Մեկնաբանություն

09.10.2014 09:20


«Եռյակի» հանրահավաքներն ու խրամատավորվածների «խալաստոյ» կրակոցները

«Եռյակի» հանրահավաքներն ու խրամատավորվածների «խալաստոյ» կրակոցները

«Եռյակի» մարզային հանրահավաքները տարբեր հարթակներում բուռն քննարկման թեմա դարձան:

Որոշակի շրջանակների արձագանքները ցույց տվեցին, որ Սերժ Սարգսյանի ասած «խրամատն» ու «զինվորները» միայն խորհրդարանն ու ՀՀԿ խմբակցության անդամները չեն:

Ոչիշխանական ուժերի անցկացրած հանրահավաքների դեմ «խրամատավորվել» ու «խալաստոյ» «կրակում» էին նաեւ սոցցանցերում կուչ եկած ֆեյքերը:

Եղան նաեւ այնպիսիք, որոնց արձագանքները հիշեցրին ծանոթ պատկերը, երբ մի քանիսը լծվում են գործի, աշխատում են բարեխղճորեն ու պատասխանատվությամբ, իսկ նրանց աշխատանքին կողքից հետեւողները սկսում են անդադար խորհուրդներ տալ եւ հուշել, թե ինչը ոնց պետք է անել:

Բայց թե՛ սոցցանցերում «խրամատավորված» ֆեյք «զինվորները» եւ թե՛ նրանք, ովքեր լուրջ-լուրջ դեմքով խորհուրդներ էին տալիս, հանրահավաքների շարքի մեկնարկից առաջ ստատուսախեղդ էին անում վիրտուալ տարածքը՝ հակաիշխանական բովանդակությամբ գրառումներ կատարելով: Այսինքն, ամեն օր գրում էին այն ամենի մասին, ինչն իրենց հանրահավաքային ելույթներում նշում էին ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի եւ «Ժառանգության» ներկայացուցիչները: Բայց զարմանալիորեն մարզային հանրահավաքների մեկնարկից հետո սրանք վերափոխվեցին ու դարձան աշոտյաններ, շարմազանովներ, կարենավագյաններ:

Հենց վերջիններիս հայացքով սկսեցին գնահատել «եռյակի» նախաձեռնած՝ իշխանափոխությանը միտված հրապարակային պայքարը:

Կրկնում եմ՝ մինչ այդ սրանք ամեն օր գոռում էին, թե «էս իշխանությանը պետք ա քշել, երկիրը կործանում են, էլ տեղ չկա»: Իսկ երբ «եռյակի» հանրահավաքները դարձան մարդաշատ, վիրտուալ տարածքում «խրամատավորվածներն» սկսեցին «կրակել» նրա ուղղությամբ:

Հետեւում էիր սրանց վարքագծին ու մտածում՝ կարո՞ղ է՝ խանդից գժվել են. երեւի իրենք էին ուզում իշխանափոխություն անել, այն էլ «եռյակը» եկավ ու սրանց ձեռքից «հացը խլեց»:

Իրոք, այնպես են «կրակում» (բնականաբար, «կրակոցը» փուստ էր անցնում), որ թվում է, թե «եռյակը» խափանել է իշխանափոխության համար էսօր-էգուց ոտքի կանգնելու պատրաստ այս «զինվորների» ծրագրերը:

Սոցցանցերում «խրամատավորվածների» կեցվածքն իսկապես տարօրինակ է:

Լավ, ենթադրենք՝ սրտի ուզածի չափ փնովեցին եւ դեռ շարունակելու են փնովել «եռյակին», ի՞նչ է՝ դրանից երկրի վիճակը փոխվելո՞ւ է:

Արտագաղթը կանխվելո՞ւ է, աղքատությունը վերանալո՞ւ է, տնտեսությունը զարգանալո՞ւ է, ընդհանրապես, երկիրը վերածվելու է դրախտի՞: Իհարկե, ոչ: Ամեն ինչ մնալու է նույնը եւ դեռ ավելի է վատանալու:

Ուրեմն, ինչի՞ համար են սրանք ստանձնել խեղկատակի դերը:

«Եռյակի» դեմ խոսելուց իշխանությունը լավը չի դառնալու եւ ոչ էլ փորձելու է իր իսկ վարած ներքին ու արտաքին քաղաքականության ձախողումները շտկել:

Հակառակը՝ երկրում առկա քաղաքական-տնտեսական ճգնաժամն ավելի է խորանալու, քանզի գործող իշխանությունը ցանկանում է հավերժ վերարտադրվել։

Հենց սա՛ է փորձում թույլ չտալ «եռյակը»՝ ժողովրդի հետ միասին: Եվ հենց սրան են ուզում խանգարել «անկախ հեղափոխականները»՝ ՀՀԿ ղեկավարի զինվորները։

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը