Մեկնաբանություն

16.10.2015 16:06


«Բարոյական հաղթանակի» անբարոյական արձագանքները

«Բարոյական հաղթանակի» անբարոյական արձագանքները

Ինչպես հայտնի է, Ստրասբուրգի մարդու իրավունքների Եվրոպական դատարանը հրապարակել է «Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով վճիռը։ Դատարանը որոշել է, որ Շվեյցարիան խախտել է թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքի ազատ արտահայտվելու իրավունքը։

ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցիչն էր ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը։ Հայաստանն այս գործում ներգրավված էր որպես երրորդ կողմ: Փաստաբանական թիմի կազմում էին ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արման Թաթոյանը, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Էմիլ Բաբայանը, Լոնդոնի «Doughty Street» փաստաբանական պալատի հիմնադիր, միջազգային հայտնի փաստաբան Ջեֆրի Ռոբերթսոնը, միջազգային հայտնի փաստաբաններ Ամալ Քլունին և Թոբի Քոլիսը:

Դ. Փերինչեքը 2005 թվականի մայիս, հուլիս և սեպտեմբեր ամիսներին Շվեյցարիայի Լոզան, Օպֆիկոն և Կոնիզ քաղաքներում կազմակերպված միջոցառումների ընթացքում հրապարակայնորեն հերքել էր 1915թ. և հետագա տարիներին հայ ժողովրդի նկատմամբ Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած ցեղասպանության փաստը: Նա, մասնավորապես, հայկական ցեղասպանությունը որակել էր որպես «միջազգային կեղծիք»:

2005 թվականի հուլիսին Շվեյցարիա-Հայաստան միությունը բողոք էր ներկայացրել Փերինչեքի դեմ՝ վերոհիշյալ ելույթների բովանդակության կապակցությամբ: Այդ բողոքի հիման վրա Լոզանի դատարանը 2007 թվականի մարտի 9-ին Դողու Փերինչեքին մեղավոր էր ճանաչել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի՝ ռասսայական խտրականության համար պատասխանատվություն նախատեսող 261bis հոդվածի 4-րդ կետով: Լոզանի դատարանն արձանագրել էր, որ Փերինչեքի՝ Հայոց ցեղասպանությունը ժխտող ելույթն ունեցել է ռասիստական շարժառիթներ, կրել է ազգայնական բնույթ և չի կարող դիտարկվել պատմական բանավեճի կամ քննարկման շրջանակներում: Լոզանի դատարանը նաև նշել էր, որ Հայոց ցեղասպանությունը, ըստ շվեյցարական հանրային կարծիքի, համընդհանուր ապացուցված եղելություն է, ապացուցված պատմական փաստ: Այս հիմնավորմամբ Դողու Փերինչեքը Շվեյցարիայում դատապարտվել է պայմանական ազատազրկման և տուգանքի:

Փերինչեքը Լոզանի դատարանի վճիռը բողոքարկել էր շվեյցարական դատարանների տարբեր ատյաններ, սակայն արդյունքի չէր հասել:

Դիմելով Եվրոպական դատարան՝ Դողու Փերինչեքը պնդել էր, որ շվեյցարական դատարանները, Հայոց ցեղասպանությունը ժխտելու մասին հրապարակային հայտարարությունների համար իրեն դատապարտելով, խախտել են Եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածով երաշխավորված իր խոսքի ազատությունը:

Եվ ահա, ՄԻԵԴ–ը պաշտպանել է Փերինչեքի արտահայտվելու իրավունքը, ինչը հակասության մեջ է մտնում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող նորմի հետ։

Այս պատմությունն իշխանական քարոզչամեքենան ներկայացնում է որպես մեր բարոյական հաղթանակ, քանզի ՄԻԵԴ–ը պարտվող կողմ է համարում ոչ թե Հայաստանին, որը որպես երրորդ կողմ էր ներգրավված դատական գործընթացում, այլ Շվեյցարիային։

Ստացվում է, որ Հայաստանը «քցող» է, քանզի Շվեյցարիային ու մյուսներին իր «բարոյական հաղթանակով» «մեսիջ» է ուղարկում, որ սրանից հետո տեր չկանգնեն Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման հարցին։

Եթե ոմանց կարծիքով Փերինչեքի հաղթանակը մեզ համար բարոյական հաղթանակին համարժեք բան է, ապա սա «նախաձեռնողականության» հերթական դրսևորումներից է։

Հայ–թուրքական «ֆուտբոլային» դիվանագիտության խայտառակ արդյունքներից հետո էլ հայտարարվեց, թե այդպիսով Հայաստանը բարոյական հաղթանակ տարավ, քանզի աշխարհը տեսավ, որ Թուրքիան է սահմանի փակման պատասխանատուն։ Սա, իհարկե, դեմագոգիա էր ու թույլի ճղճղոց։

«Ֆուտբոլային» դիվանագիտությունը սկսելուց առաջ ՀՀ–ն պաշտոնապես հայտարարել էր, որ իր նպատակը հայ–թուրքական դիվանագիտական հարաբերությունների հաստատումն է և հայ–թուրքական սահմանի բացումը։ Այս նպատակները չիրականացան, և ուրեմն, պաշտոնական Երևանը չիրականացրեց իր ծրագրերը, այսինքն՝ պարտվեց։ Դրանից հետո բարոյական հաղթանակի մասին խոսելն առնվազն անմեղսունակություն է։

Նույնն է նաև Փերինչեքի հայցի ու դրան հաջորդած ՄԻԵԴ որոշման դեպքում։

ՄԻԵԴ որոշումը փաստացի զրոյացնում է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող որոշումների արժեքը։ Սրա՛ մասին է պետք մտածել, այլ ոչ թե հորթային հրճվանքով խոսել «բարոյական հաղթանակի» մասին։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը