Մեկնաբանություն

10.11.2015 13:13


Ղարաբաղի հարցը լուծվում է Երևանում

Ղարաբաղի հարցը լուծվում է Երևանում

Վերջին շրջանում ակտիվացել են խոսակցությունները Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ։

Տեղական ու արտասահմանյան մամուլը գրում է այն մասին, որ Հայաստանին առաջարկվում է հանձնել Ղարաբաղի ազատագրված շրջաններից հինգը՝ խաղաղության համաձայնագրի, հաղորդուղիների բացման և ԼՂՀ–ի կարգավիճակի ճշտման դիմաց։ Այդ մասին շատ հաճախ գրում է ԵԱՀԿ ամերիկյան համանախագահող Ուորլիքը, իսկ ոչ հրապարակավ խոսում են ռուսները։

Երբ հակասում են անձնական ու պետական շահերը

Երբ Սերժ Սարգսյանը կտրուկ որոշում կայացրեց մտնել Մաքսային միության կազմ, հայտարարվեց, որ դա պայմանավորված էր անվտանգության խնդիրներով։

Պարզից էլ պարզ էր, որ ինքնանվաստացման գնով ու սարսափահար ՄՄ, ապա նաև ԵՏՄ մտնելով անվտանգության հարցը չի լուծվել։ Ճիշտ հակառակը։ Քանզի այսրոպեական ու բացառապես անձնական շահերի վրա հիմնված քաղաքականությունը չի կարող նպաստել պետության անվտանգության մակարդակի բարձրացմանը։

2008–ին հանուն աթոռի նախաձեռնվեց հայ–թուրքական տխրահռչակ «Ֆուտբոլային» դիվանագիտությունը։ Արդյունքում՝ հարված հասցվեց մեր անվտանգությանը։

Իշխանությունները միայն հետո հասկացան, թե ինչ են արել, ու քառատրոփ նետվեցին ՌԴ–ի գիրկը։ Ռուսներն օգտվեցին առիթից և կես դարով երկարաձգեցին ռազմաբազայի ներկայությունը Հայաստանում։

Այս ամենը դաս չեղավ «արևմտամետ» ու «նախաձեռնող» այս իշխանությունների համար։ Նրանք սկսեցին երկրորդ արկածախնդիր գործընթացը՝ համաձայնելով Արևմուտք–Ռուսաստան տիրույթում Հայաստանը դարձնել մանրադրամ և հակառուսական միավոր։ Անունը դրեցին ԵՄ–ի հետ ասոցացում ու սկսեցին «ասոցացվել»՝ դիմացն Արևմուտքից ակնկալելով աջակցություն 2012–ից մեկնարկած համապետական ընտրակեղծիքներին ու վերարտադրությանը։ Արդյունքը եղավ այն, որ Հայաստանն իր ինքնիշխանության հերթական չափաբաժինը զիջեց ՌԴ–ին։

Հիմա արկածախնդրության երրորդ փուլն է։ Սահմանադրական փոփոխություններով փորձ է արվում ցմահ իշխանության հիմքեր ստեղծել։

Բ26–ն այնքան է տրվել Ռուսաստանին, որ առանց Կրեմլի «դաբրոյի» կամ չեզոքության՝ ռիսկ չի անում գլուխ բերել «սահմանադրական» հեղաշրջումը։

Ռուսներն էլ, տեսնելով, որ հայաստանյան իշխանությունները, պատկերավոր ասած, սեփական կամքով հայտնվել են Կրեմլի «պադվալում», կրկին փորձում են օգտվել առիթից և իրենց խնդիրներն են ուզում լուծել՝ փորձելով Ադրբեջանին բերել ԵՏՄ։ Հասկանալի է, որ Հայաստանի հետ այս դեպքում քննարկման առարկա է դառնում Ղարաբաղի հարցը։ Ճիշտ է, այս հարցում ՌԴ–ում դեռ վերջնական որոշում չունեն, բայց եթե տեսնեն, որ պաշտոնական Երևանը «հանձնող» է, ապա կգնան մինչև վերջ։

Դատելով ամենից՝ ՀՀ իշխանությունները ռուսներից «թայմ աութ» են խնդրել, որպեսզի անցկացնեն սահմանադրական փոփոխությունները ու նոր միայն Ղարաբաղի հարցում գնան համաձայնության։ Այսինքն՝ սահմանադրական փոփոխությունների անցկացման գինը միջազգային ասպարեզում դարձել է Ղարաբաղը, ինչը հերթական վտանգավոր հարվածն է մեր պետությանը։

«Մերոնք» հույս ունեն, որ կկարողանան տված խոստումներից հետագայում խուսափել, կամ էլ՝ ձեռքերը լվանալ՝ միակողմանի զիջումների հարցում դեմ տալով նոր Սահմանադրությամբ ձևավորված խորհրդարանին ու Ղարաբաղի իշխանություններին։ Թե ինչ կստացվի իրականում, ոչ մեկը չի կարող ասել, բայց մեկ բան հաստատ է՝ կրկին մտնում ենք ցնցումային զարգացումների փուլ (ինչպես հայ–թուրքականի ու «ասոցացման» ժամանակ), և հայտնի չէ, թե ինչ գնով ենք դուրս գալու այդ փուլից։

Ամեն դեպքում, նկատենք, որ ինչպիսի առաջարկներ էլ դրսից արվեն, միևնույն է, Ղարաբաղի հարցը լուծվելու է Երևանում։

Եթե մենք կարողանանք Հայաստանում իրավիճակ փոխել ու մեր երկիրը կրկին դնել զարգացման ռելսերի վրա, ապա ոչ մի զիջում էլ հնարավոր չի լինի պարտադրել։ Այդ դեպքում Ալիևի հոխորտանքը կմնա որպես հոխորտանք՝ շան հաչոցի պես մի բան։

Իսկ եթե Հայաստանը շարունակի թուլանալ այնպես, ինչպես 2008–ից սկսած, ապա ոչ միայն Ղարաբաղը, այլև ամբողջ Հայաստանը լուրջ վտանգի առաջ կկանգնի։

Ի՞նչ անել

Պետք է մի կարևոր բան հասկանալ՝ «Ղարաբաղ ծախել» ձևակերպումը սխալ է։ Մենք չենք ունեցել, չունենք և չենք ունենա իշխանություն, որը ցանկություն և հնարավորություն կունենա ծախել Ղարաբաղը։

Այլ հարց է, որ եթե դու թուլացնում ես պետությունը ներսից ու դրսից, եթե դու քո անձնական շահն ապահովում ես պետության շահի հաշվին, ապա, ի վերջո, Ղարաբաղն էլ, Հայաստանն էլ հայտնվում են վատ վիճակում, կամ, կոպիտ ասած, ծախվում են։

Այնպես որ, կրկնենք՝ Ղարաբաղի հարցը լուծվում է Երևանում։ Բայց նախ պետք է լուծել իշխանությա՛ն ու ներպետակա՛ն խնդիրները։ Դա Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման կարևորագույն նախապայմանն է։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը