Մեկնաբանություն

03.06.2015 16:51


Արևմտամետ կամ ռուսամե՞տ են արդյոք տնաբույծ արևմտամետները կամ ռուսամետները

Արևմտամետ կամ ռուսամե՞տ են արդյոք տնաբույծ արևմտամետները կամ ռուսամետները

Իշխանական քարոզչամեքենան փորձում է մեր քաղաքական դաշտում արհեստական բաժանում մտցնել։ Ըստ իրենց՝ Հայաստանի քաղաքական ուժերը և քաղաքականապես ակտիվ անհատները բաժանվում են երկու խոշոր խմբերի՝ արևմտամետների և ռուսամետների։

Ռուսամետները ներկայացվում են որպես հետադիմական ու պուտինամոլ, իսկ արևմտամետները՝ առաջադեմ և ԵՄ–ի հետ ասոցացմանը կողմնակից ուժեր։

Ուշագրավ է, որ Գեբելսի հոգեզավակները Սերժ Սարգսյանին ներկայացնում են որպես հոգով արևմտամետ, բայց հանգամանքների բերումով՝ Կրեմլի կրնկի տակ հայտնված գործիչ։ Այսինքն, կեղծ բաժանման մեջ ՀՀԿ ղեկավարը դիտարկվում է արևմտամետոտ տիրույթում՝ առաջադիմականոտ լույսի ներքո։ Դա արվում է «Սարգսյանը չարյաց փոքրագույնն է» ծրագրի շրջանակներում (հանուն ճշմարտության՝ պետք է նկատել, որ այս թեզը հիմա այնքան էլ «ռասկրուտկա չի արվում», քանզի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իշխանություններն այլևս ձևականությունների հետևից չեն ուզում ընկնել)։ Թե քանի ոչխար է հավատում այս պնդումներին, թողնենք Ահարոն Ադիբեկյանի գլխավորած հաշվիչ հանձնաժողովին։

Իրականությունն այն է, որ Հայաստանում արևմտամետ և ռուսամետ ուժեր չկան։

Եթե արևմտամետ ասելով հասկանում ենք համամարդկային արժեքների, քաղաքական ազատությունների, շուկայական մրցակցության, խոսքի ազատության, ժողովրդավարական ինստիտուտների և նմանատիպ այլ բաների ընդունումը, ապա մեզանում կան այդ արժեքներին հավատարիմ անհատներ։

Զուտ ձևականորեն գրեթե բոլոր հայաստանյան կուսակցություններն այս արժեքներին իրենց հավատարմությունն են հայտնել, բայց գործնականում այդպիսին չեն։

Իսկ եթե արևմտամետությունը նույնացվում է ՆԱՏՕ մտնելու, ԵՄ–ի հետ ասոցացվելու կամ Ռուսաստանի ու Պուտինի դեմ խոսելու հետ, ապա սա աշխարհաքաղաքականություն է և առնչվում է խոշոր պետությունների տնտեսական շահերի սպասարկման տիրույթին։ Արժեքներն այստեղ իրենց տեղը զիջում են «ռեալ պոլիտիկին»։ Ասել է թե՝ ԵՄ–ի հետ ասոցացվելն ու ՌԴ–ի դեմ կռիվ տալը բացարձակապես կապ չունեն արևմտամետության հետ այն մասով, որը վերաբերում է արժեքներին։

Մեզանում չկան նաև ռուսամետ ուժեր։ Կան բնազդով կամ ժուլիկական կոմերցիոն նպատակներով դեպի ՌԴ կողմնորոշվածներ։

Եվ ուրեմն, մեզ մոտ արևմտամետ և ռուսամետ ձևակերպումներն օգտագործելիս պետք է միշտ այդ «մետներին» վերցնել չակերտների մեջ, քանզի դրանք նախ կապ չունեն արժեքների հետ, և բացի այդ՝ «արևմտամետները» և «ռուսամետները» նույն մեդալի հակառակ կողմերն են ու փոխլրացնում են իրար։ Երկուսն էլ հայաստանակենտրոն չեն։

Սրանց համար Հայաստանը տարածք է, որը պետք է ծառայեցնել սեփական կոմերցիոն նպատակների համար։

Հանդիպում ենք նաև «գաղափարական» կոմերսանտների, որոնք նաև ուզում են համաշխարհային այս կամ այն գերտերության շահերին ծառայեցնել Հայաստանն ու դառնալ «գլոբալ» խաղի մասնակից։ Մեր պետությունը շատ փոքր է թվում իրենց, և ուզում են մեծ խաղի մեջ մտնել (համաշխարհային պրոլետարիատի հաղթանակից մինչև համաշխարհային լիբերալ էքսպանսիա, ամերիկանիզմից մինչև ուղղափառ քաղաքակրթության վերածնունդ)։

Ինքնին հասկանալի է, որ «մետությամբ» աչքի ընկնողները հակահայաստանյան ուժեր են։ Ու կապ չունի, թե արդյոք դա նրանք գիտակցո՞ւմ են, թե՞ օգտագործվում են, այսպես ասած, հասարակական հիմունքներով «ազնիվ քյարփինջի» կարգավիճակով։

Հակահայաստանյան են «ռուսամետ» զորիգայկովիչները, որոնք Պուտինին կամ «չերեզ» Պոզներ նույն Պուտինին քծնելով՝ փորձում են իրենց մասնավոր խնդիրները լուծել։

Հակահայաստանյան են նաև «արևմտամետները»։ Քերի՛ր ցանկացած տնաբույծ «արևմտամետի», ու տակից դուրս կգա թուրք–ադրբեջանական քարոզչամեքենային ձայնակցող տիգրանխզմալյանատիպ մեկը։

Հայաստանում քաղաքականությամբ զբաղվողների իրական խնդիրը պետք է լինի հայաստանակենտրոն քաղաքական դաշտի կայացումը։ Դաշտ, որի ներսում կարող են հանգիստ իրար կոկորդ կրծել աջերն ու ձախերը, ազգայնականները և պահպանողականները։ Բոլորի նպատակը, կոկորդ կրծելով հանդերձ, պետք է լինի մեր զույգ հայկական պետությունների ուժեղացումը։ Դրանից հետո արդեն կարելի է աշխարհաքաղաքական խաղերի մասնակցել, բայց ոչ թե արևմտամետ կամ ռուսամետ տարբերակով, այլ բացառապես Հայաստանի ու Ղարաբաղի շահերը հաշվի առնելով։

Դրսում պետք է դաշնակիցներ փնտրել, այլ ոչ թե «պապաներ»։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը