլինկինն առաջարկել էր, որ Հայաստանում ևս նման օրենք ընդունվի:

Երկրորդ հանգամանքը հայկական կողմի դրսևորած վարքագիծն է նման իրավիճակների ժամանակ․ ՀՀԿ-ական պաշտոնյանները և առաջին հերթին Սերժ Սարգսյանը երբեք պատշաճ ձևով չեն արձագանքում ռուս (և ոչ միայն ռուս) պաշտոնյանների նմանօրինակ հայտարարություններին: Ռուսական կողմը բազմիցս է հանդես եկել նման հայտարարություններով, որին պաշտոնական Երևանը գերադասել է չպատասխանել։ Դե ինչպես պատասխանեն, եթե իրենք են կիսելյովների պահվածքի համար պարարտ հող ապահովում։

Հաշվի առնելով վարքագծի պատճառները, Ռուսաստանի պաշտոնյաների նման ցինիզմը կանխելու միակ տարբերակը մնում է հայկական կողմի կոշտ արձագանքը: Հանրային մակարդակում քննարկումներն ու կոշտ դիրքորոշումները կարող են փոխել իրավիճակը: Բայց այս իշխանությունների օրոք դա բացառվում է։ Հետևաբար, լուծումներն այլ դաշտում է պետք գտնել։

Այս խորագրի վերջին նյութերը