Լրահոս

14.07.2014 15:28


Լեռնահայաստանի անկումը

Լեռնահայաստանի անկումը

«Չի կարելի օգնել այն ընկածին, եթե նրան պակասում է
ինքնօգնությամբ ոտքի կանգնելու կամքը»
Գարեգին Նժդեհ

1921թ. հուլիսի 12-ին, Հայաստանի Հանրապետության ազատ ու անկախ վերջին տարածքն ու միջնաբերդը՝ Լեռնահայաստանը ևս ընկավ Կարմիր Բանակի տիրապետության տակ: Հայոց բազմադարյան պատմության ամենից դառն ու տխուր պահերից մեկն է խորհրդանշում 1921թ.ի հուլիսի 12-ը, որովհետև 93 տարի առաջ հայ ժողովուրդը իր ազատության և անկախության վերջին արծվաբույնը ևս զիջեց Հայաստանին պարտադրված խորհրդային իշխանությանը:

Շատ բան է գրվել պատմական Հայաստանի Գողթան գավառի և Սյունյաց Աշխարհի՝ Ազատն Լեռնահայաստանի փառահեղ հերոսամարտի մասին։ Գրվել է` ինչպես Լեռնահայաստանի անկմանը հետևած տարիներին՝ 1920-ականներին, նույնպես և վերջին քսանամյակին, Զանգեզուրի անպարտելի Արծվի՝ Գարեգին Նժդեհի մերօրյա վերարժևորման խորապատկերի վրա:

Հայաստանի վերանկախացման պայմաններում նորովի գնահատականն է տրվում Հայաստանի հարավային դարպասի հայացման և ազատագրման փրկարար դերին՝ հայոց նորագույն պետականության արմատավորման մեծ գործում:

1918թ.ի մայիսի 28-ին նվաճված Հայաստանի անկախությունն ու նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը կարողացան դիմանալ արտաքին ճնշումներին և հարվածներին՝ հատկապես Լեռնահայաստանի ազատագրման շնորհիվ: Պատմակերտ այդ քայլը ձեռնարկեց վարչապետ Ալ. Խատիսյանի կառավարությունը 1919թ.ի աշնանը, երբ Զանգեզուր ուղարկեց Գարեգին Նժդեհին իբրև ընդհանուր հրամանատար հայկական բանակի այն զորամասերին, որոնք կենաց-մահու կռիվ էին մղում Հայաստանի հարավ¬արևելյան սահմանների վրա, թուրքական և ազերիական կանոնավոր բանակի և զինյալ խուժանի ասպատակումների դեմ:
Ապավինած հայրենի լեռներին ու իր ազատատենչ ոգու զորությանը՝ Սյունիքի հայությունը, հայկական բանակի մարտունակությամբ և Նժդեհի ղեկավարությամբ, քաջաբար կռվեց նախահարձակ թշնամու դեմ և հաղթանակով պսակեց անհավասար ուժերով մղված իր դյուցազնամարտը:
Այդ ծանր օրերին, թուրքն ու ազերին ձեռք-ձեռքի տված փորձում էին գրավել Ղարաբաղն ու ամբողջ Լեռնահայաստանը՝ հարավից ևս պաշարելու և խեղդելու համար Հայաստանի Հանրապետությունը:
Համաթուրքական սպառնալիքի վրա գումարվել էր նաև հյուսիսի Կարմիր վտանգը. 11-րդ Կարմիր Բանակը շարժման մեջ էր դրված՝ Անդրկովկասն ու Ցարական Կայսրության երբեմնի հարավային սահմանները վերագրավելու և բոլշևիկյան տիրապետության տակ դնելու առաքելությամբ:
Բացահայտվել էր Լենին-Քեմալ մեղսակցությամբ Հայաստանի անկախությունը կործանելու մեծ դավադրությունը:
Օրհասական պայքարի մեջ էր ողջ հայ ժողովուրդը և ճակատագրական այդ մաքառումը ծնունդ տվեց իր հերոսին՝ անզուգական Նժդեհին:

