Աշխարհ

11.11.2015 11:26


Կրեմլը հերքել է Պուտինի «դստեր» վերաբերյալ «Reuters»–ի հրապարակումը (լուսանկար)

Կրեմլը հերքել է Պուտինի «դստեր» վերաբերյալ «Reuters»–ի հրապարակումը (լուսանկար)

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հերքել է Վլադիմիր Պուտինի «դստեր» մասին «Reuters»–ի տվյաները։

Ավելի վաղ գործակալությունը գրել էր, որ «Ինոպրակտիկա» նախագծի ղեկավար Կատերինա Տիխոնովան Պուտինի դուստրն է։

Պեսկովը նշել է, որ հրապարակումը չի համապատասխանում իրականությանը՝ շեշտելով, որ հիմնվում է «Գազպրոմբանկի» վարչության նախագահ Անդրեյ Ակիմովի հերքող հաղորդագրության վրա։

«Ես տեղեկատվություն չունեմ Պուտինի դուստրերի մասին. դա չի մտնում իմ ծառայողական պարտականությունների մեջ»,Պեսկովի խոսքերն է մեջբերում «РБК»–ն։

Ակիմովին զարմացրել է «Reuters»–ի այն հրապարակումը, որտեղ ինքը, իբր ասել է, որ «Ինոպրակտիկա» նախագծի ղեկավարը Պուտինի աղջիկն է։

«Ակիմովը նման հայտարարություն չի արել։ Նա զարմացած էր, որ նման ծանրակշիռ ամսագրի լրագրողները ոչ միայն խեղաթյուրել են ասվածը, այլև նենգափոխել փաստերը»–շեշտել են «Գազպրոմբանկից»։

«Reuters»–ի նյութում մեջբերվել են Ակիմովի խոսքերն այն մասին, որ նա ճանաչում է Կատերինա Տիխոնովային մանկուց, և շփվել է նրա հետ վերջին ժամանակներս.

«Ես գիտեի, որ նա Պուտինի դուստրն է»,– Ակիմովի խոսքերն են նշվել հրապարակման մեջ։

Ասվում է նաև՝ Ակիմովը հայտնել է, որ «Գազպրոմբանկի» կողմից «Ինոպրակտիկայի» նախագծերին աջակցելու որոշումն ընդունվել է «անկախ ընտանեկան կապերից»։

Տիխոնովայի ամուսնուն էլ՝ Կիրիլ Շամալովին, «Reuters»–ը համարել է Պուտինի հին ընկերոջ՝ Նիկոլայ Շամալովի որդին, որը նաև «Ռոսսիա» բանկի բաժնետերերից է։

Դրանից հետո «Reuters»–ի լրագրողները հարցում են ուղարկել Պեսկովին՝ խնդրելով հաստատել՝ Պուտինի դո՞ւստրն է արդյոք Կատերինա Տիխոնովան։

«Մենք որևէ տեղեկատվություն չունենք տիկին Տիխոնովայի անձնական կյանքի, ընտանեկան կապերի, ընտանեկան դրության, ակադեմիական գործունեության և տոհմաբանության մասին»,–պատասխանել են Կրեմլից։

Նշենք, որ Կատերինա Վլադիմիրովնա Տիխոնովան զբաղվում է ակրոբատիկ ռոք–ն–ռոլով. այդ սպորտաձևի համաշխարհային կոնֆեդերացիայի փոխնախագահն է։

7or.am


Այս խորագրի վերջին նյութերը