Լրահոս

17.08.2015 14:11


Ինչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում

Ինչպե՞ս էր ութ անգամ դասալքություն կատարած Պերմյակովը հայտնվել Գյումրիի ռազմաբազայում

Գյումրիում մի ամբողջ ընտանիքի եղեռնական սպանությանն առնչվող դասալքության, զենք հափշտակելու և ապօրինի զենք կրելու մեղադրանքով գործով ռուսական կայազորային դատարանում մեկ օրով, մեկ ամբաստանյալով դատավարությունը չպատասխանեց սպանված ընտանիքի հարազատների շատ հարցերի: Այս մասին լրագրողների հետ այսօրվա հանդիպմանը հայտարարեցին տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներ Լուսինե Սահակյանը, Երվանդ Վարոսյանը, Երեմ Սարգսյանն ու Միհրան Պողոսյանը: Այս մասին տեղեկացնում է «Փաստինֆո»–ն։

Դատավարությանը գործի 72 հատորներից հրապարակվեցին միայն շուրջ 35-ը, դատարանը շատ հարցերի պատասխանները պարզապես կանխում էր՝ հայտարարելով, որ դրանք կարևոր չեն: Դատաքննությունը ոչ թե արագացված, այլ արագացումով տեղի ունեցավ: Ընդ որում, ի սկզբանե համաձայնեցված էր, թե քանի ժամ է տևելու, որ ընդմիջում է լինելու, որից հետո հրապարակվելու էր դատավճիռը: Հանրության առջև չհրապարակվեց դատարանի կայացրած լրացուցիչ որոշումը՝ ըստ ամենայնի, որպեսզի չբացահայտվեն ռուսական ռազմաբազայում տիրող բարքերն ու իրավիճակը:

Թեև մեղադրող կողմը նշեց, որ ոճրագործությամբ սեպ է խրվել հայ-ռուսական հարաբերությունների մեջ, սակայն չբացահայտվեցին հանցագործությունը ծնող պատճառները:

Հակառակն ամեն կերպ փորձ էր արվում ներկայացնել, որ ռազմաբազայում ծառայում են ընտրյալները, այդ պարագայում առնվազն տարօրինակ է, որ «ընտրությունների» արդյունքում ռազմաբազա ծառայության էր ուղարկվել Վալերի Պերմյակովը, ով մինչ այդ, ըստ նրա անձնական գործի տվյալների, ութ անգամ դասալքություն էր կատարել: Լուսինե Սահակյանի տպավորությամբ, սակայն, ռազմաբազան իրականում աքսորավայր է՝ ծառայության ընթացքում «աչքի ընկած» զինծառայողների համար:

Ըստ փաստաբանների, տարօրինակ է նաև, որ ամբաստանյալների աթոռին չեն հայտնվել նաև ռազմաբազայի ինչ-ինչ պաշտոնատար անձինք, ովքեր պատասխանատվություն պետք է կրեին զինծառայողի՝ զենքով փախուստի դիմելու համար:

Լ.Սահակյանը նաև կարևորեց, որպեսզի պարզվի, թե երբ է հայտնի դարձել զինված զինծառայողի փախուստի մասին, և ով է պատասխանատու՝ հայկական, թե ռուսական կողմը, ոճրագործությունը չկանխելու համար:

Փաստաբանները խոսեցին դատավարության ընթացքում Պերմյակովի տարօրինակ պահվածքի մասին. ամբաստանյալը չէր շրջվում դեպի դահլիճն անգամ բարձր ձայների պարագայում: Այն, որ նա ագրեսիվ չէ, առողջական խնդիրներ չունի, ևս հարցեր է հարուցում, ուրեմն, նա, ըստ Լուսինե Սահակյանի, շատ լուրջ դրդապատճառներ պետք է ունենար այդպիսի դաժան սպանություն կատարելու համար: Իսկ եթե նա ինչ-ինչ առողջական խնդիրներ ունի, ապա ինչպե՞ս էր հայտնվել ռազմաբազայում:

Փաստաբանները միաժամանակ նշեցին, որ սեփական դատավարությանը մերթ ընդ մերթ քնող-արթնացող Պերմյակովը դատարանի հարցերին այո կամ ոչ կարճ պատասխաններ տալիս էր, այսինքն՝ «լրիվ անջատված վիճակում չէր»:

Նշվեց նաև, որ սպանության գործի նախաքննության ավարտից հետո գործն, ըստ ոճրագործության կատարման վայրի, ենթակա է քննության Շիրակի մարզի դատարանում, սակայն նիստերը կոնկրետ որտե՞ղ կանցկացվեն, դեռ պարզ չէ՝ եթե ռազմաբազայի տարածքում, ապա դահլիճը քիչ մարդ է տեղավորում և ունի վատ լսելիություն, այն բավարար չէ սպանության գործ քննելու համար:

Մանրամասները՝ «Փաստինֆո»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը