Մեկնաբանություն

24.09.2015 11:55


Հատուկ հանձնարարությունը և սատանի մայլեն

Հատուկ հանձնարարությունը և սատանի մայլեն

Երբ Ադրբեջանը կարողացավ Հունգարիայից գնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, Սերժ Սարգսյանը նիստ հրավիրեց ու տեսախցիկների առաջ բազմանշանակ ձևով հայտարարեց, որ հատուկ հանձնարարություն ունի տալու ԱԱԾ ղեկավար Գորիկ Հակոբյանին։

Պարզ էր, որ դա ձևական հայտարարություն էր՝ շոու։

ԱԱԾ–ին հատուկ հանձնարարություն տալն իմաստ չունի, եթե դրանից առաջ ձախողվել ես պետականաշինության, տնտեսության ու արտաքին քաղաքական ոլորտներում։

Սաֆարովին միշտ էլ Ադրբեջանն ուզեցել է հետ ստանալ, սակայն իր նպատակին հասավ այն ժամանակ, երբ Հայաստանը սկսեց վարել «նախաձեռնողական» արտաքին քաղաքականություն, այն է՝ դատարկությամբ լցված ու պատից պատ զարկվող քաղաքականություն։

Այդ պայմաններում հատուկ հանձնարարություն տալը ԱԱԾ–ին «պոդստավկա անելու» քայլի է վերածվում։ Սեփական սխալներն ուրիշի վրա բարդելու «տրյուկ»։

ԱԱԾ–ին (նաև՝ ոստիկանությանն ու քննչական մարմիններին) հիմա էլ են ուզում «պոդստավկա անել»։ Այս անգամ արդեն առիթը դավաճան Վահան Մարտիրոսյանի արածն է։

«Ո՞ւր էին իրավապահները, ո՞ւր էր ԱԱԾ–ն, երբ Վահանը հատում էր սահմանը»,– դեմագոգիկ ձևով հարցադրումներ են հնչեցնում Բաղրամյան 26–ին կցված «անկախ» լրատվամիջոցները։

Սրանք այն լրատվամիջոցներն են, որոնք «շենքի» բարձր հովանու ներքո՝ աճեցրեցին Վահանին ու նրա նմաններին, և հիմա էլ են այդ գործն անում։

«Քաղաքացիականներին» բուծելը նախագահական նստավայրից իջեցված հրահանգով է տեղի ունենում։ Նպատակը գաղջ մթնոլորտ ձևավորելն ու այդ մթնոլորտում «Մեկ օլիգարխի տնտեսություն» կառուցելն է։

«Քաղաքացիականները» սրանց պետք են նեոբոլշևիկյան քաղաքականության իրականացման համար «հանրային» ֆոն ապահովելու նպատակով։

Խիարը, սակայն, այս անգամ էլ թարս բուսնեց, քանզի «ողջախոհ երիտթևի» սիրելի վահաններից մեկը հայտնվեց Բաքվում ու սկսեց Ալիևի ուզած կոդերով հարձակվել Հայաստանի վրա՝ ձեռքի հետ էլ «շինելով» իր այստեղի պատվիրատուներին։

ԱԱԾ–ն այս խաղի կանոնին չի կարող տեղյակ չլինել։ Տեղյակ են, բայց ոչինչ չեն կարող անել, քանզի խնդիրը «վերևում» է։

Տեղյակ են ու երբ «անկախ» մամուլի միջոցներին Վահանի թեմայով քսի են տալիս Գորիկ Հակոբյանի վրա, որպեսզի թաքցնեն Բ26–ի ուղղակի պատասխանատվությունը «քաղաքացիական» վահանների գործունեության համար, նա հայտարարում է, թե սատանի մայլում քյանդրբազություն մի՛ արեք։ Հակոբյանի այդ խոսքն, ըստ ամենայնի, ուղղված չէր կոնկրետ լրագրողին։ Դա «Կո՛ւժ, քեզ ասում եմ, կուլա՛, դո՛ւ հասկացիր» տարբերակով ասված խոսք էր։

Հայաստանում այնպիսի խաղի կանոններ են հաստատվել, որ փչանում է ամեն ինչ։ Փչացման հարցում թիվ մեկ շահագրգիռը Բ26–ն է, քանզի այնտեղ հասկանում են, որ պոզիտիվ դաշտում չեն կարող աշխատել, ուստի պետք է այնպես անել, որ բոլոր պետական ինստիտուտները, քաղաքական դաշտն ու ընդհանրապես ամեն ինչը փչանան, որ այդ ամենի համապատկերին իրենց փչացածությունը չերևա, կամ գոնե շատ ցայտուն չլինի։

Պատահական չէ, որ Բ26–ին կցված բոլոր «անկախ» լրատվամիջոցները հանդես են գալիս ընդդիմադիր հռետորաբանությամբ ու հարձակվում են ոչ միայն ու ոչ այնքան ընդդիմադիր դաշտի, որքան «թիմակիցների» վրա։

Դա էլ հենց ստեղծում է այն գաղջ մթնոլորտը, որից, իբր, բողոքում էր Սերժ Սարգսյանը՝ այն համարելով արտագաղթի հիմնական պատճառ։

Մթնոլորտի գաղջացման հարցում այնքան ջանք ու եռանդ ներդրեցին, որ իրենց տղան հայտնվեց Բաքվում և սկսեց Հայաստանի դեմ տեղեկատվական դիվերսիա իրականացնել։

Սա՛ է այն դաժան իրականությունը, որի պայմաններում մենք ապրում ենք։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը