Մեկնաբանություն

06.01.2015 19:25


Ու նորից սահմանադրական փոփոխությունների մասին

Ու նորից սահմանադրական փոփոխությունների մասին

Երկրի մայր օրենքում փոփոխություններ կատարելն ավտորիտար իշխանության պահպանման ամենասիրված մեխանիզմներից է: Խորհրդային տարիներին Սահմանադրությունը վերաձևել են Ստալինն ու Բրեժնևը։

Ժամանակակիցներից հանուն սեփական իշխանության պահպանման՝ սահմանադրական փոփոխությունների գնացին Եգիպտոսի, Բուրկինա Ֆասոյի, Ղրղզստանի, Հաիթիի նախկին ղեկավարները, Ադրբեջանի գործող նախագահն ու այլ «բարեփոխիչներ»:

Նախաձեռնողական ղեկավարները, որպես կանոն, կամ փախան սեփական երկրներից կամ էլ հայտնվեցին ճաղերի հետևում: Եղան նաև շատ ավելի տխուր ավարտով «սահմանադրական փոփոխություններ»: Ու չնայած պատմության դասերին՝ իշխանությանն ամեն կերպ մնալու մոլուցքը շարունակում է կուրացնել:

Սերժ Սարգսյանը Հայաստանում սահմանադրական փոփոխություններ անցկացնելու իր որոշումը երկու անգամ հետաձգեց` «առայժմ այս հարցի շուրջ լայն կոնսոլիդացիա չկա» պատճառաբանությամբ: Բնականաբար, պատճառը դա չէ:

ՀՀԿ ղեկավարը շատ լավ հասկանում է, որ իր անձի շուրջ ոչ թե լայն, այլ որևէ իրական կոնսոլիդացիա ուղղակի բացառվում է: Հաճախորդների համախմբում` միգուցե: Այն էլ մեծ հարցական է, թե ինչպես իրենց կպահեն քաղաքական դաշտի դհոլները իրավիճակի փոփոխության կամ սրացման փուլում: Բայց դրա մասին չէ խոսքը:

Բոլոր այն երկրները, որոնց ղեկավարներն իշխանությանն ամեն գնով մնալու համար գնացին սահմանադրական փոփոխությունների, դարձան չդադարող ներքին բախումների թատերաբեմ, ներքաշվեցին պատերազմների մեջ, կամ էլ տասնյակ տարիներով հետ շպրտվեցին:

Հայաստանը երբեք իրեն չի կարող նման «շռայլություններ» թույլ տալ: Առավել ևս՝ մեր այսօրվա իրականության և հարևանների պարագայում:

Վախթանգ Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը