Կարծիք

03.10.2014 12:38


Մերի Մովսիսյան.

Մերի Մովսիսյան.

Բոլորը ցանկանում են փոփոխություններ, բոլորը ցանկանում են արժանավայել ապրել, բայց ոչ ոք, չգիտես՝ ինչու, չի ցանկանում դուրս գալ ու իրական պայքար մղել սեփական իրավունքների համար, քանի դեռ իշխանությունը չի հասել նրանց։

Իշխանությունն իր թալանը մաս–մաս, քայլ առ քայլ է իրականացնում։ Սկզբում հանում են պարզեցված հարկը, հետո՝ արժեզրկում քաղաքացիների եկամուտները 25%-ի չափով (2009 թ.), հետո «մեկ պատուհանի սկզբունքն» են ներդնում, կարծես՝ ի՞նչ վատ բան է, որ։

Վատ բան է, երբ կաշառակերությունը վերացնելու փոխարեն՝ այն տեղափոխում և իրականացնում են ամենաբարձր մակարդակով։ Հետո «կուտակայինն» են ներդնում՝ 10%–ի չափով մտնելով մեր գրպանը (պետության տրամադրած 5%-ը քաղաքացիների մուծած հարկերն են), կարմիր գծերը, արագաչափերը... «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը...

Նշել, որ պայքար բացարձակապես չկա, սուտ կլինի, բայց նշել, որ այն զգալի արդյունքներ է տալիս և կասեցնում իշխանության տնտեսական «տեռորը», իրականությանն այնքան էլ չի համապատասխանում։ Միակ զգալի հաղթանակը, որ գրանցվել է երկրում, «100» դրամի շարժումն էր, որը միավորել էր հասարակության լայն շերտերին։ Երկրորդ հաղթանակն էլ Տիգրան Սարգսյանի «հրաժարականն» էր՝ ոչիշխանական քաղաքական ուժերի համատեղ ջանքերի արդյունքը։ Կուտակայինի մասով էլ նշեմ, որ խնդիրը չի լուծվել. դրա «տակ» են մնացել մեր հասարակության այն քաղաքացիները, որոնք աշխատում են պետական հատվածում, ինչը բացահայտ խտրականություն է իշխանությունների կողմից։

Հիմա էլ ՓՄՁ ներկայացուցիչներն են պայքարում իրենց իրավունքների ու շահերի համար, ինչը, բնականաբար, ողջունելի է։ Սակայն...

Երեկ Կառավարությունը 3-4 օր խնդրելով, այսպես ասած, խնդիրն ուսումնասիրելու համար (Какая досада! Կառավարությունը «քառյակի» ներկայացրած 12–կետանոց պահանջներին պատասխան է տալիս մի զգալի պարբերությամբ՝ «Շրջանառության հարկի» հետ կապված, բայց, արի ու տես, որ իրեն ժամանակ է պետք՝ ուսումնասիրելու) ժամանակ ձգելու բացահայտ քայլ է։ Կառավարությունը եթե անգամ զիջման գնա, ապա դա լինելու է ոչ թե օրենքի կասեցում, այլ «կուտակային–2»։

Լուրջ վերլուծություններ անելու կարիք չկա՝ հասկանալու մի շատ պարզ ճշմարտություն՝ այս իշխանությունը չի պատրաստվում փոխել որդեգրած քաղաքական կուրսը։ Շեշտում եմ՝ քաղաքակա՛ն կուրսը։

Քանի դեռ շարժումները, լինեն կենսաթոշակի, գազի, լույսի, «Շրջանառության հարկի», թե այլնի համար, չեն քաղաքականացվում մեր երկրում, փոփոխություններիսպասելն անիմաստ է։ Այս իշխանությունը միայն մի դեպքում կզիջի՝ երբ նրա դիմաց քաղաքական պահանջներ դրվեն։

Բաղրամյան 26-ի վախերը վաղուց են բռնված։ Այնտեղ վախենում են մեկ հասարակության լայն շերտերի միասնականությունից, մեկ էլ՝ քաղաքական պահանջներից։ Մնացածը նրանց հոգը չէ։ Դուք հա գոռացեք. ո՛չ Հրապարակում, ո՛չ Բաղրամյան փողոցում լսող չկա։

Ազատության հրապարակը հասարակության այն քաղաքական հարթակն է, որտեղից իշխանության առաջ պետք է դրվեն քաղաքական պահանջներ, եթե նրանք չգնան զիջումների հասարակությանը հուզող մի շարք սոցիալական խնդիրների հարցում, ինչպես նաև չհրաժարվեն սահմանադրական փոփոխություններ իրականացնելու գաղափարից։

Եվս մեկ նկատառում՝ այսօր ոչիշխանական քաղաքական ուժերը միասնական են ու պատրաստակամ՝ պահանջատեր լինելու ժողովրդին հուզող ու պետությանը վերաբերող խդիրներին։ Ինչպես ասում են՝ եկել է ժողովրդի կամքը ցուցաբերելու հերթը։

Որպես վերջաբան՝ մեջբերում Մարտին Նիմյոլլերից

Когда нацисты забрали коммунистов, Я молчал — Я ведь не коммунист.

Когда они посадили всех левых, Я молчал — Я ведь не левый.

Когда они забрали всех профсоюзных деятелей,

Я не протестовал — Я ведь не профсоюзный.

Когда они забрали всех евреев, Я молчал — Я ведь не еврей.

Когда они забрали меня, Некому было протестовать.

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը