Լրահոս

03.09.2009 15:50


Երվան Բոզոյանը վերլուծել է ՀՀ ռազմավարական սխալը

Երվան Բոզոյանը վերլուծել է ՀՀ ռազմավարական սխալը

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանի կարծիքով ոչ թե պետք է քննարկել Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման արձանագրությունների այս կամ այն կետի նպաստավորության կամ վտանգավորության մասին, այլ այն, թե հայ-թուրքական հարաբերությունների բարելավման գործընթացը, կամ, այլ կերպ ասած, «ֆուտբոլային դիվանագիտությունը» առո՞ղջ գործընթաց է, թե՞ ոչ։ Մասնավորապես Ե. Բոզոյանը համոզված է, որ հայկական կողմը, հրապարակայնացնելով 2007թ.-ից Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված գաղտի բանակցությունները, ռազմավարական սխալ թույլ տվեց.

-1991թ., երբ Հայաստանը հռչակվեց անկախ պետություն, Թուրքիան թեև ճանաչեց Հայաստանի Հանրապետությունը, սակայն դիվանագիտական հարաբերություններ չհաստատեց։ Իսկ 1993թ. հայտնի իրադարձություններից հետո Թուրքիան փակեց սահմանը,- ասում է Ե. Բոզոյանը՝ հավելելով,- Թուրքիայում տեսակետ կար, որ հայ-թուրքական սահմանը կբացվի միայն այն պայմանով, երբ հայ-ադրբեջանական հարաբերություններում որոշակի առաջխաղացում կլինի։ Այս տեսակետը դոմինանտ էր թե՛ Թուրքիայում, թե՛ Հայաստանում։ Հետո որոշակի մոդիֆիկացիա եղավ։ Կյանքն ու իրադարձությունները ցույց տվեցին, որ հայկական պետականությունը կայացավ, և Թուրքիայում առաջացավ այն գաղափարը, որ իրենք հայ-թուրքական հարաբերությունները չբարելավելով՝ ոչ մի դրական բանի չեն հասնելու։

Քաղաքագետի խոսքերով՝ թուրքական քաղաքական վերնախավի մի մասը պնդում էր, որ Թուրքիան և Հայաստանը գաղտնի բանակցություններ պետք է սկսեն՝ դրանք թուրք-ադրեբաջանական հարաբերությունների հետ չկապելով , և 2007թ. սկսվեցին այդ գաղտնի բանակցությունները.

-Թուրքական կողմը, 2007թ. գնալով սեպարատ բանակցությունների, արդեն գրեթե համաձայնվել էր, որ այլևս ճնշման լծակներ չունի այդ գործընթացը կապելու հայ-ադրբեջանական հարաբերությունների հետ։ Այժմ քննարկվող փաթեթը սկսել էր քննարկվել 2007թ.-ից։ Ի՞նչ կատարվեց հետո։ Հայկական կողմն այդ գաղտնի բանակցությունները հրապարակայնացրեց, որը, իմ կարծիքով, ռազմավարական սխալ էր։ Հայկական կողմի հրապարակայնացումը թուրքական քաղաքական վերնախավի կողմից գնահատվեց հայկական կողմի թուլություն, այդ թուլությունը բերեց նրան, որ թուրքական քաղաքական վերնախավում առաջ եկավ այն գաղափարը, որ հայ-թուրքական հարաբերությունները միանշանակ պետք է կապել Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։

Իսկ որպես սրա վառ ապացույց՝ Ե. Բոզոյանը բերում է Թուրքիայի վարչապետի և ԱԳ նախարարի բազմաթիվ հայտարարություններն այն մասին, որ հայ-թուրքական սահմանը չի բացվի, քանի դեռ ԼՂ-ի կարգավորման հարցում առաջխաղացում չի լինի։

-Ամբողջական գործընթացն ինձ մտահոգում է, քանի որ սա ուղղակիորեն կապվում է ԼՂ-ի խնդրի հետ։ Եվ ես կարծում եմ, որ այս մոտակա 2-3 ամսվա ընթացում դուք ուղղակի ականատես կլինեք, թե ինչպիսի ճնշումներ կլինեն այս գործընթացի առաջխաղացման համար,- նշում է քաղաքագետը՝ շարունակելով, որ բոլոր առողջ մարդիկ հասկանում են, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն, բայց խնդիրն «ինչպես»-ի մեջ է՝ ինչի՞ հաշվին.

-Թուրքիան ստացել է ամբողջը, ինչն ուզում էր։ Հիմա էլ իմիտացիոն դաշտ է ստեղծում. այն տեղափոխում է ղարաբաղյան դաշտ, և ճնշումներն սկսում են արդեն Ղարաբաղի վրա, որի արդյունքում հայ-թուրքական հարաբերությունները չեն բարելավվում, բայց արդեն ակտիվորեն սկսում է քննարկվել ղարաբաղյան խնդիրը, որն ամենավտանգավորն է։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը