Աշխարհ

13.10.2014 14:00


Ջավախքում պաշտոնապես գործարկվել է «Փարվանա ՀԷԿ-ը»

Ջավախքում պաշտոնապես գործարկվել է «Փարվանա ՀԷԿ-ը»

Ջավախքում պաշտոնապես գործարկվել է «Փարվանա ՀԷԿ-ը»: Այս ՀԷԿ-ի կառուցման համար թուրքական «Անադոլու գրուպ» ընկերությունը ներդրել է ավելի քան 200 մլն դոլար: Կառուցել է Վրաստանում գրանցված դրա դուստր ընկերությունը՝ «Ջորջիա ուրբան էներջի»-ն: Համաձայն Վրաստանի ընկերությունների ռիէստրի տվյալների, «Ջորջիա ուրբան էներջի» ընկերության 90% բաժնետերը թուրքական խմբի մեկ այլ՝ «Anadolu Caucasus Energy» ՓԲԸ-ն է, իսկ մնացյալ 10%-ը Վերակառուցման և Զարգացման Եվրոպական Բանկինն է. վերջինի վարկային միջոցների հաշվին է իրականացվել ՀԵԿ-ի շինարարությունը:
Այս նախագծի մեկնարկի հուշագիրը Վրաստանի կառավարությունը «Ջորջիա ուրբան էներջի»-ի հետ ստորագրել էր դեռևս 2007-ին: 2010-ից ընթանում էր շինարարությունը:
Բնապահպանական և սոցիալական ազդեցության գնահատատականում նշվում է, որ հէկը կառուցվել է Փարվանա գետի վրա՝ Փարվանա լճից 56 կմ հոսանքն ի վար: Հէկի գլխավոր ենթակայանն ու հարակից ենթակառուցվածքներն ընդգրկելու են Սամցխե-Ջավախքի ազդակիր երկու շրջանների՝ Ախալքալաքի և Ասպինձայի 6 համայնքները, այդ թվում Կորխ և Դիլիսկա գյուղերը, քաղաք Ախալքալաքը: Խերթվիս գյուղում տեղակայված է լինելու էլեկտրաէներգիա արտադրող հիմնական կայանը: Գլխավոր կայանից փոխանցման հաղորդալարերով էլեկտրաէներգիան կմիանա ազգային ցանցին:
Նախագծի նկարագրի բնապահպանական մասում, բացի հէկի կառուցման ընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասից, նշվում է այն գործելու ժամանակ առկա վտանգները: Մասնավորապես՝ հողի և ջրի աղտոտում, ջրի հոսքի նվազում գետն ի վար, ինչի պատճառով կարող են վտանգվել ձկան շարժը և տեսակները, ազդեցությունը բուսականության վրա, աղմուկի և վիբրացիայի առկայությունը, դրանց ազդեցությունը թռչունների վրա, էլեկտրաէներգիայի լարերի փոխանցման տարածքում մագնիսական դաշտի առկայությունը: Հանրային քննարկումներից մեկի ժամանակ նախագիծը հեղինակող ընկերության բնապահպանության և անվտանգության փորձագետ Թենգիզ Լաջիձեն վստահեցրել է, որ Փարվանա լճին ոչինչ չի սպառնում, քանզի հէկը լինելու է լճից 56 կմ ներքև: Իսկ տնօրեն Նոդար Կուրտանիձեն խոստացել է, որ երբ հէկը գործի, գետում սանիտարական թողքը կպահպանվի:
Թվարկված է նաև սոցիալ-տնտեսական ազդեցությունը՝ կայուն էլեկտրամատակարարում, աշխատատեղ, և դառնալով վստահելի էլեկտրամատակարարող՝ հէկը կարող է նպաստել տեղական փայտի ռեսուրսների սպառման նվազեցմանը: Էլեկտրամագնիսական դաշտի ազդեցությունը մարդկանց և նրանց առողջության վրա ընկերությունը չի թաքցրել: Ավելին, ևս մեկ անգամ նշել է, որ ջրի ծավալների և հոսքի նվազման հետևանքով ձկան տեսակները կարող են կրճատվել, ձկների միգրացիայի վտանգ կա:

