Մեկնաբանություն

08.11.2015 10:01


Տարածական Աշոտյանի արկածները Հ1-ում

Տարածական Աշոտյանի արկածները Հ1-ում

Հանրային հեռուստաընկերության ղեկավար Ռուբեն Ջաղինյանը, մի քանի տարի հայոց լեռնաշխարհում հեռուստահաղորդավար էր փնտրում, ոտատակ էր տալիս լեռ ու ձոր, սար ու քարափ, բայց այդպես էլ նրան չէր հաջողվում գտնել մի «տարածական անձնավորության», որը կկարողանար վարել քաղաքական բնույթի հաղորդաշար:

Այնուհանդերձ, հեռուն ման եկավ ու մոտիկ գտավ: Բազմազբաղ, բազմապաշտոն Արմեն Աշոտյանը համաձայնել է վարել «Եռանկյունի» անունով այդ հաղորդաշարը, որը եթեր է հեռարձակվելու ամենշաբաթյա հաճախականությամբ:

ՀՀԿ փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ, ՀՀԿ խորհրդի անդամ, նախարար, Բաղրամյան պողոտայի սկզբնամասի «կենդանի պատի» անդամ Աշոտյանը զարմանում է շատերի զարմանքի վրա, թե ինչու են հենց իրեն ընտրել Հանրայինի նոր հաղորդաշարի վարող եւ ի պատասխան մարդկանց զարմանքի, հայտարարում է, որ ինքը «տարածական անձնավորություն» է (երեւի, Երվանդ Քոչարի տարածական քանդակագործության մուսան ինքն է եղել):

Աշոտյանն արդեն հպարտանում է, որ իր հաղորդմանը մասնակցելու համար հյուրերն արդեն հերթի են կանգնել, հետո` երդվում է, որ բոլորին տալու է

Ի դեպ, նա այս գործը ձրի չի անելու, այլ վարձատրվելու է (դե, իր երեխաների մասնավոր «էլիտար» դպրոցի տարեկան 5 միլիոն դրամ վարձավճարը պետք է մուծի, հասկանում եք):

Ինչեւէ, ՀՀԿ-ական վերնախավի անդամը որոշել է ուժերը փորձել նաեւ այս` «ստեղծագործական ոլորտում» եւ դառնալ հեռուստաաստղ:

Հանրայինում նման հաղորդաշար ունենալու հարցում շահագրգռված էին մի քանի «ընդդիմադիրներ», ովքեր ԱԺ-ում բարձրացրել էին այդ հարցը։ Հետաքրքիր է, նրանք գո՞հ են Հ1-ի այս ընտրությունից:

Այսինքն` նորմա՞լ են համարում, որ քաղաքական բնույթի, բանավեճային ձեւաչափով հաղորդումը վարելու «պատիվը» վստահել են իշխող ուժի ներկայացուցչին:

Առաջարկի հեղինակներն այս կապակցությամբ դեռեւս կարծիք չեն հայտնել: Սակայն, այն, որ իշխող ուժի կարկառուն ներկայացուցիչն է դոզավորում «խոսքի ազատությունը», «այլակարծությունը», «անաչառ ու օբյեկտիվ կարծիքը»` սրանից արդեն սովետի լճացման թվերի գարշահոտություն է փչում: Բայց դե, այդ ամենը այնքան էլ կարեւոր չէ Ջաղինյանին նման հաղորդում պատրաստելու առաջարկով հանդես եկողների համար:

Կարեւորն այն է, որ, ինչպես Աշոտյանն է խոստանում, իր հյուրերին տալու է ամենաանհարմար հարցերը: Նման հարցերից, օրինակ, ամենագլխավորը հետեւյալն է. չե՞ք կարծում, որ Սերժ Սարգսյանը Սահմանադրությունը փոխում է իր եւ մեր իշխանությունը վերարտադրելու նպատակով: Դրանում համոզված է ժողովրդի մեծամասնությունը: Ձեր կարծիքը, խնդրեմ:

Հեռուստադիտողն, ահա, այսպիսի «ամենաանհարմար հարցերի» է սպասում: Բայց Աշոտյանն, արդյոք, եթերից նման հարց կհնչեցնի՞ եւ կխնդրի՞ իր հյուրերին պատասխանել: Ամենամղձավանջային երազում անգամ հնարավոր չէ պատկերացնել, որ Աշոտյանի շուրթերից կարող են դուրս թռչել նմանատիպ «ամենաանհարմար հարցեր»:

Նույն կերպ հնարավոր չէ պատկերացնել, թե Աշոտյանը «սեւ ցուցակ» չունի, ինչպես ինքն է պնդում: Այսինքն` պետք է հավատա՞նք, որ նա իր տաղավար է հրավիրելու նաեւ այն քաղակտիվիստներին, ովքեր ամռանը Բաղրամյան փողոցում գոռում էին` «Աշոտյան ս…»:

Ինչ վերաբերում է «Եռանկյունու» հյուրերին, ապա նրանց կազմն էլ ենթադրելի է: Պարզ է, որ հեռուստաաստղ Աշոտյանն իրար հետեւից հյուընկալելու է Բ26 աճապարած եւ ՀՀԿ ղեկավարին խոնարհված քաղաքական ուժերին եւ գործիչներին: Այսինքն` այն «ընդդիմադիրներին», որոնք բացահայտորեն դավաճանեցին ժողովրդին ու ծախվեցին Սարգսյանին:

«Եռանկյունու» մյուս անկյունն էլ լինելու են Բ26-ի հաստիքային քաղաքագետները, քաղտեխնոլոգները, փորձագետներն ու բոլոր հարցերը քաղաքականացնելուց գրեթե ընկնավորած «քաղաքացիականները»:

Դե, իշխանական գործիչներն էլ կլինեն «Եռանկյունու» երրորդ անկյունը: Ախպերավարի խորաթա կանեն կամ գյալաջի ու… «Մեր հաղորդումը մոտեցավ ավարտին»:

Ահա, այսպիսի «անաչառություն»` ՀՀԿ-ի որակի նշանով:

Կիմա Եղիազարյան

Այս խորագրի վերջին նյութերը