Լրահոս

29.11.2010 13:32


ԱԳ փոխնախարարը հանդիպել է Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալի հետ

Նոյեմբերի 25-ին Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտաքին գործերի նախարարների Սալոնիկում կայանալիք հանդիպման շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը հանդիպում ունեցավ Հունաստանի ԱԳ նախարարի տեղակալ Սպիրոս Կուվելիսի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք կարեւորվեց հայ-հունական ավանդական բարեկամական հարաբերությունների զարգացումը: Փոխնախարար Մանասարյանը նշեց, որ երկկողմ համագործակցությունը նոր խթանների կարիք ունի' քաղաքական բարձր մակարդակի երկխոսությանն ամուր տնտեսական հիմք ապահովելու համար: Հայկական կողմը կարեւորեց նոր համատեղ նախագծերի եւ ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը' հատկապես ՀՀ Նախագահի Հունաստան կատարվելիք պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքների շրջանակներում:

ՀՀ ԱԳ փոխնախարարը, ներկայացնելով ՀՀ Կառավարության մոտեցումները ԵՄ-ի եւ մասնավորապես, Հունաստանի հետ տնտեսական կապերի ակտիվացման ուղղությամբ, հավաստիացրեց, որ հայկական կողմը պատրաստակամ է հունական կապիտալի համար տարաբնույթ ներդրումային ծրագրերի հնարավորություններ ստեղծելու հարցում:

Իր հերթին հունական կողմը, համաձայնելով երկկողմ տնտեսական համագործակցությունը կոնկրետ ու հատուկ ոլորտներին ուղղելու գաղափարին, առաջարկեց խրախուսել երկու երկրների գործարար շրջանակների միջեւ շփումները: Փոխնախարար Կուվելիսը նշեց, որ Հունաստանի կառավարությունը դիտարկում է տնտեսական հարցերով հայ-հունական համատեղ միջկառավարական հանձնաժողովի նիստը 2011թ. կազմակերպելու հարցը, ինչպես նաեւ հնարավոր համարեց դրա շրջանակներում հույն գործարարների պատվիրակության այցը Հայաստան'հայ գործընկերների հետ նպատակաուղղված համատեղ ծրագրեր քննարկելու նպատակով: Հունական կողմը նաեւ առաջարկեց դիտարկել համատեղ հանձնաժողովի նիստի ընթացքում երկկողմ համագործակցության մասին հուշագիր կամ հռչակագիր ստորագրելու հնարավորությունը: Հունաստանի ԱԳ փոխնախարարը հավաստիացրեց, որ Հունաստանն աջակցություն է ցուցաբերելու Հայաստանին' ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրման եւ համագործակցության զարգացման գործընթացներում:

 Հանդիպման ավարտին երկուստեք կարեւորվեց երկկողմ փոխանակումների եւ տնտեսական արտոնյալ պայմանների ապահովումը, ինչպես նաեւ ՍԾՏՀ-ի' որպես տարածաշրջանային համագործակցության օղակի օգտագործման հնարավորությունները:  

Այս խորագրի վերջին նյութերը