Մեկնաբանություն

06.07.2014 16:24


Պետրոս Գետադարձի հետքերով

Պետրոս Գետադարձի հետքերով

«Արևմտամետ» Սերժ Սարգսյանը Գյուլիստանի պայմանագրի շրջանակներում հանձնել է Հայաստանն ու Ղարաբաղը Կրեմլի տնօրինմանը՝ այն հաշվարկով, որ ինքն էլ հնարավորություն կստանա գուբերնատորի կարգավիճակում մնալ աթոռին ու փող աշխատել։

Ուշագրավն ու արտառոցն այն է, որ Մաքսային միություն մտնելու որոշումից հետո Սերժը ստանձնել է Ռուսաստանի շահերը Ադրբեջանի հետ հարաբերություններում պաշտպանողի ֆունկցիան՝ հանդես գալով Հայաստանի ու Ղարաբաղի շահերի դեմ։ Մինչև այդ, ի դեպ, նա նույն դերին համաձայնել էր ԵՄ–ի հետ ասոցացման շրջանակներում։

«Վերջի բոլշևիկի» վարած արտաքին քաղաքականության արդյունքում Հայաստանն այլևս միջազգային հարաբերություններում սուբյեկտ չէ։ Միայն վատ երազում կարելի էր պատկերացնել, որ 88–ի շարժումից 25 տարի անց Հայաստանի ճակատագրի վերաբերյալ թվիթերյան գրառման շրջանակներում տեսակետ կհայտնի Ղազախստանի չինովնիկներից մեկը։ Ինչևէ։

Հիմա մեր երկիրը դրսի ուժերին հետաքրքիր է զուտ Ադրբեջանի հետ առևտրի համատեքստում։ Բանը հասել է այնտեղ, որ Եվրասիական տնտեսական միություն Հայաստանի մտնել–չմտնելու հարցը Բաքուն է որոշելու. քանի դեռ Մոսկվան ու Բաքուն վերջնական համաձայնության կամ անհամաձայնության չեն եկել, Սերժ Սարգսյանին կմնա միայն Հ1–ով հարցազրուց տալն ու ԵՏՄ–ին անդամագրվելու «տեխնիկական» խնդիրներից խոսելը և բացի այդ՝ սեփական նախաձեռնությամբ Մոսկվային ծառայություններ մատուցելը։

Վերջին երկու հայտարարությունները, որոնցից մեկն իր, իսկ մյուսը Գեղամյանի շուրթերով հնչեցրեց Սերժը, վկայում են այն մասին, որ պաշտոնական Երևանը «նախաձեռնողականություն» է ցուցաբերում Մոսկվա–Բաքու հարաբերությունների ժամանակ։ Ընդ որում՝ Սերժ Սարգսյանը բացահայտորեն պաշտպանում է Մոսկվայի շահը և որոշ հարցերում Բաքվի հետ համատեղ հանդես գալիս Երևանի ու Ստեփանակերտի շահերի դեմ։

Եթե Սերժ Սարգսյանի ամենասիրելի քաղգործիչ Գեղամյանը խոսում է Ադրբեջանի՝ ԵՏՄ մտնելու մասին ու համոզմունք հայտնում, որ ԵՏՄ–ի շրջանակներում էլ կլուծվի Ղարաբաղի հարցը (այնպես, ինչպես ՍՍՀՄ տարիներին էր լուծվել), ապա մենք գործ ունենք տխրահռչակ Պետրոս Գետադարձի հետքերով գնացողների հետ։

Այժմ այնպիսի վիճակ է ստեղծվել, երբ ՀՀ–ում ԱՄՆ դեսպանը գրեթե ամեն օր հանդես է գալիս Ղարաբաղի հողերը հանձնելու, այսինքն՝ Հայաստանի կապիտուլյացիայի պահանջ–կոչով՝ դրանով իսկ փորձելով ավելի գայթակղիչ առաջարկ անել Բաքվին, քան անում են ռուսները Սերժ Սարգսյանի, Արտաշես Գեղամյանի ու մյուսների միջոցով։ Ասել է թե՝ մրցավազք է սկսվել Արևմուտքի ու Ռուսաստանի միջև՝ Ադրբեջանին իրենց կողմը քաշելու համար։ Սերժ Սարգսյանն այս մրցավազքում երկուսի կողմից է՝ «Ով ինձ կպահի իշխանության ու փող կտա» ծրագրի շրջանակներում։

Ալիևը, բնականաբար, չի շտապում, քանզի տեսնում է, որ Երևանի ու Ստեփանակերտի շահերը ներկայացնող չկա և ինքը կարող է Արևմուտքի ու Ռուսատանի հետ «բազառներում» գինը բարձրացնել մինչև վերջ։ Բախտներս առայժմ բերում է, քանզի Ալիևն ագահություն է ցուցաբերում, իսկ ռուսներն էլ չեն ուզում բավարարել նրա ախորժակը՝ Կրեմլի շահերից ելնելով։ Դե իսկ ԱՄՆ–ն այս տարածաշրջանում այն թափը չունի, որ կյանքի կոչի ՀՀ–ի կապիտուլյացիայի իր բանաձևը։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ Սերժ Սարգսյանին ակնհայտորեն հանգիստ չեն տալիս Պետրոս Գետադարձի «դափնիները» և միայն իշխանափոխությունից հետո ամբողջությամբ հնարավոր կլինի պարզել, թե այդ ի՞նչ մոտիվներ էին դրդում «Վերջի բոլշևիկին» «նախաձեռնողականություն» ցուցաբերելու ժամանակ։

Սևակ Մինասյան

Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի մոտ «հայրենասիրության» հերթական փուլն է սկսվել, այս անգամ՝ եվրասիականության «մոմենտով»։

ՀՀԿ–ն ներկայացնող տարատեսակ դեմքերն սկսել են խոսել այն մասին, որ Հայաստանը ՄՄ չի մտնի նախապայմանով, և որ Հայաստանը միայն հավասար պայմաններով կհարաբերվի ՄՄ շրջանակներում։

Մի կողմ թողնենք այն հարցը, որ ՄՄ որպես այդպիսին արդեն չկա և խոսք է գնում ԵՏՄ մտնելու կամ չմտնելու մասին։ Ըստ երևույթին՝ ռուսները «պասլատ» են անում և փող չեն տալիս։ Սերժին այլ բան չի մնում, քան «հայրենասիրություն» խաղալն ու ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Հեֆերնին անձամբ այցելելն ու դրանով իսկ Ղարաբաղի հողերը վերադարձնելու նրա առաջարկներին դրական գնահատական տալը։

7 շրջաններն անհապաղ Ադրբեջանին հանձնելու մասին ամեն օր հայտարարությամբ հանդես եկող Հեֆերնի հետ ջան–ջիգյարային շփումներով Սերժը ռուսներին հասկացնում է, որ եթե իրեն փող չտան, ապա ինքն ադեն ԱՄՆ շահերը կներկայացնի Բաքվի հետ հարաբերություններում։

Ռուսներն առայժմ պաշտպանում են Ղարաբաղը Սերժից, բայց այդպես երկար ձգվել չի կարող, քանզի Սերժի, Պուտինի ու Ալիևի տեսակետները կարող են մի օր համընկնել։ Սերժն ամեն ինչի համաձայն է։ Հարցը մյուս երկուսի մեջ է։

Այս խորագրի վերջին նյութերը