Ազդակիր համայնքներում տեղի ունեցած քննարկումների ընթացքում արծարծվել է նաև այդ համայնքներին ավելի էժան էներգիա տրամադրելու հարցը: Ախալքալաքի գործադիր մարմնի ղեկավարի տեղակալ Վիտալի Թորոսյանի հարցին, թե ինչպես է վաճառվելու էլեկտրաէներգիան և արդյոք տեղացիները հնարավորություն կունենան ավելի էժան էլեկտրաէներգա ստանալ հէկի կառուցումից հետո, ընկերության գլխավոր տնօրեն Նոդար Կուրտանիձեն պատասխանել է. «ՀԵԿ-ը կկապվի Վրաստանի էներգահամակարգին, «Ջորջիա ուրբան էներգիան» պատասխանատու չէ ընդհանուր հոսանքի վաճառքի համար»:
«Փարվանա ՀԵԿ-ի» հզորությունը 87 մեգավատտ է: Վերջին 35 տարում այս հզորությամբ հէկ Վրաստանում չի կառուցվել: Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, երբ ներկա է եղել հոկտեմբերի 11-ին կայացած ՀԵԿ-ի հանդիսավոր գործարկման արարողությանը: Ներկա է եղել նաև Թուրքիայի էներգետիկայի նախարար Տաներ Յիլդիզին, ինչպես նաև ընկերության ներկայացուցիչները:
«Այսօր մենք բացում ենք Սամցխե-Ջավախքում ևս մեկ կարևոր կառույց, -ասել է վարչապետը, -«Փարվանա ՀԵԿ-ը» մեկ քայլ առաջ է, որն ուղղված է Վրաստանի տնտեսության ամրապնդմանը: «Փարվանա ՀԵԿ-ը» Վրաստանի և Թուրքիայի սերտ համագործակցության ևս մեկ օրինակ է»:
Վարչապետ Ղարիբաշվիլին նաև նշել է, որ Թուրքիան Վրաստանի տնտեսության ամենամեծ ներդրողներից է, և ներդրումների մեծ մասը էներգետիկ ոլորտում է, մասնավորապես՝ հիդրոէլեկտրակայանների շինարարությունում: Վրաստանի վարչապետը հավելել է, որ էներգասեկտորի զարգացումը կնպաստի նաև տարածաշրջանում աշխատատեղերի ստեղծմանը:
Այդ աշխատատեղերը, սակայն, չնչին են: Համաձայն նախագծի՝ ընկերությունը 20 հիմնական և 10 անվտանգության աշխատողի աշխատատեղ է խոստացել, որտեղ ինժեներների հաստիքը տրամադրվելու է Թուրքիայից հրավիրված մասնագետներին: 30 աշխատատեղը, որի ղեկավար «պաշտոնները» բաժին են հասնելու թուրքերին, պաշտոնապես 208 000 բնակչություն ունեցող Ջավախքի համար աննշան է: Փորձը ցույց է տալիս, որ թուրք-վրացական որևէ նախագծում տեղի հայ բնակչությունը նվազագույն ներկայացվածություն ունի՝ 1-2 հոգի: Դրան գումարած՝ շրջակա միջավայրի և անվտանգության հարցերի մասին նախագծում խոսվում է խոստումների մակարդակով:
Թուրք-վրացական սահմանից ՀԵԿ-ը հեռու է շուրջ 25 կմ: Ջավախքի բնական ռեսուրսների հաշվին արտադրված էլեկտրաէներգիան, պարզվում է, արտահանվելու է նաև Թուրքիա:
«Թուրքիայի պատմության մեջ սա առաջին ներդրումն է, որն օգտագործելու է հարևան երկրի բնական ռեսուրսները Թուրքիայի էներգիայի պահանջարկը լրացնելու համար»,-նշվում է «Անադոլու գրուպ» ըննկերության պաշտոնական կայքում:

Վրաստանի Հայ Համայնք

Այս խորագրի վերջին նյութերը