Կարծիք

07.10.2014 08:45


Էդվարդ Անտինյան

Էդվարդ Անտինյան

ԳՆԱ ՄԵՌԻ՝ ԽՈՍՔԴ ԿԱՐԴԱՄ, ԵՐԳԴ ԼՍԵՄ

Մեր շատ մտավորականների իներտ դիրքորոշմանը մեկ անգամ չէ, որ անդրադարձել եմ, նաև նշել, որ դա այնքան էլ անվնաս չէ, ինչպես փորձում են ներկայացնել: Այդ առիթով տարիներ առաջ մի օրինակ բերեցի, որ ժամանակին Իտալիայի արտգործնախարար բարոն Սոնինոն աշխատասենյակի պատին՝ բուխարիի վերևում, գրել էր. «Ուրիշներին կարելի է, քեզ չի կարելի»: Թե ինչ նպատակ էր դրանով հետապնդում, իր մոտ կամք էր զարգացնում, որ չգայթակղվեր, թե՞ գտնում, որ եթե ինքն անթույլատրելի որևէ բան չի անում, իրեն ինչ, թե ուրիշներն ինչ են անում, դժվարանում եմ ասել: Մինչդեռ այդ բառերից ոգեշնչված նացիստական Գերմանիայի արտգործնախարար Յոահիմ ֆոն Ռիբենտրոպն իր պատին գրել էր. «Բոլորին չի կարելի, քեզ կարելի է»: Ու ես այս երկու մոտեցումներից արել էի իմ եզրակացությունը: Այն, որ Ռիբենտրոպն այդպես էր մտածում, նրան հասցրեց կախաղանի, իսկ այն, որ Սիդնեյ Սոնինոն էր այդպես մտածում, հենց նրա երկրում ծնվեց ֆաշիզմը:
Եթե մեր երկրում մտավորականը, տեսնելով, բայց չնկատելու տալով, թե ինչ օրհասական վիճակում է գտնվում իր հայրենիքը, փակվել է մի սենյակում ու բարձրարժեք ստեղծագործություն է երկնում, նրա վարքագիծն ինձ համար ոչնչով չի տարբերվում այն լիսկաների կեցվածքից, որոնք նույնպես՝ «փորը կուշտ, տակը չոր» ռեժիմով, իրենց առանձնատան բարձր պարիսպների հետևում ծվարելով՝ ականջալուր չեն մեր հայրենակիցների ցավուդարդին:
Եթե որևէ մտավորական ինձ ասում է, որ քաղաքականությամբ չի զբաղվում, ու վերամբարձ տոնով ցույց է տալիս, թե բարձր է կանգնած «մանր» խնդիրներից, թող ինձ ներեն, բայց ինձ նման մարդկանց կարծիքը բացարձակապես չի հետաքրքրում ոչ մի հարցում: Եթե նա չունի ակտիվ քաղաքացիական դիրքորոշում, ուրեմն թող մեկուսանա ու իր գործն անի: Ու երբ կյանքին հրաժեշտ կտա, կդառնա դասական՝ ստեղծածը կկարդանք կամ կլսենք, չի դառնա դասական ու կհամալրի օրվա իշխանություններին ծառայած, այնուհետև անհետ կորածների շարքը, էլ նրան ինչո՞ւ պիտի հիմա լսենք:
Խոսքը կուսակցական լինելու մասին չէ, քավ լիցի: Եթե մեր հայրենակիցների բացարձակ մեծամասնությունը վաղվա օրվա հանդեպ տագնապ ունի, ապագան չի տեսնում մեր հայրենիքում, իսկ մեր ազգի «սերուցքը» լռում է ու միայն էպիզոդիկ մտքի փայլատակումներ է ունենում, որպես կանոն՝ անշառ թեմաներով, մտավորականին ոչ սազական նման «շուստրի» գործելաոճին հասարակությունը վերաբերվում է հեգնախառն, մեղմ ժպիտով:
Վերհիշենք մեր բազմաչարչար մոլորակի պատմության այն դրվագները, թե ինչպիսի բարձրաշխարհիկ ստեղծագործություններ են ոչնչացվել, ավելին՝ քաղաքակրթական բնօրրաններ հիմնահատակ ավերվել տարբեր ժամանակների վանդալների կողմից: Ինչու չէ, նաև՝ սեփական երկրների իշխանավորների ապաշնորհ կառավարման հետևանքով: Ու եթե տեր չես քո երկրին, անտարբեր ես նրա ներկայի ու ապագայի հանդեպ, ուրեմն փոքր չէ հավանականությունը, որ քո ստեղծածն էլ անհետ կկորի, կամ ոչ մեկին էլ չի ծառայի: Իսկ եթե դա լավ գիտես, ուղղակի դրանով օրվա հացի խնդիր ես լուծում, պետք է նկատի ունենաս, որ դու դեռ հանգուցյալ չես, որ քո մասին դատեն ստեղծագործություններիդ հիման վրա, դու մեր ժամանակակիցն ես, ու եթե քեզ չհարգեն, գործդ չեն սիրի:
Հոկտեմբերի 10-ին սկիզբ է դրվում մի հզոր գործընթացի, և նա, ով գտնում է, որ «եռյակի» լիդերները կամ հանրահավաքի մասնակցիներն այդքան էլ արժանի չեն, թող իրենց բարձունքից իջնեն, գան Ազատության հրապարակ և իրենց որակով բարելավեն շարժումը: Այլապես, եթե երկու կողմին էլ անարժան ես որակում, ու սա, պատկերավոր ասած, քո «սրբազան պատերազմը» չես համարում, ով էլ հաղթի՝ քո կրավորական կեցվածքով քվեարկում ես անարժանների իշխանության օգտին: Իսկ ես, մեղմ ասած, կարեկցանքով եմ վերաբերվում նրանց, ովքեր հոժարակամ տեղավորվել են անարժանների տիրապետության տակ, բայց փորձում են բոլորին վերևից նայել:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203089547662105

Այս խորագրի վերջին նյութերը