Լրահոս

26.06.2014 12:39


Կառավարությունը Վ. Բրյուսովի անվան համալսարանին 200 մլն դրամ է հատկացրել

Կառավարությունը Վ. Բրյուսովի անվան համալսարանին 200 մլն դրամ է հատկացրել

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ գործադիրը փոփոխություն է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման համար ԱԱՀ գումարի վճարման արտոնություն էր տրվել «Հայաստանի հանրային հեռուստաընկերություն» ՓԲԸ-ին: Որոշումը թելադրված է ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ավելի քան 1 մլրդ դրամի ներդրումային ծրագրով ընկերությունը հիմնովին վերազինվում է, ինչը հնարավորություն կտա անցնել բարձր հստակությամբ պատկերի թվային հեռարձակմանը:
Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի բնականոն գործունեությունն ապահովելու համար գործադիրն իր պահուստային ֆոնդից բուհին հատկացրել է 200 մլն դրամ:
Իր նախկին որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը հնարավորություն է ստեղծել հիմնանորոգելու Երևանի Պ. Չայկովսկու անվան միջնակարգ մասնագիտական երաժշտական դպրոցի շենքը:
Կառավարության որոշմամբ Երևանի պրոֆ. Արշավիր Շավարշյանի անվան 40-րդ դպրոցի առաջին հարկի շուրջ 620 քառ. մետր տարածքը անհատույց օգտագործման իրավունքով 25 տարի ժամկետով հանձնվել է «Ռոբերտ Սահակյանցի անվան անիմացիոն արվեստանոց» ՀԿ-ին:
Իր նիստում կառավարությունը փոփոխել է իր նախկին որոշումներից մեկը և հաշվի առնելով բժշկական կրթության առանձնահատկություններն ու միջազգային փորձը, վերանայել բժշկական մասնագիտությունների շրջանավարտներին շնորհվող պետական նմուշի ավարտական փաստաթղթի ձևը: Այն կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, և շրջանավարտներն արտերկրում ուսումը շարունակելիս կամ աշխատելիս ավարտական փաստաթղթի հետ կապված որևէ խնդիր չեն ունենա:

Այս խորագրի վերջին նյութերը