Լրահոս

09.11.2009 10:07


Այսօր Բեռլինի պատի անկման 20–ամյակն է

Այսօր Բեռլինի պատի անկման 20–ամյակն է

Նոյեմբերի 9-ին Գերմանիայում նշվում է Բեռլինի պատի անկման 20-ամյակը։ 1989թ. նոյեմբերի 9-ին, ժ.19:34, ԳԴՀ կառավարության ներկայացուցիչ Գյունտեր Շաբովսկին ուղիղ եթերում հայտարարեց, որ հաջորդ օրվանից ԳԴՀ բնակիչները կարող են անարգել արտոնագիր ստանալ՝ Արևմտյան Բեռլին և Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն այցելելու համար, սակայն չսպասելով այդ օրվան՝ հարյուր հազարավոր մարդիկ երեկոյան ուղղվում են դեպի սահման։ Սահմանապահները նախ փորձում են հետ մղել ամբոխին, սակայն հետո ստիպված են լինում բացել սահմանը։ Արևելյան Գերմանիայի բնակիչնեչը սկսում են անցնել Արևմտյան Գերմանիա: Հաջորդ 3 օրվա ընթացքում արևմտյան կողմ է անցնում 3մլն մարդ:

Տոնին մասնակցելու համար Բեռլին են ժամանել նախկին ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը, ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը և Գերմանիայի նախկին կանցլեր Հելմութ Քոլը:

Բեռլինի պատը, որը «սառը պատերազմի» ամենանշանավոր խորհրդանիշն էր, կառուցվել էր 1961թ. օգոստոսի 13-ին Վարշավյան պայմանագրի երկրների կոմունիստական և աշխատավորական կուսակցությունների քարտուղարների առաջարկով: Արևմտյան Բեռլին այցելելու համար Գերմանիայի Դեմոկրատական հանրապետության քաղաքացիներից հատուկ թույլտվություն էր պահանջվում: Ազատ անցման իրավունք ունեին միայն թոշակառուները: Տարբեր տվյալներով, Բեռլինյան պատն անցնելու փորձի ժամանակ զոհվել է 125-1245 մարդ, եղել են հարյուրավոր վիրավորներ, ավելի քան 75000 մարդ ձերբակալվել է: ԳԴՀ քրեական օրենսդրության համաձայն՝ պատից այն կողմ անցնելը համարվում էր փախուստ, որի համար սպառնում էր ութ տարվա ազատազրկում: Առավել վտանգավոր էր փախուստին օգնողների վիճակը. նրանց ցմահ բանտարկություն էր սպասվում: ԳԴՀ Պետական անվտանգության նախարարության արխիվներում պահպանված փաստաթղթերը վկայում են, որ իշխանությունները հրամայել են ոչնչացնել փախուստի դիմող բոլորին անխտիր՝ ներառյալ երեխաներին:

1989 թվականի նոյեմբերի 28-ին Գերմանիայի կանցլեր Հելմութ Քոլը 10 կետից բաղկացած վերամիավորման ծրագիր է մշակում։ Դեկտեմբերի 8-ին Եվրախորհրդի ղեկավարները հանդիպում են Ստրասբուրգում և համաձայնում սատարել Գերմանիայի միավորմանը՝ չնայած այդ հեռանկարին ընդդիմանալու ֆրանս-բրիտանական նախաձեռնությունն առաջ մղելու Մարգարեթ Թետչերի ջանքերին: 1990թ. մայիսի 18-ին գերմանական երկու պետությունները ստորագրում են պայմանագիր՝ քաղաքական, դրամական, տնտեսական և սոցիալական միավորման մասին, որն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ին: 1990-ի հոկտեմբերի 3-ին Գերմանիան պաշտոնապես վերամիավորվում է: Այդ օրը դարձել է միավորված Գերմանիայի պաշտոնական տոն։

Այս խորագրի վերջին նյութերը