Մեկնաբանություն

27.11.2010 08:18


Հայաստանն աշխատում է դրսի համար

Հայաստանն աշխատում է դրսի համար

Ազգային վիճակագրական ծառայության վերջերս հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ներմուծված ապրանքների գումարային ծավալը կազմում է 3001,5 մլն ԱՄՆ դոլար, իսկ արտահանումը՝ 793.9 մլն դոլար։ Այսինքն՝ ներմուծումը արտահանմանը գերազանցում է մոտ 4 անգամ։

Նախորդ տարվա համեմատ ներմուծում-արտահանում հարաբերակցությունը փոքր-ինչ բարելավվել է, սակայն երբ ուսումնասիրում ես արտահանման կառուցվածը, պարզ է դառնում, որ դա տեղի է ունեցել պղնձի և մոլիբդենի միջազգային գների աճի, այլ ոչ թե Հայաստանի արդյունաբերական արտադրանքի արտահանման կամ էլ ներմուծման փոխարինման հաշվին։

Կառավարությունը և մասնավորապես վարչապետ Տիգրան Սարգսյանը շատ են սիրում խոսել «Հայկական աշխարհի» մասին՝ քարոզելով այն գաղափարը, թե դրսի հայերը եթե հայկական ապրանքներ գնեն, ապա մեր արտահանումը կավելանա։ Թվում է, թե վատ գաղափար չէ, բայց գործադիրի քայլերն ու իրականությունն այլ երևույթի մասին են վկայում։ Տեղական արտադրության քարոզն ու վարվող քաղաքականությունը միմյանց հակասում են։

Ինչպես հայտնի է, ՀՀ պետբյուջեի ծախսերի շուրջ 40%-ը պետական գնումներն են՝ սկսած գրիչից ու վերջացրած լայն սպառման այլ ապրանքներով։ Պարզվում է, որ պետական գնումների մեծ մասը ներկրվող ապրանքներ են։ Ի դեպ, մեր պետությունը նախապատվությունը ներկրվող ապրանքներին տալիս է նույնիսկ այն դեպքում, երբ առկա է տեղական արտադրության համարժեքը։ Սա արդեն ցույց է տալիս, որ «Հայկական աշխարհի» մասին ճամարտակումներն ընդամենը դեմագոգիա են. եթե ինքդ չես գնում քո երկրում արտադրվածը, ապա ինչպե՞ս ես քարոզում, որ դրսի հայերը գնեն հայկականը։

Աշխարհի իրենց հարգող բոլոր երկրները պետական գնումների միջոցով խրախուսում են տեղական արտադրությունը, այլ հավասար պայմաններում գումարները հատկացնում են հայրենական բիզնեսին, իսկ մեզ մոտ ճիշտ հակառակն է արվում։

Օրինակ՝ հարևան Թուրքիայում օրենսդրորեն պաշտպանվել են տեղական արտադրողները, և եթե նրանք պետությանը նույնիսկ մինչև 15% ավելի թանկ գին են առաջարկում, քան ներմուծողները, ապա նախապատվությունը տրվում է թուրքականին։ «Ֆուտբոլային» դիվանագիտության սիրահարները լավ կանեին, որ այսպիսի բաներ փոխ առնեին Թուրքիայից, այլ ոչ թե սեփական աթոռը պահելու համար թուրքերին հրավիրեին Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացին օժանդակելու։

Եթե իշխանություններն իրոք ցանկություն ունեն խրախուսելու տեղական արտադրությունը, ապա դա կարող են սկսել պետական գնումների համակարգը որոշակի փոփոխության ենթարկելով։ Դրանից հետո կարելի է արդեն ինչ-որ տեղ հասկանալ «Հայկական աշխարհի» քարոզը, թե չէ մի քիչ անհարմար բան է ստացվում։  

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը