Մեկնաբանություն

09.10.2014 16:16


Ծառուկյանը բացում է փակագծերը

Ծառուկյանը բացում է փակագծերը

Այսօրվա ասուլիսի ժամանակ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է ներքաղաքական խնդիրներին ու բացել փակագծերը։

Խոսելով գալիք նախագահական ընտրությունների մասին՝ նա նշել է, որ կան մի քանի գործիչներ, որոնք արժանի են ՀՀ հաջորդ նախագահը դառնալուն, և եթե ԲՀԿ քաղաքական գործընկերներն ու հանրությունը նրանցից մեկին հավանություն տան, ապա ինքը կաջակցի այդ թեկնածուին։ Իսկ եթե ԲՀԿ–ի գործընկերներն ու հանրությունը գտնեն, որ Ծառուկյանն է այն թեկնածուն, ով կարող է այս փուլում իր վրա վերցնել պատասխանատվությունը, ապա ինքը կառաջադրվի որպես նախագահի թեկնածու, և շատ կարճ ժամանակահատվածում բազում խնդիրները կգտնեն իրենց լուծումները։

Հարկ է արձանագրել, որ Ծառուկյանն առաջին անգամ է ուղիղ տեքստով հայտարարում, որ չի բացառում իր մասնակցությունը նախագահական ընտրարշավին։ Նման բան չի եղել նախկինում։ Անգամ 2013թ., երբ նախագահական ընտրություններն էին, ու խոսվում էր ԲՀԿ առաջնորդի մասնակցության մասին, Ծառուկյանն իր շուրթերով երբեք չհայտարարեց այդ մասին։ Ծառուկյանը հենց այնպես չի ասում, թե մեր խոսքը գործ է։ Դա էր պատճառը, որ նա մինչև վերջ զուսպ մնաց և սպասեց հարմար պահի։

Այժմ արդեն նա հայտ է ներկայացնում՝ դա անելով «եռյակի» հրավիրած հոկտեմբերի 10–ի համապետական հանրահավաքին ընդառաջ։ Սա, ըստ էության, նաև հանրային աջակցություն ստանալու հայտ է, որն արվում է բաց ու հրապարակային ձևով, այլ ոչ թե կաբինետային պայմաններում։

Եթե այս ամենին ավելացնենք նաև Ծառուկյանի՝ միջազգային լսարանի առաջ հանդես գալու հանգամանքը, և այն «մեսիջները», որոնք թե՛ դրսի, թե՛ ներսի լսարանի համար էին, ապա կարող ենք եզրակացնել, որ հոկտեմբերի 10–ով սկսվում է իշխանափոխության, կամ, ավելի պարզ ասած, Սերժ Սարգսյանի հեռացման գործընթացը, և այդ գործընթացն ունի իր քաղաքական առաջնորդն՝ ի դեմս «եռյակի», և իր քաղաքական պատվիրատուն՝ ի դեմս հանրության։

Տեղին է նկատելը, որ Ծառուկյանը փակագծերը բացեց մարզերում տեղի ունեցած հանրահավաքային շարքից հետո, այսինքն՝ նա զգաց, որ «եռյակն» ունի հանրային աջակցություն, ինչն ինքնավստահ դարձրեց ԲՀԿ առաջնորդին։

Սերժ Սարգսյանին մնում է միայն որոշում կայացնել, թե ինքն ի՞նչ տարբերակով է ուզում հեռանալ՝ ցնցումներո՞վ, որոնք որևէ մեկին ու նախ և առաջ մեր պետությանը և հանրությանը ձեռնտու չեն, թե՞ թավշյա տարբերակով, այն է՝ անձնական անվտանգության երաշխիքների դիմաց։

Ընտրությունը տվյալ դեպքում ՀՀԿ ղեկավարի ձեռքում է։

Ինչ մնում է իշխանափոխության ժամկետներին, ապա ամեն ինչ կախված է հանրային ակտիվությունից։ Եթե հանրային լայն շերտերը համախմբվեն ու բռունցքվեն, ապա իշխանափոխությունը տեղի կունենա շատ արագ, իսկ եթե համախմբման գործընթացը դանդաղի, ապա կունենանք դանդաղ սցենարով իշխանափոխություն։

Ամեն դեպքում, իշխանափոխությունը պետք է լինի, քանզի այն վաղուց դարձել է ազգային անվտանգության ապահովման կարևորագույն նախապայման։

Նույնիսկ Ալիևը չի թաքցնում, որ Սերժ Սարգսյանի դեմքով Հայաստանում ունի այնպիսի գործընկեր, ով հնարավորություն է տալու Ադրբեջանին առանց պատերազմի վերցնել Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ։

Ալիևի հաշվարկն այն է, որ Սարգսյանի օրոք թափ է հավաքել ու շարունակվում է արտագաղթը, ինչպես նաև թուլանում է հայկական տնտեսությունը։

Եկեք, ուրեմն, հնարավորություն չտանք մեր թշնամի պետության ղեկավարին չարախնդալ ու իր հաշվարկները կառուցել ՀՀԿ ղեկավարի անփառունակ կառավարման վրա։

Մենք 21–րդ դար չենք հասել այն բանի համար, որ մի քանի դիլետանտի պատճառով պետություն ու ժողովուրդ կորցնենք։

Բոլոր հարցերը վճռվելու են Ազատության հրապարակում։ Պետք է պարզապես այդ փոփոխությունների մասնակիցը դառնալ։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը