Աշխարհ

16.09.2015 16:00


Մայրը երեխաների հետ ուրախ–ուրախ լուսանկարվել է ամուսնու դագաղի մոտ (լուսանկար)

Մայրը երեխաների հետ ուրախ–ուրախ լուսանկարվել է ամուսնու դագաղի մոտ (լուսանկար)

Օհայո նահանգի բնակչուհի Եվա Հոլանդը ցնցել է համացանցի օգտատերերին՝ ֆեյսբուքյան էջում տեղադրելով իր և երեխաների լուսանկարը ամուսնու դագաղի մոտ։ Ավելին, ինչպես նա, այնպես էլ իր երեխաները լուսանկարվելիս ծիծաղում են։ Մի քանի օրվա ընթացքում այս լուսանկարը համացանցում տարածվել է գրեթե 300 հազար անգամ։

«Հասկանում եմ, որ այս լուսանկարը, ամենայն հավանականությամբ, շատերին ցնցել է, իսկ ոմանց՝ նույնիսկ զայրացրել, բայց ես դա բոլորովին չեմ արել անարգելու համար այն մարդու հիշատակը, ում սիրում էի դպրոցական տարիքից։ Իմ ամուսինն ու երեխաներիս հայրը մահացել է հերոինից տևական կախվածության պատճառով։ Այս լուսանկարով ես ցանկանում եմ բոլորին ցույց տալ, թե ինչով է ավարտվում այդքան կործանարար հակվածությունը։ Այլ արդյունք չի կարող լինել»,– իր էջում գրել է ամերիկուհին։

Եվա Հոլանդի խոսքով՝ իր ամուսինը հերոինի է անցել ցավազրկողներ օգտագործելուց հետո։ Իսկ ցավազրկողների օգնությանն է դիմել ատամնաբույժի մոտ բուժման կուրս անցնելու ժամանակ։

Որքան էլ զարմանալի է՝ համացանցում մեկնաբանությունների մեծ մասը հնչում է ի պաշտպանություն ամերիկուհու։

«Շատերը նման կորուստը կրում են լուռ կամ էլ ընկճախտի մեջ են ընկնում, բայց դուք այն հաղթահարելու ուժ եք գտել և բոլորին պատմում եք, թե որքան կարևոր է ընտրել ընտանիքը, այլ ոչ թե թմրանյութից ստացած րոպեական հաճույքը»,–գրել է օգտատերերից մեկը։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը