Կարծիք

17.11.2009 17:07


«…Հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը»

«…Հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը»

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ տրված գնահատականները կարելի է դասակարգել երեք խմբի։ Գնահատականներ, որոնցով անթերի են համարվում նախաստորագրված արձանագրությունները՝ իրենց օպոնենտներին համարելով պետական մտածողություն չունեցող: Դրանք հիմնականում իշխանության և մերձիշխանական շրջանակների ներկայացուցիչներ են։ Ոմանք էլ վերոհիշյալ արձանագրությունների ճարտարապետներին մեղադրում են, իրենց արտահայտությամբ, Ցեղասպանությունն ուրանալու, մեր պատմական հայրենիքի մի մասն աճուրդի հանելու և Ղարաբաղը ծախելու մեջ, առաջնորդվում հավերժ թշնամու պարզունակ կարծրատիպով՝ իրենց ընդդիմախոսներին պիտակավորելով որպես դավաճաններ։ Այսպիսով, պատմության ընթացքում այս էլ որերորդ անգամ հայության կյանքում լրջագույն հարցերը զգայական հարթությունից քաղաքական հարթությունում վերածվում են, այսպես կոչված, հայրենասերների ու դավաճանների մրցապայքարում անպտուղ և ոչ մի տեղ չտանող բանավեճի իմիտացիայի։ Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ երրորդ խմբին դասվող վերոհիշյալ պարզունակ սխեմաներից դուրս հնչող այլ՝ հավասարակշռված, ընթացիկ քաղաքական կոնյուկտուրայով չպայմանավորված, պրագմատիկ, օբյեկտիվ, խորքային, ոչ զգացմունքային, իրոք քաղաքական մեկնաբանությունները, ցավոք, փոքրաթիվ են։ Ի դեպ, եթե անգամ չլիներ նախաստորագրված փաստաթղթերի նկատմամբ ներկայումս դրսևորվող ներքաղաքական որոշակի հակազդեցությունը, ապա Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունությունն ու մանևրելու հնարավորություններն էապես մեծացնելու հրամայականից ելնելով՝ իշխանությունները պետք է ստեղծեին կամ խթանեին այդօրինակ հակազդեցությունը։ Այսպիսով, հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ ներկայումս ծավալված քննարկումների ու բանավեճերի որակն ու խորությունը ցույց են տալիս հայաստանյան քաղաքական մտքի և համակարգի անկատարությունը, ազգային պետական հիմնախնդիրները լիարժեք ձևակերպելու, ռացիոնալ հարթությունում քննարկելու և լուծելու անկարողությունը։

Հայության թիվ մեկ խնդիրը Հայաստանի՝ քաղաքակիրթ աշխարհի հետ լիարժեք ինտեգրվելու միջոցով հետևողական հզորանալն է, որովհետև միայն այդ դեպքում կարող ենք ակնկալել, որ երբևիցե մեզ կհաջողվի ոչ միայն վերադարձնել այն, ինչը ժամանակին մեզ է պատկանել, այլև ձեռք բերել ավելին, ոչ թե այսօրվա նման անընդհատ վախենալ եղածը կորցնելուց։ Աշխարհում հավանաբար չի գտնվի որևէ հայ, որը չերազի պատմական Հայաստանը վերականգնված տեսնելու մասին։ Երազով ապրել պետք է և նույնիսկ անհրաժեշտ, իսկ երազում ապրելը թերևս պրոբլեմատիկ է։

Վիկտոր Դալլաքյան

Այս խորագրի վերջին նյութերը