Մեկնաբանություն

02.12.2014 23:35


«Անկախության սիմվոլն» ու Շմայսը, կամ՝ քոծին քոծություն է հասնում

«Անկախության սիմվոլն» ու Շմայսը, կամ՝ քոծին քոծություն է հասնում

Չարենցի «Նաիրյան կոշմարը» մեր աչքի առաջ է:

Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու դեմ բողոքի ակցիային միացած ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը հայտարարել է. «Հայաստանի, այսպես կոչված, կուսակցությունները Կրեմլի քոծերն են, նույնիսկ «գործակալ» ասվածն ավելի արժանավոր է նրանց համար»:

Իսկ հետո ավելացրել. «Գոնե այդ կիսատ-պռատ «և, և»-ը պահպանեին: Ով այդ փաստաթղթի տակ վավերացնի, թող իր ժառանգների համար գրի՝ այս օրը՝ այսինչ ժամին, ես եղել եմ իշի քուռակ: Ես բառեր չեմ գտնում»:

Հայրիկյանին հակադարձել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը), ով ասել է՝ եթե Հայրիկյանն իր մոտ նման բան ասի, ապա կթքի նրա երեսին. «Որ ինքը գա, իմ մոտ տենց բան ասի, կթքեմ իրա երեսին»:

Հիանալի է:

2013-ի նախընտրական շրջանում ուսից «մահացու վիրավորված» ՀՀ նախագահի թեկնածու ԱԻՄ առաջնորդին հիվանդանոց տեսակցության գնացած Սերժ Սարգսյանն ու ՀՀԿ-ականները Հայրիկյանին անվանեցին «Անկախության սիմվոլ» եւ պետբյուջեից 20 միլիոն նվիրեցին նրան:

Իսկ հիմա կարկառուն հանրապետական Շմայսը թքում է «Անկախության սիմվոլի» երեսին:

Իհարկե, տգեղ բան է անում, բայց Հայրիկյանն էլ 20 միլիոնի դիմաց անցած տարիներին «քոծություն» է արել ՀՀԿ առաջնորդի համար: Հատկապես Սահմանադրական դատարանից հայցը հետ վերցնելու առումով: Չհաշված մնացած ծառայությունները:

Պատմությունը հայտնի է, չծավալվենք:

Սակայն չենք կարող չնկատել, որ Հայրիկյանն անցած շրջանում մի քանի նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ ՄՄ-ի եւ ԵՏՄ-ի թեմայով: Բայց մինչ օրս այդպես էլ Հայրիկյանը հրապարակավ չի գնահատել Սերժ Սարգսյանի բացահայտ արհամարհանքն իր հանդեպ: Քանզի Սարգսյանն այդպես էլ չպատասխանեց իր նամակներին: Մեկը, ով 2013-ի սեպտեմբերի 3-ին միանձնյա որոշմամբ Հայաստանը մտցրեց Մաքսային միություն:

Իսկ հիմա Հայրիկյանը եկել-կանգնել է Ազգային ժողովի շենքի դիմաց ու անհասցե ինչ-որ կուսակցությունների է մեղադրում եւ նրանց անվանում «Կրեմլի քոծեր»:

Իսկ թե ո՞վ է իրականում «իշի քուռակը», նրա անունը չի տալիս: Չի էլ ասում, թե ով էր մի քանի տարի «և, և»-ի քաղաքականություն վարում: Բայց իրականում մնաց «կամ, կամ»-ի տակ՝ հանուն սեփական իշխանության պահպանման։

Վասն 20 միլիոնի՝ կոնկրետ անուն չի տալիս: Փոխարենը՝ անհասցե «քլնգում» է բոլորին, բացի «Վերջի բոլշեւիկից»։

Կոշմարը սա՛ է, երբ երեսպաշտությունն ու կեղծիքը հորդում են «Անկախության սիմվոլից»:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը