Մեկնաբանություն

26.12.2014 16:14


Նախաձեռնողական «ո՛ւ, ո՛ւ»

Նախաձեռնողական «ո՛ւ, ո՛ւ»

Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, ուզում էր արտաքին քաղաքականությունը տանել «և՛, և՛»–ի հայեցակարգով, բայց «և»–երից ոչ մեկն էլ չստացվեց, ու հիմա նրան մնում է միայն արտասանել «վոտ ի վսյո» նախադասությունը։

«Ե՛վ, և՛»–ի քաղաքականությունն ամբողջությամբ տապալվեց, քանզի ՀՀ–ն հրաժարվեց հավասարակշռված արտաքին կուրսից՝ լեղապատառ մտնելով ՄՄ, ապա նաև՝ ԵՏՄ։

Իրական «և՛, և՛»–ն այն կլիներ, որ Հայաստանը կարողանար պահպանել ու զարգացնել ՌԴ–ի հետ ռազմավարական հարաբերությունները՝ զերծ մնալով ԵՏՄ–ի հետ ինտեգրման նախագծին մասնակցելուց, ինչպես նաև խորացներ հարաբերություններն Արևմուտքի հետ՝ պահպանելով գործընկերոջ կարգավիճակն առանց ասոցացման համաձայնագրի արկածախնդրությանը գնալու։

Իշխանական քարոզչամեքենան հիմա ինտենսիվորեն տարածում է այն միտքը, թե ՀՀ–ն, այդուհանդերձ, ստորագրելու է ԵՄ–ի հետ ասոցացման համաձայնագիրը։ Ուզում են ասել, թե մի «և»–ը եղավ (ԵՏՄ մտնելը), ու հիմա անցնում են մյուս «և»–ին (ԵՄ–ի հետ նորից ու կրկին ասոցացում խաղալուն)։ Մինչդեռ երեք ու կես տարի լրիվ ուրիշ երգ էին երգում և այլ կերպ ձևակերպում «և՛, և՛»–ի քաղաքականությունը։

ԵՏՄ մտնելը և Ղարաբաղից իրավաբանորեն ու մտովի հրաժարվելը բացարձակապես չի համապատասխանում «և՛, և՛»–ի հայեցակարգին։ «Ե՛վ, և՛»–ի քաղաքականություն իրականում վարում է Ադրբեջանը, որին հաջողվել է և՛ ՌԴ–ի, և՛ Արևմուտքի հետ բարելավել հարաբերությունները և պաշտոնական Երևանի կոպիտ սխալներից օգտվելով՝ աշխարհաքաղաքական բոլոր կենտրոննների համար ընկալվել որպես հուսալի ու կանխատեսելի գործընկեր։

ՀՀ ներկայիս քաղաքականությունը կարելի է մի «կլաս» ցածր շաղկապով բնութագրել, այն է՝ «ո՛ւ, ո՛ւ»–ի քաղաքականություն, որի շրջանակներում մեր երկիրը կորցրել է իր վստահությունն Արևմուտքում ու հարգանքը՝ ՌԴ–ում։

Այսքանից հետո խոսել այն մասին, որ արտաքին քաղաքական ոլորտում կան ձեռքբերումներ, առնվազն զարմանալի է։ Բայց դե, վերջին տարիներին մենք այնքան բանի վրա ենք զարմացել, որ արդեն զարմանքի փոխարեն այլ զգացողություններ ենք ունենում։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը