Տնտեսական

13.03.2015 18:59


Ֆիննախի պարզաբանումը՝ հարկ վճարողներին էլ. կառավարման համակարգում փոփոխությունների վերաբերյալ

Ֆիննախի պարզաբանումը՝ հարկ վճարողներին էլ. կառավարման համակարգում փոփոխությունների վերաբերյալ

Պարզաբանում

հարկ վճարողների էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխությունների վերաբերյալ

Հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում հարկ վճարողների կողմից ներկայացված մտահոգությունները՝ կապված ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային համակարգերով հարկ վճարողների աշխատանքի հետ, հայտնում ենք հետևյալը.

2014 թվականից սկսվել և ներկայում էլ շարունակվում են ՀՀ տնտեսական դաշտը կարգավորող օրենսդրության աննախադեպ ծավալի փոփոխությունները, որոնք էլ իրենց հերթին փոփոխություններ են ենթադրում ՀՀ ֆինանսների նախարարության էլեկտրոնային կառավարման համակարգում: Դրանց կատարման անհրաժեշտությունը հիմնականում պայմանավորված է հետևյալ հանգամանքներով.

  1. Հարկային օրենսդրության փոփոխություններ, որոնց արդյունքում անհրաժեշտություն է առաջացել ծրագրավորել որոշ հարկատեսակների հաշվարկների, հայտարարությունների նոր ձևերը,
  2. ԵՏՄ անդամակցություն, որի արդյունքում ներդրվում է լրիվ նոր ծրագրային ապահովման համակարգ,
  3. Կուտակային վճարների հաշվարկման և վճարման մեխանիզմի փոփոխություններ, որոնց արդյունքում նախորդ երկու տարիներին կատարված էական ծավալի ծրագրավորման աշխատանքներ վերածրագրավորվել և շարունակվում են վերածրագրավորվել:

Բացի այդ, Ֆինանսների նախարարությունը, Համաշխարհային Բանկի աջակցությամբ, իրականացնում է Հարկային վարչարարության արդիականացման ծրագիր: Այն նախատեսում է էլեկտրոնային կառավարման համակարգում նորագույն տեխնոլոգիաների կիրառություն, կայուն և կանխատեսելի համակարգի ձևավորում, որն ի վիճակի է լինելու առաջիկա տարիներին հարկ վճարողների համար ապահովել անխափան և արդիական սպասարկման ծառայություններ:

Վերը նշվածը հաշվի առնելով` ՀՀ ֆինանսների նախարարությունը հորդորում է հարկ վճարողներին էլեկտրոնային կառավարման համակարգում կատարվող փոփոխություններին վերաբերվել ըմբռնումով` հաշվի առնելով դրանց ժամանակատար լինելը: Հավաստիացնում ենք, որ ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցներն այդ փոփոխությունները մինչև օրենսդրությամբ սահմանված վերջնաժամկետների լրանալն ավարտելու համար:

ՀՀ ՖՆ տեղեկատվության և հասարակայնության

հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը