Մեկնաբանություն

05.11.2014 12:00


«18+»

«18+»

Թուրք պրոդյուսեր Էրքան Օզերմանին տված հարցազրույցում Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրն ասել է, որ անկախ դեսպան է. չի՛ շարժվում, չի՛ շարժվի և չի էլ կարող շարժվել Հայաստանի հրահանգներով։

«Ես շարժվում եմ այն ճշմարտություններով, որոնք ես եմ ճանաչում»,– հայտարարել է Ազնավուրը։

Փաստորեն, աշխարհահռչակ շանսոնյեն չի ընդունում իրեն դեսպան նշանակած Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը։

Մի կողմ թողնենք այն, որ Ազնավուրն իր այս հայտարարությամբ աբսուրդային իրավիճակում է դնում Հայաստանի գործող իշխանությանը և ընդհանրապես մեր պետությանը. առանց դրա էլ այն 6 տարի այս վիճակում է։ Սա այն լակմուսի թուղթն է, որը պարզ ցույց է տալիս արտաքին ոլորտում լրջագույն խնդիրներ ունեցող Հայաստանի իշխանության պատկերը։

Ազնավուրը չի շարժվում Հայաստանի հրահանգներով, Տիգրան Սարգսյանը պետք է կանգնի դատարանի առաջ, Յուրի Վարդանյանը... Մի խոսքով։

Ու սա այն դեպքում, երբ մեր շուրջը տեղի են ունենում վտանգավոր աշխարհաքաղաքական գործընթացներ, իսկ որոշումները կայացվում են մեկ անձի կողմից, և, որպես կանոն, գիշերը։

Ներքին խնդիրների մասով շատ ավելի աբսուրդային է դրությունը։

Օրինակ՝ խրամատը լքողի, Արցախի տարածքներն Ադրբեջանին տալու վերաբերյալ հայտարարություններ անողների, նախկինում կատարված հանցագործությունների մեղավորների մասին ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը, որպես կանոն, ասում է. «Ես նման մարդկանց հետևին եմ ձեռ տալիս, եղա՞վ»։

Հիմա Բաղրամյան 26-ին կցված Դավիթ Շահնազարյանն ու իր նման էլի մի քանիսը ադրբեջանցիների հետ ստորագրել են մի փաստաթուղթ, որն անընդունելի է համարում ԼՂՀ ստատուս քվոյի հետագա պահպանումը։ Ավելին, նույն այդ փաստաթուղթը ողջունում է ամերիկացի համանախագահ Ուորլիքի հնչեցրած՝ հայկական կողմի շահերին բացարձակապես հակասող թեզերը, մասնավորապես, սա. «Լեռնային Ղարաբաղը շրջապատող գրավյալ տարածքները պետք է վերադարձվեն Ադրբեջանի վերահսկողությանը»:

Հիմա ի՞նչ պետք է անի Մանվել Գրիգորյանը Սերժ Սարգսյանի հաճախորդների հետ։ Եթե, իհարկե, խոսքի տերն է։ Սա արդեն աբսուրդ չէ. «18+» է։ Եվ, բնականաբար, այսպես չի կարող երկար շարունակվել։

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը