Աշխարհ

11.12.2015 10:35


Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը (տեսանյութ)

Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման արարողությունը (տեսանյութ)

Նախօրեին Ստոկհոլմում կայացել է Նոբելյան մրցանակների հանձնման հանդիսավոր արարողությունը։

Ստոկհոլմյան ֆիլհարմոնիայի դահլիճում բժշկության, ֆիզիկայի, քիմիայի, գրականության և տնտեսության ոլորտներում հաղթողներին 2015թ. Նոբելյան մրցանակները հանձնել է Շվեդիայի թագավոր Կառլ XVI Գուստավը։

«ՏԱՍՍ»–ի փոխանցմամբ՝ Նոբելյան հիմնադրամի վարչության նախագահ Կառլ Հենրիկ Հելդինը հանդիսավոր արարողության բացման ժամանակ շեշտել է՝ մրցանակի հիմնադիր Ալֆրեդ Նոբելի նպատակն էր պարգևատրել նրանց, ովքեր մարդկությանն ամենամեծ օգուտն են բերել։

«Հետազոտությունները կարող են շատ խնդիրներ լուծել և դարձնել աշխարհն ավելի լավը»,–ասել է Հելդինը։

Ֆիզիոլոգիայի և բժշկության ոլորտում Նոբելյան մրցանակի են արժանացել Ուիլյամ Քեմփբելլը (ԱՄՆ) և Սաթոսի Օմուրան (Ճապոնիա) «մակաբույծ որդերի հարուցած վարակների դեմ նոր թերապիա մշակելու համար», ինչպես նաև Տու Յույուին (Չինաստան)՝ «նոր հակամալարիական թերապիա մշակելու» համար։

Ֆիզիկայի ոլորտի դափնեկիրներն են Տակաակի Կաձիտան (Ճապոնիա) և Արթուր Մաքդոնալդը (Կանադա), որոնք բացահայտել են «նեյտրինոյի տատանումները, ինչը վկայում է դրանցում զանգվածի առկայության մասին»։

Քիմիայի ոլորտում «ԴՆԹ–ի ռեպարացիոն մեխանիզմը հետազոտելու համար» մրցանակը հանձնվել է Թոմաս Լինդալին (Մեծ Բրիտանիա), Փոլ Մոդրիչին և Ազիզ Սանքարին (ԱՄՆ)։

Գրականության ոլորտում Նոբելյան դափնեկիր է ճանաչվել բելառուս գրող Սվետլանա Ալեքսիևիչը «բազմաձայն ստեղծագործության համար, որը մեր ժամանակների տառապանքների ու քաջության «հուշարձանն է»»։

Անգուս Դիթոնը (Մեծ Բրիտանիա, ԱՄՆ) Շվեդիայի պետական բանկի կողմից արժանացել է Ալֆրեդ Նոբելի անվան մրցանակին «սպառման, աղքատության և բարեկեցության վերլուծության» համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը