Մեկնաբանություն

14.06.2014 15:11


Կկուն կանչեց

Կկուն կանչեց

ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո այդ կուսակցության մամլո խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարել է, որ քառյակի ներկայացրած 12–կետանոց պահանջներում կան պոպուլիստական կետեր, որոնք իշխանության համար ընդունելի չեն։

Փաստորեն, ստացվում է, որ Սերժ Սարգսյանն իրավունք ունի, օրինակ, գերշահութաբեր Որոտանի հէկ–ը «կոպեկներով» սեփականաշնորհել ու անունը դնել «ամերիկյան ներդրում» (լավ է շվեդական ներդրում չեն հայատարարել), իսկ ահա քառյակն իրավունք չունի այդ գործարքին անդրադառնալ, քանզի դա պոպուլի՞զմ է։ Կամ՝ Սերժ Սարգսյանի մանկության ընկերներն իրավունք ունեն կարմիր ներկը Երևանի փողոցներում շաղ տալով միլիոններ աշխատել, իսկ ահա քառյակն իրավունք չունի այդ հարցը բարձրացնել, քանի որ դա պոպուլի՞զմ է։ Շատ ուրույն պատկերացումներ ունեն ՀՀԿ–ում պոպուլիզմի մասին։ Ինչևէ։

Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում (իսկ այն, փառք Աստծո, չի դավաճանում), Շարմազանովն ամիսներ առաջ էլ ինքնավստահ հայտարարում էր, թե քառյակի պահանջը՝ հրաժարականի ուղարկել տխրահռչակ Տիգրան Սարգսյանին, իշխանության համար ընդունելի չէ։ Նա նույնիսկ խորհուրդ էր տալիս օֆշորային մեքենայության առանցքային դեմք հանդիսացող Տիգրանի հրաժարականը պահանջողներին սառը ջուր խմել ու հանգստանալ։

Թե ինչ եղավ Տիգրան Սարգսյանի հետ և ով սառը ջուր խմեց, հիշեցնելու կարիք չկա։

Հիմա Շարմազանովը նույն ոճով ասում է, թե քառյակի պահանջները չեն կատարելու, քանի որ պոպուլիզմի հոտ են առել։ Սա պետք է ընդունել որպես լավ լուր, քանզի Շարմազանովի խրոխտ հայտարարությունները, որպես կանոն, ավարտվում են սառը ջրով, որն արդեն խմում է Սերժ Սարգսյանը։

ՀՀԿ մամլո խոսնակի հայտարարություններն, ըստ այդմ, կկվի կանչի նման մի բան են։ Դրանք ազդարարում են ՀՀԿ ղեկավարի համար անցանկալի զարգացումներ։

Քառյակը մինչև սեպտեմբերի վերջ ժամանակ է տվել իշխանություններին, ավելի ճիշտ՝ անձամբ Սերժ Սարգսյանին։

Կան մարդիկ, ովքեր անկեղծորեն դժգոհում են քառյակից, թե ինչու են այդքան ժամանակ տվել այս անարդյունավետ իշխանությանը։

«Պետք էր հենց հիմա սրանց հրաժարականի ուղարկել»,– տրտնջում են արմատական տրամադրությունների կրողները։

Արագ փոփոխություններ պահանջողները ճիշտ են այն հարցում, որ պետք է հիմա հասնել փոփոխության, բայց խնդիրն այս պահին քառյակին ճիշտ կամ սխալ հանելը չէ։ Տարբեր գործոններից ելնելով՝ ոչիշխանական ուժերը որոշել են որոշակի ժամանակ տալ իշխանությանը։ Դա, անշու՛շտ, փոխզիջումային որոշում է, ինչը քաղաքականության մեջ հաճախ հանդիպող երևույթ է։

Մինչև սեպտեմբերի վերջ արդեն, այսպես կոչված, չափավորներն էլ կդառնան արմատական, քանզի եթե Բաղրամյան 26–ում որոշել են պաշտպանել Սերժ Սարգսյանի ու իր նեղ շրջապատի բիզնես շահերը և շարունակել պետական մակարդակով իրականացվող ռեկետը՝ քառյակի պահանջները որակելով պոպուլիզմ, ապա ոչիշխանական ուժերին այլ բան չի մնա անելու, քան հանրային լայն շերտերի օգնությամբ «փողոցում» լուծել իշխանության հարցերը։

Սերժ Սարգսյանի համար կկուն կանչելու է սեպտեմբերին (եթե մինչև այդ ֆորսմաժորային զարգացումներ չլինեն Ղարաբաղի մասով)։ Դրանից հետո սառը ջրի պահանջարկը կտրուկ կավելանա Բաղրամյան 26–ում և Մելիք–Ադամյան փողոցում, բայց դա արդեն Շարմազանովի ու իր շեֆի խնդիրն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը