Քաղաքական

05.02.2015 16:01


Ստեփան Մարգարյան. «Այս իրավիճակից կարելի է դուրս գալ միայն արմատական փոփոխություններով» (տեսանյութ)

Ստեփան Մարգարյան. «Այս իրավիճակից կարելի է դուրս գալ միայն արմատական փոփոխություններով» (տեսանյութ)

ԲՀԿ պատգամավոր Ստեփան Մարգարյանի ելույթը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում»

Երկիրը հասել է այնպիսի վիճակի, որից կարելի է դուրս գալ միայն արմատական փոփոխություններով: Փոփոխությունների կարելի է հասնել միայն համադրելով եւ համախմբելով մտավոր, անհատական եւ հասարակական- քաղաքական բոլոր արժեքավոր ռեսուրսները: Այն ենթադրում է հասարակության շերտերին եւ խավերին ուղղված ուղերձ եւ ծրագիր մոտակա եւ երկարաժամկետ ապագայի նկատմամբ: Սա բարդ խնդիր է, եւ այն ոչ միշտ է հաջողվում լուծել: Այն ենթադրում է բոլորից հրաժարվել անձնական եւ քաղաքական որոշ, երբեմն նաեւ՝ օբյեկտիվորեն գոյություն ունեցող ամբիցիաներից, եւ առաջնորդվել միայն ընդհանուր շահերով:

Եթե քաղաքական ուժերն այս խնդրիը չեն լուծում եւ չեն դառնում հասկանալի, կանխատեսելի եւ ընդունելի հասարակության համար, ապա նրանք դատապարտված են պարտության: Սա պարզ ճշմարտություն է։

Անշուշտ, մենք այսօր նրա համար չենք հավաքվել, որ վերջնական որոշում կայացնենք վաղվա մեր անելիքների վերաբերյալ: Անելիքներն ընդհանրապես ունեն դինամիկ բնույթ։ Բայց այսօրվա բոլորիս խոսելու եւ իրար լսելու արդյունքում մենք պետք է նպաստենք հասարակության եւ հասարակական-քաղաքական ուժերի միասնական պատկերացումների ձեւավորմանն այդ անելիքների վերաբերյալ:

Սովորաբար, այդ պատկերացումները հասարակության համար ձեւավորվում են, դառնում հասկանալի եւ ընդունելի, եթե պարունակում են մի քանի հիմնական, ինչ-որ իմաստով՝ դասական եւ բոլոր հասարակական շարժումների համար ընդհանուր հարցերի պատասխաններ։

Այդ հարցերն են՝

ի՞նչ ենք ուզում մենք,

ինչպե՞ս ենք հասնելու դրան,

ի՞նչ է շահելու դրանից երկիրը:

Այս հարցերի ընդհանրական եւ բոլորի կողմից ընդունելի պատասխաններ ունենալը նշանակում է ունենալ գործողությունների միասնական ծրագիր:

Այն, որ առանց իշխանափոխության հնարավոր չի լուրջ և դրական փոփոխություններ ունենալ, զարգացման միտումներ արձանագրել և դիմակայել երկրի առաջ ծառացած մարտահրավերներին, կարծում եմ՝ քչերն են կասկածում:

Սակայն իշխանափոխության գաղափարը դառնում է ինքնանպատակ եւ ընդամենը անձերի փոփոխության խնդիր, եթե նրա հիմքում դրված չեն այն հիմնադրույթները, թե ինչ է շահում երկիրը դրանից:

Մենք ունեցել ենք բազմաթիվ քննարկումներ եւ ունենք գրեթե ընդհանուր պատկերացումներ, թե ինչ ենք ուզում, եւ ինչ է շահելու երկիրը դրանից: Հետեւաբար, խնդիրը միասնական ծրագրի ամբողջական շարադրումն է, դրա շարունակաբար հասցնելը հասարակության ավելի ու ավելի լայն շրջանակների եւ այդ ծրագրով առաջ շարժվելը:

Շատ կարևոր է ցույց տալ, ապացուցել հասարակությանը, որ մենք ոչ միայն պատրաստ ենք, այլ նաև կարող ենք լուրջ բեռ կրել։

Այլ եւ բավականին լուրջ խնդիր է, թե ինչ ճանապարհով ենք հասնելու մեր պատկերացրած փոփոխություններին: Վստահ եմ՝ մենք բոլորս սիրում ենք մեր երկիրը, եւ չենք ուզում ունենալ ցնցումներով եւ անկանխատեսելի հետեւանքներով լեցուն իրավիճակ:

Մենք չենք ուզում մայդաններ եւ մեզանից կախված ամեն ինչ կանենք, որպեսզի դա տեղի չունենա: Սակայն դա տեղի չունենալու համար նույն կերպ պետք է վարվեն նաեւ իշխանությունները: Իշխանությունների ոչ ադեկվատ պահվածքի հետեւանքով կարող է առաջանալ իրավիճակ, որը ոչ ոք չի կարողանա կառավարել: Ուստի, մեր համար խնդիր է նաեւ պատրաստ լինել ցանկացած զարգացման, ինչպես նաև կարողանալ պարտադրել իշխանություններին կայացնել միայն իրավիճակին համապատասխան որոշումներ:

Բոլորովին այլ իրավիճակում են իշխանությունները: Չգիտակցելով, որ բոլորովին չունեն վստահության ռեսուրս՝ նրանք ուզում են լուծել մեկ այլ հիմնական խնդիր, որը բաղկացած է երկու մասից`

ինչպես պահել իշխանությունն այսօր,

ինչպես պահել իշխանությունը հետագայում և ընդմիշտ:

Ընդ որում, իրենք անկեղծորեն համոզված են, որ ճիշտ են։

Սակայն անջրպետը իշխանության եւ հասարակության միջեւ գնալով խորանում է: Որքան շատ է խորանում անջրպետը, այնքան իշխանությունները կորցնում են իրականության զգացումը: Իսկ դա դառնում է վտանգավոր: Ոչ ադեկվատ քայլերի հետեւանքով երկրում առաջանում են նորանոր իրավիճակներ, որոնք վտանգում են երկրի, պետության ազգային անվտանգությունը:

Չի կարելի արհեստական ձեւով գնալ սահմանադրական փոփոխությունների: Դա փոփոխություն է հանուն իշխանության պահպանության:

Չի կարելի երկրում պահպանել քաղաքական մենաշնորհի իրավիճակ:

Մեր տիպի երկրներում, երբ չկա կառավարման ավանդական մշակույթ, քաղաքական մենաշնորհը ոչ միայն ծնում է տնտեսական մենաշնորհներ, այլեւ թույլ չի տալիս իշխանության համակարգում ունենալու որեւէ հակակշիռ: Քաղաքական մենաշնորհ առաջանում է իշխանության ձեւավորման գործող մեխանիզմների հետեւանքով: Անհրաժեշտ է արմատապես փոխել դրանք:

Չի կարելի որեւէ կերպ արդարացնել տնտեսական մենաշնորհները: Դրանց վերացնելը ուղղակի անհրաժեշտություն է: Տնտեսական մենաշնորհները վերացնելը խոշոր կապիտալի մրցակցությունն է, իսկ դրա կարեւոր հետեւանքը` ներդրումների նկատմամբ երկրի վստահության բարձրացումը: Խոշոր կապիտալը երկրի թշնամին չի: Այն մրցակցային դաշտի ձեւավորման շարժիչ ուժն է:

Այն իշխանությունը, որը կարողոցավ դա անել, մնալու է պատմության մեջ որպես մեծ բարեփոխիչ:

12 կետերի կատարման ուղղությամբ ոչինչ չանելը անհասկանալի եւ անընդունելի տղայականություն է, որի բացասական հետեւանքները տարբեր բնագավառներում հաճախակի պարբերականությամբ փլուզումների տեսքով անընդհատ տեսնում ենք:

Կարծում եմ՝ հասկանալի է, որ այս 12 կետերը եւ էլի բազմաթիվ այլ կետեր մնում են մեր օրակարգում մինչեւ դրանց կատարվելը, ընդհուպ՝ մինչեւ կատարվելը նոր իշխանությունների կողմից:

Եվ վերջապես, մեր տիպի երկիրը չի կարող չունենալ հստակ դիրքորոշում արտաքին քաղաքանության մեջ և չլինել կանխատեսելի։ Ավելին՝ կանխատեսելի և իր պայմանագրային պարտավորություններին հավատարիմ։ Դա խիստ վտանգավոր է։ Գործընկերդ պետք է վստահի քեզ, և դու կլինես ինքնուրույն և ուժեղ։

Մի հարցի մասին եւս: Հաճախ ենք լսում դատողություններ այն մասին, որ քաղաքական ուժերի այս կամ այն որոշումից ժողովուրդը կարող է հիասթափվել: Նախ՝ սխալ է քաղաքական ուժերին դիտարկել որպես ժողովրդից դուրս եւ նրա տրամադրություններից անկախ գործող եւ որոշումներ ընդունող: Մյուս կողմից` սխալ է ժողովրդին, հասարակական կառույցները դիտարկել որպես քաղաքական իրավիճակից առանձնացված մարդկանց խումբ, որը միայն լսողի, հավանողի կամ չհավանողի դերում է: Հաջողության հասնելու համար քաղաքական ուժերն ինչ-որ իմաստով պետք է ժողովրդի մեջ տարրալուծված լինեն: Հասարակությունն այդ ուժերին պետք է իրենը համարի:

Հիասթափություն առաջանում է այն դեպքում, երբ քաղաքական ուժերը հստակ չեն ձեւակերպում խնդիրները եւ դրանից բխող իրենց նպատակները, կամ կայացնում են որոշումներ՝ հաշվի չառնելով, ավելի հաճախ՝ սխալ գնահատելով հասարակական տրամադրությունները, կամ այդ խնդիրները առանձնապես չեն հետաքրքրում մարդկանց մեծամասնությանը:

Անհրաժեշտ է մշտապես հիշել մի պարզ ճշմարտություն, այն է` ցանկացած իրավիճակում ցանկացած քաղաքական ուժի հիմնական գործընկերը հասարակությունն է, ժողովուրդն է: Ցանկացած խնդրի լուծման համար հիմնական որոշում կայացնողը ժողովուրդն է: Անհրաժեշտ է միասնական ծրագրով մոբիլիզացնել ժողովրդին:

Հաղթում է այն քաղաքական կառույցը, որը չի սխալվում, այլ գործում է կառուցողական և պրագմատիկ դաշտում։

Այս խորագրի վերջին նյութերը