Մեկնաբանություն

12.11.2014 12:45


Ինչի՞ շուրջ կարելի է երկխոսել իշխանության հետ

Ինչի՞ շուրջ կարելի է երկխոսել իշխանության հետ

Հանրահավաքային պայքարը ստիպել է իշխանություններին լրջանալ։ Նրանք հասկացել են, որ ընդդիմության ընդդիմադիրներին դաշտ նետելով և էժանագին քարոզչական «օդապարիկներ» բաց թողնելով՝ հարց չեն կարող լուծել։ Իսկ եթե փորձեն շարմազանովներով ու գալուստներով հակադարձել «եռյակին», ապա վիճակն իրենց համար ավելի ոչ շահեկան կդառնա։

Եվ ահա, Սերժ Սարգսյանն ինքը մտավ խաղի մեջ ու հայտարարեց, թե պատրաստ է քննարկել 12–կետանոց պահանջներն ու, հնարավորության դեպքում, բավարարել դրանք։ Սա, ըստ էության, երկխոսության առաջարկ է, բայց՝ ուշացած առաջարկ։ Նման բան պետք էր անել մինչև սեպտեմբերի 30–ը։

Հիմա վիճակ է փոխվել։ «Եռյակի» օրակարգում սահմանադրական փոփոխությունների մերժումն են և արտահերթ ընտրությունները (կախված մի շարք հանգամանքներից՝ խորհրդարանական և/կամ նախագահական)։ Հետևաբար, իշխանություն–«եռյակ» հնարավոր երկխոսության թեման կարող է լինել՝

ա. Սերժ Սարգսյանի նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների գաղափարից, այսինքն՝ վերարտադրության մտքից հրաժարվելը,

բ. հարյուր տոկոս համամասնական ընտրակարգ սահմանող Ընտրական նոր օրենսգրքի շուտափույթ ընդունումը,

գ. արտահերթ ընտրությունների անցկացումը։

Դե, իսկ եթե իշխանությունն ուզում է բավարարել 12 կետերում նշված պահանջները, ապա թող բավարարի. իրեն խանգարող չկա, և ամեն մի կետի շուրջ «տարիներով» գյալաջի անող չկա։

Պահանջների բավարարումը միայն ողջունելի կլինի, բայց դա չի նշանակում, որ իշխանափոխության ռազմավարական խնդիրը մղվում է հետին պլան։ 12 կետերում նշված պահանջների բավարարումից կշահեն բոլորը, ու նախ և առաջ՝ հասարակությունը։ Այնպես որ, Կառավարությունը թող աշխատի այդ ուղղությամբ, եթե, իհարկե, Սարգսյանն անկեղծ է իր խոսքում։

Ինչ մնում է երկխոսությանը, ապա եթե վերը նշված երեքկետանոց օրակարգով Բաղրամյան 26–ում պատրաստ են իրական երկխոսության, ընդ որում՝ շատ հստակ ժամանակացույցով, ապա «եռյակի» համար դա ընդունելի կարող է լինել։ Իսկ եթե խնդիր է դրված ընդամենը ջուրծեծոցիով զբաղվել ու բանսարկությունների դաշտ ստեղծել, ապա դա վաղուց պայթած «տրյուկ» է։ Երկխոսությունը չի կարող լինել հանուն երկխոսության։ Երկխոսությունը միայն անցնցում և անարյուն իշխանափոխության ֆունկցիա ունի։

Ամեն դեպքում, պարզ է, որ Սերժ Սարգսյանը զիջումների կգնա միայն հասարակական–քաղաքական ճնշման արդյունքում։ Իսկ դա նշանակում է, որ անկախ իշխանությունների կիրառած կամ կիրառելիք տեխնոլոգիաներից՝ «եռյակը» պետք է հզորացնի համաժողովրդական նոր շարժումը շտաբային աշխատանքների արդյունավետ իրականացման միջոցով և պարտադրի արտահերթ ընտրություններ։ Այսինքն, մեծ հաշվով, ամեն ինչ հիմա «եռյակի» վարքագծից է կախված։ Ժամանակն աշխատում է մեր օգտին, քանզի իշխանությունը, մանր չարաճճիություններից ու խորամանկությունից բացի, այլ բան չի կարող կիրառել ու հզորանալ, կամ թուլացնել շարժումը։

Գրագետ և ճիշտ ժամանակին արվող քայլերի շնորհիիվ Սերժ Սարգսյանը ստիպված կլինի նստել երկխոսության, բայց արդեն ոչ թե իր ուզած, այլ շարժման պարտադրած օրակարգով։ Մյուս տարբերակը ցնցումային փոփոխությունն է, որը ձեռնտու չէ որևէ մեկին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը