Լրահոս

09.12.2015 17:00


Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը

Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գեորգ Բրուտյանը

Կյանքի 89-րդ տարում իր մահկանացուն կնքեց փիլիսոփայական գիտությունների դոկտոր,պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, Փիլիսոփայության միջազգային ակադեմիայի նախագահ, Հայոց փիլիսոփայական ակադեմիայի նախագահ, Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի Մետափիլիսոփայության, փոխակերպական տրամաբանության ևփաստարկման միջազգային գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Գեորգ Աբելի Բրուտյանը:

Անուրանալի է Գեորգ Բրուտյանի ավանդը գիտության և կրթության գործի կազմակերպման բնագավառում: Նա հիմնադրել և ղեկավարել է մի շարք առաջատար ամբիոններ և գիտական կազմակերպություններ: Նա մեծ դեր է խաղացել ԵՊՀ փիլիսոփայության և սոցիոլոգիայի ֆակուլտետի ստեղծման ու կայացման գործում:

Գեորգ Բրուտյանը հեղինակ է աշխարհի 20 լեզուներով հրատարակված ու թարգմանված շուրջ 70 մենագրությունների, գրքերի ու դասագրքերի, ավելի քան 200 գիտական հոդվածների:

Գեորգ Բրուտյանը մի շարք գիտական ուղղությունների և մեթոդաբանական սկզբունքների հեղինակ է, որոնք համաշխարհային գիտության մեջ նրա անունով են կոչվում: Համաշխարհային լայնճանաչում ունեն փաստարկման տեսության բրուտյանական հայեցակարգը և նրա հիմնադրած Փաստարկման երևանյան դպրոցը: Մեծ է Գեորգ Բրուտյանի ներդրումը հայ փիլիսոփայական մտքի հիմնահարցերի և հայագիտության մեթոդաբանական սկզբունքների մշակման բնագավառում:

Գեորգ Բրուտյանը համաշխարհային գիտական ակադեմիայի ցկյանս անդամ էր (ՄեծԲրիտանիա, 1990), Լոնդոնի դիվանագիտական ակադեմիայի հիմնադիր անդամ (Մեծ Բրիտանիա, 2000): Նա պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով, Ամերիկյան կենսագրական ինստիտուտի Պատվո մեդալով, Կոմենսկու անվան մեդալով (Սլովակիա), «Պատվո նշան» առաջին կարգի մեդալով (Չեխոսլովակիա), Վավիլովի անվան մեդալով։ 1966 թվականին արժանացել է Մեծ Մաստերտոնի (Նոր Զելանդիա) պատվավոր քաղաքացու կոչման։ 1970 թվականին պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար` ի նշանավորումն Լենինի ծննդյան 100-ամյակի» մեդալով։ 1993 թվականին Կենսագրական միջազգային կենտրոնի (Քեմբրիջ, Անգլիա) կողմից անվանվել է «Համաշխարհային մտավորական, 1993 թվական»:

Մեծ գիտնականի, մանկավարժի և քաղաքացու անունը ոսկե տառերով է գրվել հայ և համաշխարհային գիտության պատմության մեջ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան եւ գիտական հասարակայնությունը սգում է մեծ գիտնականի մահը ցավակցում Գեորգ Բրուտյանի հարազատներին եւ մտերիմներին:

Գեորգ Բրուտյանի քաղաքացիական հոգեհանգիստը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին, Սուրբ Հովհաննես (Կոնդ) եկեղեցում, հուղարկավորությունը տեղի կունենա դեկտեմբերի 11-ին`ժամը 14:00-ին, ՀՀ ԳԱԱ-ի նախագահությունից:

ՀՀ ԳԱԱ Տեղեկատվական-վերլուծական կենտրոն

09.12.2015թ.

Այս խորագրի վերջին նյութերը