Իր զիվորական հմտությամբ, կազմակերպչական տաղանդով և ոգեշունչ հռետորությամբ, Նժդեհը ստեղծեց «ժողովրդական կուռ մի բանակ, որը պատրաստ էր իր հրամանատարի ձեռքի մեկ շարժումին անսալով կրակի մեջն անգամ նետվելու» (Աւօ, «Նժդեհ», էջ 210):
Նժդեհը հղացավ և իրագործեց Դավիթբեկյան Ուխտեր ստեղծելու և նրանց միջոցով համաժողովրդական կռիվն առաջ մղելու ծրագիրը։ Համաժողովրդական այդ ուժն էր, որ 1920թ.ի ապրիլից և Ադրբեջանի խորհրդայնացումից սկսած, ոչ միայն հերոսաբար դիմադրեց քեմալական և բոլշևիկյան միացյալ գրոհներին՝ նրանց ետ շպրտելով, այլև՝ կարողացավ հիմնովին հայացնել ամբողջ Լեռնահայաստանը:
1920թ.ի օգոստոսի 25-ին, Կապանի Կավարտ գյուղի եկեղեցում, Նժդեհի զինվորները ուխտեցին Դավիթ-բեկի անունով՝ «հավատարիմ մնալ հայրենի երկրի ազատությանը, իրենց հրամանատար Նժդեհին և կռվել մինչև վերջին շունչը» («Արնոտ գիրք», Գորիս, 1921թ., էջ 33-34): Այսպե՛ս ծնունդ առան Դավիթ-բեկյան Ուխտերը, որոնց նշանաբանն էր. «Հանուն հայրենիքի՝ Դավիթ բեկաբար» :
Եվ երբ 1920թ.ի Դեկտեմբերին Հայաստանի Հանրապետությունը տեղի տվեց խորհրդայնացման ճնշմանը, Լեռնահայաստանը հռչակեց իր անկախությունը և մերժեց ընդունել խորհրդային իշխանությունը։ Ավելի՛ն. Նժդեհի առաջնորդությամբ, հայկական ուժերը պարտության դառնությունը ճաշակել տվեցին Դենիկինի, Կոլչակի ու Վրանգելի բանակները ջարդած և «անպարտելի» հռչակված 11-րդ Կարմիր Բանակի հեծելազորքի պետ Կուրոչկինին:

Ազատ ու անկախ Լեռնահայաստանը ներշնչման աղբյուր և քաջալեր ուժ հանդիսացավ 1921թ.ի փետրվարի 18 համաժողովրդական ապստամբության համար, որի կողմից իշխանության կոչված Հայրենիքի Փրկության Կոմիտեն, Սիմոն Վրացյանի վարչապետությամբ, մինչև ապրիլ կարողացավ դիմադրել Կարմիր Բանակի վերադարձին՝ ապավինելով Զանգեզուրի հաղթական մարտերին:
Բայց աշխարհաքաղաքական մեծ խորապատկերով՝ այլևս վճռված էր Հայաստանի անխուսափելի խորհրդայնացումը: 1921թ.ի ապրիլից սկսած, Հայրենիքի Փրկության Կոմիտեի գլխավորությամբ, Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը ստիպվեց նահանջել Երևանից և Արարատյան դաշտից դեպի Զանգեզուր, այնտեղից անցնելու համար Ատրպատական, Պարսկաստան:
Այդ օրերին, 12 հազար գաղթականության (որի 4 հազարը՝ զորք) նահանջի պայմաններում, Սյունիքը շարունակեց իր հաղթական կռիվները և հռչակեց Լեռնահայաստանի Հանրապետությունը՝ սպարապետ Նժդեհի վարչապետությամբ:
Հունիսի 1-ին, Զանգեզուր անցած Հայաստանի Հանրապետության Կառավարության նախաձեռնությամբ, Լեռնահայաստանը հայտարարվեց Հայաստանի Հանրապետություն՝ Սիմոն Վրացյանին նշանակելով վարչապետ (Նժդեհը մնաց իբրև սպարապետ): Բայց Վրաստանն ու Հայաստանը փաստորեն ընկած էին բոլշևիկյան տիրապետության տակ։ Պարենն ու հացահատիկը սպառված էին և Լեռնահայաստանի վարչական ու զինվորական ղեկավար մարմինները դժվարություն ունեին պաշտպանելու Զանգեզուրի հայությանը: Այդ պայմաններում, հաշվի առնելով, որ Հայաստանի բոլշևիկյան ղեկավարությունը իր 1921թ.ի հունիսի հռչակագրով Սյունիքը պաշտոնապես կցեց Մայր Երկրին՝ հուլիսին Լեռնահայաստանը իր հերթին տեղի տվեց խորհրդայնացման առջև:
1921թ.ի հուլիսի 12-ին, հեռանալով Զանգեզուրից՝ Նժդեհն իր հրաժեշտից առաջ վստահեցրեց Լեռնահայաստանի հայությանը, որ ինքն ընդմիշտ չի հեռանում և պիտի՛ վերադառնա, եթե Երևանի փոխարեն Բաքուն դառնա Սյունիքի տերը: Այդ իմաստով՝ հաղթական սպարապետը Խորհրդային Հայաստանի Հեղկոմին ուղղեց հատուկ մի պատգամ, որն ավարտվում էր հետևյալ սաստող տողերով. «Դուք գիտեք, որ ցանկության դեպքում ես միշտ էլ հնարավորություն կունենամ մի քանի տասնյակ զինվորներով վերագրավելու Լեռնահայաստանը: Որպեսզի այս երկրի աշխատավոր գյուղացիությունը ստիպված չլինի մեկ էլ ինձ օգնության կանչելու, աշխատեք բավարարել հայ գյուղացիության և նրա մտավորականության արդար պահանջը»:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը