Լրահոս

05.09.2014 12:42


Բաց նամակ ՀՀ վարչապետին

Բաց նամակ ՀՀ վարչապետին

Հարգելի պարոն Աբրահամյան,

Ձեզ դիմում ենք հոգեկան առողջության խնդիրներ ունեցող բազմաթիվ այն մարդկանց անունից, ովքեր այժմ ծանր վիճակում են գտնվում պետական գնումների արդյունքում ձեռք բերված և տրամադրվող անորակ հոգեմետ դեղորայքի պատճառով:

Պետական գնումների միջոցով դեռևս 2013 թվականի աշնանը ձեռք է բերվել դեղորայք, որը, ի տարբերություն նախկին դեղամիջոցի, որևէ դրական ազդեցություն չի գործել պետության հոգածության ներքո գտնվող և անվճար դեղորայք ստացող մեր շահառուների առողջական վիճակի վրա, իսկ որոշ դեպքերում նույնիսկ բացասական հետևանքներ է առաջացրել: Խնդրի վերաբերյալ մի քանի անգամ դիմումներ են ներկայացվել առողջապահության նախարարություն, այդ թվում` ներկայիս նախարար Արմեն Մուրադյանին, սակայն պատասխանատու գերատեսչության տարբեր ստորաբաժանումների ղեկավարներից ստացված պատասխանները միշտ եղել են նույնաբովանդակ, ինչը առաջացրել է առանց այդ էլ դժվար կացության մեջ հայտնված այդ մարդկանց և նրանց հարազատների հիասթափությունն ու դժգոհությունը: Առողջապահության նախարարությունն ամեն անգամ տվել է նույն անընդունելի պարզաբանումն այն մասին, որ դեղորայքը ձեռք է բերվել գնումների մասին օրենսդրությանը համապատասխան, և նախապատվությունը տրվել է ամենամատչելի գին ունեցող դեղամիջոցին: Այդ անորակ դեղամիջոցի պատճառով այժմ բազմաթիվ մարդկանց առողջական վիճակը կտրուկ վատացել է, և նրանց ստիպված տեղավորել են հոգեբուժական հաստատություններում` ստացիոնար բուժման: Միթե՞ այս եղանակով է պետությունը հոգում իր քաղաքացիների մասին և գումար տնտեսում: Ընդ որում, այս խնդրի մասին քաջատեղյակ են նաև հենց հոգեբուժական հաստատություններում աշխատող բժիշկ-մասնագետները, ովքեր իրենց աշխատանքը կորցնելու կամ այլ մտավախությունների պատճառով խուսափում են բարձրաձայնել այդ մասին: Այս ցավալի խնդրով դիմել ենք նաև Մարդու իրավունքների պաշտպանին, ով, ուսումնասիրելով այն, հորդորել է լուծում տալ դրան, սակայն մինչ օրս առողջապահության նախարարությունը ոչ մի քայլ չի ձեռնարկել այդ ուղղությամբ:

Խնդրում ենք Ձեր անմիջական հանձնարարականը խնդիրը կարգավորելու վերաբերյալ, որը հնարավոր է բացառապես ցածրորակ, անօգուտ դեղորայքը շրջանառությունից հանելու և դրա ձեռքբերման վրա պետական միջոցների վատնումը բացառելու ճանապարհով:

«Հոգեկան առողջության վերականգնման հայկական ասոցիացիա» հասարակական կազմակերպություն

Այս խորագրի վերջին նյութերը