Լրահոս

07.10.2014 16:18


Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Սերժ Սարգսյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարին

Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսի գլխավորած պատվիրակությանը:
Սարգսյանը ողջունել է հյուրերին և ընդգծել, որ Հայաստանը մեծապես կարևորում է Եվրոպայում մարդու իրավունքների հիմնական երաշխավոր հանդիսացող կառույցի՝ ԵԽ-ի հետ համագործակցությունն ու վերջինիս աջակցությունը մեր երկրում իրականացվող շարունակական բարեփոխումներին:
Սերժ Սարգսյանը գոհունակությամբ է արձանագրել, որ պարոն Մուիժնիկսի պաշտոնավարման ընթացքում էլ այդ փոխգործակցությունը շարունակվում է և վստահություն է հայտնել, որ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի այցելությունը Հայաստան նոր խթան կհանդիսանա երկկողմ հարաբերություններում:
Նիլս Մուիժնիկսը նշել է, որ տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ աշխատանքային հագեցած օրակարգից տվյալ երկրի համար առավել կարևոր որոշակի խնդիրներ է առանձնացնում, որոնց վրա էլ կենտրոնանում է հանդիպումների ընթացքում:
Հայաստան այցելելիս, ըստ նրա, որոշել են կենտրոնանալ դատական համակարգի բարեփոխումների, կանանց և տղամարդկանց հավասարության ու ընտանեկան բռնությունների դեմ պայքարի հարցերի վրա: ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարն ընդգծել է, թե ուրախ է տեղեկանալ, որ այդ բնագավառներում առաջընթաց է արձանագրվել:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ՀՀ սահմանադրական բարեփոխումների գործընթացին, ԵԽ-ին անդամակցելուց հետո Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ընթացքին, այդ թվում՝ մի շարք ուղղություններով բարեփոխումներին: Հանրապետության Նախագահը նշել է, որ ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավական պետության սկզբունքների խորացման ուղղությամբ վերջին տարիներին Հայաստանում իրականացված բարեփոխումները եղել են հետևողական և որ ամենակարևորն է՝ դրանք կրում են շարունակական բնույթ:
Եվրոպայի խորհրդի աջակցությամբ Հայաստանը լուրջ առաջընթաց է ունեցել անդամակցությամբ Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման գործընթացում, որոնց արդյունքները տեսանելի են և անշրջելի:

Այս խորագրի վերջին նյութերը